Վերջին ամիսներին, ընտրողներին սիրաշահելու համար, քաղաքական իշխանությունը համատարած օգնություններ է բաժանում բյուջեի հաշվին։ Բայց ընտրություններից առաջ սոցիալական իրավիճակը Հայաստանում վատանում է։ Աշխատավարձերի աճն էապես դանդաղել է, փոխարենը՝ գնաճն է մեծապես ակտիվացել։
Արածի ու չարածի, ձախողումների ու բերած աղետների համար պատասխան տալու, հաշվետու լինելու փոխարեն՝ Նիկոլ Փաշինյանը կրկին սպառնում է ժողովրդին։ Ինչպես ժամանակին սպառնում էր, որ եթե ինքը չլինի վարչապետ, Հայաստանը վարչապետ չի ունենա, այնպես էլ հիմա է սպառնում, որ եթե ՔՊ-ն չլինի իշխանություն, պատերազմ է լինելու։
Ցուցանիշները, որոնք իշխանությունները շատ հաճախ մատուցում են աշխատավարձերի ու հատկապես աշխատավարձերի աճերի տեսքով, իրականում քիչ կապ ունեն այն գումարների հետ, որոնք քաղաքացիներն առձեռն ստանում են։ Փաստացի քաղաքացիները շատ ավելի քիչ են ստանում, քան պաշտոնապես ներկայացվում է՝ որպես միջին աշխատավարձ։
Ժամանակին պարծենում էին բյուջեի եկամուտների բարձր կատարողականներով, ստվերի կրճատմամբ։ Վերջին տարիների ցուցանիշները գալիս են ապացուցելու, որ տնտեսության մեջ հարկերի հավաքման մակարդակը շարունակում է շատ ցածր մնալ։ Երբեմն-երբեմն նույնիսկ նվազում է. Այդպես եղավ 2022թ., այդպես էր նաև անցած տարի։
Հայաստանում մեծ թիվ են կազմում այն քաղաքացիները, որոնց եկամուտներն աշխատավարձերով չեն պայմանավորված։ Այդ քաղաքացիներն ապրում են սոցիալական եկամուտների հաշվին, որոնք անգամ համատարած թանկացումների պայմաններում, միշտ չէ, որ իշխանությունները բարեհաճում են ավելացնել։ Եկամուտները չեն ավելացնում, փոխարենը՝ սովոր են հարկերի բարձրացումով անընդհատ ծանրացնել բեռը։