«Դժվար ապրուստ». գներն աճում են, աշխատավարձի աճը՝ դանդաղում

Մինչ Նիկոլ Փաշինյանը փորձում է քաղաքացիներին համոզել, որ սկսել են շատ ավելի լավ ապրել, քան նախկինում էին ապրում, որովհետև աշխատավարձերը գնաճից անգամներով ավելի բարձր տեմպերով են աճում, վերջին շրջանում իրավիճակն արագորեն փոխվում է. Գնաճը Հայաստանում գնալով ակտիվանում է, իսկ աշխատավարձերի աճի տեմպը՝ ընկնում։ Մտնում ենք ակտիվ գնաճային միջավայր, որն ուղեկցվում է աշխատավարձերի աճի տեմպի դանդաղումով ու սոցիալական լարվածության խորացմամբ։

Թեև մեկ-երկու տարի առաջ էլ, երբ պաշտոնապես Հայաստանում գնաճ գրեթե չկար, իսկ աշխատավարձերը բարձր տեմպերով աճում էին, սոցիալական իրավիճակը երկրում շարունակում էր լարվել։ Այդպես էր, որովհետև մի կողմից՝ միջին աշխատավարձի ցուցանիշներն աճում էին, բայց քաղաքացիների մեծ մասն անմասն էր մնում աշխատավարձերի բարձրացումից, մյուս կողմից՝ անգամ չեղած գնաճի պայմաններում, կյանքը Հայաստանում արագորեն թանկանում էր։ Դրա հետևանքով՝ ոչ միայն քաղաքացիների մեծ մասն աղքատանում էր, այլև տեղի էր ունենում բնակչության սոցիալական բևեռացման ակտիվ խորացում։ Եվ դա այն պայմաններում, երբ պաշտոնական գնաճը Հայաստանում զրոյին մոտ էր։

Այս տարվա սկզբին պաշտոնական գնաճն էլ է սկսել ակտիվանալ։ Անցած տարվա դեկտեմբերին տասներկուամսյա գնաճը 1,5 տոկոս էր։ Այս հունվարին կազմեց 1,7 տոկոս, իսկ արդեն փետրվարին մոտացավ 2,5 տոկոսին։ Փետրվարի գնաճը Կենտրոնական բանկի նախանշած թիրախի ներքին սահմանից նույնիսկ բարձր է։

Հիշեցնենք, որ վերջին փոփոխություններից հետո գնաճի թիրախ է սահմանվել 2-4 տոկոս միջակայքը։ Բայց հասկանալի է, որ դա շատ հեռու է այն իրական ազդեցությունից, որը սովորաբար գնաճի հետևանքով քաղաքացիները կրում են իրենց վրա։ Այդ ազդեցությունն արտահայտվում է հատկապես այն ապրանքների ու ծառայությունների գների փոփոխությունների միջոցով, որոնք առավել մեծ կշիռ ունեն քաղաքացիների սպառողական զամբյուղում։ Ինչպես միշտ, թանկացումները հիմնականում տեղի են ունենում այդ շուկաներում, որն էլ առաջնային կրում են քաղաքացիները։

Կարդացեք նաև

Գնաճի արագացում է տեղի ունենցել հատկապես սննդամթերքի և, այսպես կոչված՝ ոչ ալկոհոլային խմիչքների խմբում։ Փետրվարին այն հասել է 4,5 տոկոսի, նախորդ 2 ամսվա համեմատ արագանալով 2,5 տոկոսային կետով։

Նախորդ տարվա նկատմամբ սննդամթերքի բազմաթիվ տեսակներ թանկացել են, երբեմն՝ շատ կտրուկ։ Ու դրանք հիմնականում այն ապրանքներն են, որոնք քաղաքացիներն առավել հաճախ են օգտագործում։ Խոսքն առաջին հերթին գյուղմթերքների մասին է։

Բանջարեղենի գնաճը փետրվարին գերազանցել է 20 տոկոսը, ձուկն ու ձկնամթերքը թանկացել են ավելի քան 16 տոկոսով, սուրճը՝ 17 տոկոսով, յուղերն ու ճարպերը՝ 13 տոկոսով, մրգերը՝ 6,1 տոկոսով։ Այս բոլոր ապրանքախմբերում նախորդ ամսվա համեմատ գնաճն ակտիվացել է։ Բանջարեղենի առանձին տեսակների գների տարբերությունը նախորդ տարվա համեմատ 30-40 տոկոսով բարձր է։ Խառը կանաչու գնաճը կազմել է ավելի քան 41 տոկոս, կարտոֆիլը նախորդ տարվանից թանկ է եղել 39,4 տոկոսով, կանաչ լոբին՝ գրեթե 43 տոկոսով, վարունգը՝ 33 տոկոսով, պղպեղը՝ շուրջ 25 տոկոսով, սմբուկը՝ 13,8 տոկոսով, սխտորը՝ 12,9 տոկոսով, ծաղկակաղամբը՝ 13,6 տոկոսով, ճակնդեղը՝ 10,2 տոկոսով։ Համեմատաբար քիչ է թանկացել լոլիկը, որի գնաճը կազմել է 5,1 տոկոս։

Մրգերից ամենաշատը թանկացել են նարինջը՝ գրեթե 26 տոկոս, մանդարինը՝ 31 տոկոս, ելակը՝ 15 տոկոս։ Խնձորի գնաճը կազմել է՝ 5,5, իսկ նռանը՝ 7,3 տոկոս։ Յուղերի երկնիշ գնաճ է գրանցվել՝ կարագը թանկացել է՝ 13,4, իսկ արևածաղկի բուսական յուղը՝ 15,4 տոկոսով։ Առողջապահական, տրանսպորտային, կրթական ծառայությունների գներն են երկնիշ բարձրացել։ Ոչ պարենային ապրանքներից կտրուկ թանկացել է ոսկին։ Ոսկու գնաճը մեկ տարվա ընթացքում գերազանցել է 19 տոկոսը։ Թանկացումների շղթան երկար է, որը, սակայն, իշխանությունները խուսափում են տեսնել։

Սիրում են բերել միջին գնաճի ցուցանիշները՝ թաքցնելու գնաճի ու թանկացումների իրական ազդեցությունը։ Բայց դրանից, քաղաքացիների կյանքում բան չի փոխվում։

Քաղաքացիները, բնականաբար, գնաճի մասին պաշտոնական ցուցանիշներով չեն դատում։ Չնայած պաշտոնական ցուցանիշներն էլ վկայում են, որ տեղի է ունենում գնաճի ակտիվացում, ինչը մեծացնում է ճնշումը քաղաքացիների գրպանի վրա։ Հատկապես որ, այդ գրպանի պարունակությունն էլ, նույն պաշտոնական տվյալներով, սկսել է անհամեմատ դանդաղ ավելանալ։ Խիստ բևեռացումով հանդերձ, կրճատվել է միջին աշխատավարձի աճի տեմպը։ Տարեսկզբին միջին աշխատավարձն աճել է ընդամենը 4,2 տոկոսով։ Տեղի է ունեցել աշխատավարձի աճի տեմպի դանդաղում։

Ընդ որում՝ տնտեսության մեջ զբաղվածների պարագայում միջին աշխատավարձի աճը տարեսկզբին նույնիսկ ավելի քիչ է եղել՝ հազիվ 3,6 տոկոսով, ինչն ուղիղ կապ ունի տնտեսական իրավիճակի վատացման ու ձևավորվող եկամուտների կրճատման հետ։

Սպասվում է, որ առաջիկայում այս միտումը դեռ կշարունակի խորանալ։ Ավելին՝ չի բացառվում, որ տնտեսական իրավիճակի վատացմանը զուգահեռ՝ առանձին ոլորտներում նույնիսկ աշխատավարձի անկում գրանցվի։ Բայց եթե նույնիսկ անկում էլ չգրանցվի, Հայաստանում վերջին տարիներին համատարած ձևավորված բարձր գներն ու ապրելու պայմանների թանկացումը բավական է, որպեսզի սոցիալական իրավիճակը շարունակի վատանալ։ Հատկապես որ, սոցիալական իրավիճակը շատ դեպքերում բացարձակ կապ չունի աշխատավարձերի հետ։

Հայաստանում մեծ թիվ են կազմում այն քաղաքացիները, որոնց եկամուտներն աշխատավարձերով չեն պայմանավորված։ Այդ քաղաքացիներն ապրում են սոցիալական եկամուտների հաշվին, որոնք անգամ համատարած թանկացումների պայմաններում, միշտ չէ, որ իշխանությունները բարեհաճում են ավելացնել։ Եկամուտները չեն ավելացնում, փոխարենը՝ սովոր են հարկերի բարձրացումով անընդհատ ծանրացնել բեռը։

Վերջին շրջանում նկատվող գնաճային ակտիվացումն էլ այդ քաղաքականության հետևանք է։ Հարկային բեռի զանգվածային բարձրացումները բերել են նրան, որ բազմահազար քաղաքացիներ գնալով կորցնում են գնողունակությունն ու հայտնվում սոցիալական ավելի վատ պայմաններում, քան գտնվում էին 1 տարի, 2 տարի, անգամ 7 տարի առաջ։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս