Հայաստան-Ղազախստան․ Մելիքյանի նոր փորձությունը․ արդյունքը կարևոր չէ, հաղթանակը՝ ցանկալի
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը հունիսի 6-ին Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում ընկերական հանդիպում կանցկացնի Ղազախստանի ընտրանու հետ։ Խաղի մեկնարկը նախատեսված է ժամը 18:00-ին։
Այս հանդիպումը լինելու է Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմի հերթական փորձությունը՝ աշնանը կայանալիք պաշտոնական հանդիպումներից առաջ։ Հայաստանի հավաքականը շարունակում է սերնդափոխության գործընթացը, և գլխավոր մարզիչը բազմիցս ընդգծել է, որ այս փուլում առաջնահերթը ոչ թե արդյունքն է, այլ թիմի կայացումը։
«Ղազախստանի դեմ խաղում մեզ համար արդյունքն առաջնահերթ չէ։ Մեզ համբերատար աշխատանք է պետք, որպեսզի թիմը սկսի արդյունքներ ցույց տալ։ Այս հանդիպումները հնարավորություն են հասկանալու մեր սխալներն ու պատրաստվելու պաշտոնական խաղերին»,- նախախաղային մամուլի ասուլիսում նշել է Մելիքյանը։
Մարզչի խոսքով՝ Ղազախստանի հավաքականը վերջին տարիներին զգալիորեն ուժեղացել է և կարող է այնպիսի խնդիրներ ստեղծել, որոնց Հայաստանի ընտրանին կհանդիպի նաև աշնանային մրցաշարերում։
Հայաստանի ազգային հավաքականի դարպասապահ Օգնյեն Չանչարևիչը ևս վստահեցրել է, որ թիմը լիովին պատրաստ է առաջիկա հանդիպմանը։
«Թիմում շատ դրական մթնոլորտ է տիրում։ Բոլորս կենտրոնացած ենք նախապատրաստական աշխատանքի վրա և պատրաստ ենք վաղվա խաղին»,- ասել է փորձառու դարպասապահը։
Վիճակագրությունը, սակայն, Հայաստանի օգտին չէ։ Ազգային հավաքականը վերջին հինգ հանդիպումներում միայն պարտություններ է կրել։ Աշխարհի առաջնության ընտրական փուլում հայ ֆուտբոլիստները զբաղեցրել են վերջին տեղը խմբում՝ վեց խաղում վաստակելով ընդամենը երեք միավոր, խփելով երեք և բաց թողնելով 19 գոլ։ Վերջին հանդիպման ընթացքում Հայաստանի հավաքականը սեփական հարկի տակ 1։2 հաշվով զիջել էր Բելառուսին։
Ղազախստանի հավաքականը նույնպես չի կարող հաջողված համարել իր ընտրական փուլը, սակայն վերջին ամիսներին ավելի կայուն արդյունքներ է գրանցել։ Ղազախները վերջին վեց խաղերում կրել են միայն մեկ պարտություն։ Նրանք հաղթել են Լիխտենշտեյնին, Նամիբիային և Կոմորյան կղզիներին, ինչպես նաև ոչ-ոքի են ավարտել Բելգիայի և Հյուսիսային Մակեդոնիայի հետ հանդիպումները։
ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում երկու հավաքականները գրեթե հավասար դիրքերում են. Հայաստանը զբաղեցնում է 106-րդ, իսկ Ղազախստանը՝ 110-րդ հորիզոնականը, ինչը ևս վկայում է թիմերի մոտավոր հավասար ուժերի մասին։
Հանդիպումը կսպասարկի Կիպրոսը ներկայացնող մրցավարական անձնակազմը։ Գլխավոր մրցավարն է Կիրիակոս Աթանասիուն, օգնականները՝ Մարիոս Կալոգիրուն և Կիրիակոս Սոկրատուսը, իսկ չորրորդ պաշտոնյան կլինի Յուրա Մահտեսյանը։
Թեև հանդիպումն ընկերական բնույթ է կրում, այն կարևոր նշանակություն ունի երկու թիմերի համար։ Հայաստանի հավաքականը կփորձի ընդհատել պարտությունների շարքը և նոր էջ բացել Եղիշե Մելիքյանի գլխավորությամբ, իսկ Ղազախստանը՝ շարունակել վերջին ամիսներին ձևավորված դրական ընթացքը։

