«Փորձում են Հայաստանին զրկել թեկուզ «ծակ» հովանոցից. Փաշինյանը գնում է կործանարար զիջումների». Կարեն Վրթանեսյան

Հայաստանն ու Ադրբեջանը պաշտոնապես հայտարարել են, որ ավարտվել են «խաղաղության պայմանագրի» շուրջ եղած բանակցությունները և համաձայնեցվել են բոլոր 17 կետերը։ Համաձայնեցված վերջին 2 կետերից 1-ը վերաբերում է հայ-ադրբեջանական սահմանից երրորդ երկրների ուժերը հանելու պահանջին, որն առաջ է քաշել Ադրբեջանը, իսկ ՀՀ իշխանությունը բավարարել է։ Մինչ Նիկոլ Փաշինյանը խոսում է պայմանագրի ստորագրման վայրի, տեղի շուրջ հնարավոր բանակցությունների մասին, Ալիևը նոր պահանջներ է առաջ քաշում՝ փոխել ՀՀ Սահմանադրությունը և Ադրբեջանին հանձնել «ռազմական հանցագործներին», մարդկանց, որոնք մասնակցել են Արցախի ազատագրական պայքարին։

Հայ-ադրբեջանական սահմանից ԵՄ դիտորդներին հանելուց հետո որքանո՞վ է իրատեսական, որ ՀՀ իշխանությունը հայ-թուրքական սահմանից չի հեռացնի նաև ռուս սահմանապահներին՝ հանելով նաև 102-րդ ռուսական ռազմաբազան։

Խոսելով այս հարցի շուրջ՝ ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը նախ ասաց, թե ինքը խուսափում է Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների մատնանշած համաձայնագիրն անվանել «խաղաղության պայմանագիր կամ համաձայնագիր»։

«Հայաստանում մերձիշխանական լրատվամիջոցները և իշխանության ներկայացուցիչները մի քանի օր է՝ խուսափում են «պայմանագիր» բառից, սկսել են օգտագործել «համաձայնագիր» բառը։ Համաձայնագիրը միշտ չէ, որ նույն բանն է, ինչ պայմանագիրը։ Այսինքն՝ հասկանանք, որ այստեղ արդեն մի բան այն չէ։

Կարդացեք նաև

Երկրորդը՝ Ադրբեջանը դրանից հետո առաջ է քաշել նոր պահանջներ, և այնպես չէ, որ իրենք պատրաստվում են այս եղած, իբր համաձայնեցրած թուղթը ստորագրել։ Իրենք շարունակում են սպառնալիքներով ուղեկցվող նորանոր պահանջներ առաջ քաշել։ Այնպես որ՝ քննարկել հարցը, թե հաջորդիվ ի՞նչ են պահանջելու Հայաստանից՝ անիմաստ է, որովհետև Նիկոլ Փաշինյանը պատրաստ է հանձնել ամեն ինչ, ժողովրդին աստիճանաբար դրան պատրաստելով՝ գնում է  կործանարար զիջումների»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Կարեն Վրթանեսյանը։

Նրա դիտարկմամբ՝ երրորդ երկրի ուժի ցանկացած ներկայություն՝ լավ կամ վատ, բայց ինչ-որ երաշխավորի ներկայությունը բացառելն իրականում Ադրբեջանի կողմից Հայաստանին անզեն, անպաշտպան թողնելու միտումն է։

«ՀՀ իշխանությունն այնպիսի ապօրինի զիջումների է գնում, որ կարծում եմ՝ որևէ երրորդ երկիր չի էլ ցանկանում մտնել այդ պատասխանատվության տակ։ Դրա համար փորձում են բացառել երրորդ կողմի ցանկացած ներգրավվածություն, որը կարող է ինչ-որ կերպ բացառել Ադրբեջանի արածները։

Ամեն դեպքում Հայաստանին զրկում են որևէ դաշնակից ունենալու հնարավորությունից, կապ չունի՝ որ երկրի մասին է խոսքը։ Այստեղ հարցը միայն Ռուսաստանին չի վերաբերում, օրինակ, նույն Ֆրանսիայի ինչ-որ մասնակցությունը, որի արդյունավետությունը դեռևս հարց է, եթե խոսենք Հայաստանի, այլ ոչ թե Նիկոլ Փաշինյանի շահերի մասին, Ադրբեջանի մոտ ջղաձգումներ է առաջացնում, հիստերիկ արձագանքներ։ Ամեն դեպքում փորձում են Հայաստանին զրկել թեկուզ «ծակ» հովանոցից»,- հավելեց փորձագետը։

Ինչ վերաբերում է երեկ Ադրբեջանի կողմից մեկ օրում 3 ապատեղեկատվություն տարածելուն, թե հայկական կողմը սահմանին դիմել է սադրանքի, Կարեն Վրթանեսյանն ասաց՝ դժվար է մեկնաբանել նրանց հայտարարություններն իրենց բովանդակությամբ, սակայն մեկ բան ակնհայտ է, որ Ադրբեջանը փորձելու է առավելագույնս «քամել Հայաստանին»։

«Ադրբեջանի պահանջներին որևէ սահմանագիծ չկա, այսինքն՝ որքան զիջեն, այնքան պահանջելու է։ Չեմ էլ կարծում, որ Ադրբեջանը պատրաստվում է ստանձնել որևէ պարտավորություն՝ թեկուզ որևէ թուղթ ստորագրելով»,- ընդգծեց Կարեն Վրթանեսյանը։

Տեսանյութեր

Լրահոս