Թրամփի վարչակազմը, ինչպես Ուկրաինայում, այնպես էլ Հարավային Կովկասում չի առճակատվելու Ռուսաստանի հետ․ վերլուծաբան

Վերջին շաբաթների ընթացքում Եվրոպական միությունը սկսել է ակտիվորեն վերանայել Եվրոպայում անվտանգային քաղաքականությունը՝ փորձելով անվտանգության նոր մոդելներ մշակել՝ անկախ Ամերիկայի Միացյալ Նահանգներից և ՆԱՏՕ-ից։

Նախօրեին Բրյուսելում կայացավ ԵՄ արտակարգ գագաթնաժողովը, որի օրակարգում էր Կիևին աջակցության հարցը, ինչպես նաև Եվրոպայի վերազինման մասին ծրագիրը։ Գագաթնաժողովից հետո պարզ դարձավ, որ ԵՄ-ն, բացառությամբ մեկ երկրի՝ Հունգարիայի, որը ձեռնպահ է մնացել, պատրաստ է ավելացնել Ուկրաինային օգնությունը և լիովին աջակցել նրան «ուժի միջոցով խաղաղություն» տանող ճանապարհին։

ԵՄ անդամ երկրների ղեկավարները Բրյուսելում տեղի ունեցած գագաթնաժողովի ընթացքում համաձայնեցրել են Եվրոպայի վերազինման ծրագիրը՝ 800 մլրդ եվրո արժողությամբ, որն առաջարկել է Եվրահանձնաժողովը։ Մարտի 4-ին Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտարարել էր, որ ԵՄ անդամ երկրների ղեկավարներին առաջարկել է ԵՄ վերազինման ծրագիր՝ ReArm Europe՝ ընդհանուր 800 մլրդ եվրո արժողությամբ։

Այս առաջարկը ենթադրում է ԵՄ անդամ երկրների կողմից մինչև 150 մլրդ դոլարի վարկառություն։ Եվրահանձնաժողովն այդ գումարները կվերցնի կապիտալի շուկաներից, իսկ հետո դրանք վարկով կտա պետություններին՝ պայմանով, որ նրանք միասնաբար զենք կգնեն Եվրոպայում։ Այդ միջոցները կուղղվեն նաև ԵՄ-ում ՀՕՊ համակարգերի և Ուկրաինայի համար նախատեսված զենքի արտադրությանը:

Կարդացեք նաև

ԵՄ գագաթնաժողովը հայտարարել է, որ Եվրոպան պետք է ինքնավար կերպով պատասխանի բոլոր կողմերից անվտանգությանն ուղղված մարտահրավերներին։ ԵՄ ղեկավարները որոշում են ընդունել Եվրոպական ներդրումային բանկը վերակողմնորոշել ռազմական ծրագրերի ֆինանսավորման ուղղությամբ։ ԵՄ ղեկավարները հավանություն չեն տվել Եվրահանձնաժողովի առաջարկին՝ միության երկրներին պաշտպանական նպատակներով մինչև 150 մլրդ եվրո վարկ տրամադրելու վերաբերյալ։

«Եվրոպան Ուկրաինայի համար մշակել է հակաօդային պաշտպանության ծրագիր, որը կոչվում է Sky Shield՝ «Երկնային վահան», որը կարող է կասեցնել ռուսական հրթիռային հարձակումները: 120 կործանիչներից բաղկացած եվրոպական օդուժը կարող է տեղակայվել Կիևի և Արևմտյան Ուկրաինայի երկինքը ռուսական հարվածներից պաշտպանելու համար»,- գրում է The Guardian-ը։

Երկար ժամանակ քննարկվող այս նախագիծը վերջին օրերին կրկին հայտնվել է ակտիվ օրակարգում։ Միացյալ Թագավորության ռազմաօդային ուժերի և Ուկրաինայի զինված ուժերի կողմից մշակված ծրագրի համաձայն, կարող է 120 կործանիչից բաղկացած եվրոպական  օդուժ տեղակայվել՝ պաշտպանելու երկինքը Կիևի և Արևմտյան Ուկրաինայի վրա ռուսական հարձակումներից՝ առանց Մոսկվայի հետ ավելի լայն հակամարտություն հրահրելու  անհրաժեշտության:

Ծրագրի պլանավորողներն ասում են, որ Sky Shield-ը կլինի Եվրոպայի կողմից ղեկավարվող «օդային պաշտպանության գոտի», որը կգործի ՆԱՏՕ-ից առանձին՝ «կանգնեցնելու ռուսական թևավոր հրթիռներով և անօդաչու թռչող սարքերի հարձակումները քաղաքների և ենթակառուցվածքների վրա, որը կարող է գործել որպես այս շաբաթ Զելենսկու կողմից առաջարկված «հրադադար երկնքում» պրոյեկտի մաս։

Լիտվայի նախկին արտգործնախարար Գաբրիելիուս Լանդսբերգիսը հայտարարել է, որ «վահանի» իրականացումը կդառնա եվրոպական անվտանգության համակարգի կարևոր բաղադրիչ, որը կերաշխավորի Ուկրաինայի անվտանգությունը։ ԵՄ անվտանգային ազդեցիկ բաղադրիչ չունեցող կազմակերպություն է, սակայն ԱՄՆ նոր վարչակազմի մոտեցումն Ուկրաինայի և եվրոպական մայրցամաքում անվտանգության ապահովման հարցում եվրոպական երկրների ղեկավարներին մղում է ԱՄՆ-ից ու ՆԱՏՕ-ից անկախ պատասխանատվություն ստանձնել սեփական անվտանգության համար, ինչպես նաև հնարավորինս շարունակել հավաքական Արևմուտքի նախկին քաղաքականությունն առանց ԱՄՆ-ի։

Հավաքական Արևմուտքում տեղի ունեցող այս դրամատիկ գործընթացներն առնչվում են նաև Հայաստանի Հանրապետությանը, որը վերջին տարիներին, հայտարարելով արտաքին քաղաքականությունում բալանսավորման քաղաքականության մասին, իրականում արտաքին քաղաքական շրջադարձ է անում դեպի Արևմուտք, փորձում սերտ քաղաքական և տնտեսական համագործակցություն հաստատել ԱՄՆ-ի ու ԵՄ-ի հետ, բացում է ԵՄ անդամակցության թեման։ Թեև ԵՄ անդամակցության թեման ներկայումս այդքան էլ կարծես չի գրավում Բրյուսելին, սակայն Ռուսաստանի հետ գլոբալ առճակատման ֆոնին ԵՄ-ն ներկայություն ստացավ ՀՀ-ում դիտորդական առաքելության տեսքով, նոր գումարներ փորձեց հատկացնել, ԱՄՆ նախկին վարչակազմը Հայաստանի հետ կապված ջանքերը համադրել էր ԵՄ-ի հետ։ Իսկ ներկայումս ԱՄՆ-ը կտրուկ փոխում է իր արտաքին քաղաքական գործելակերպը, և այս պահին հայտնի էլ չէ, թե Հայաստանի ուղղությամբ ԱՄՆ նոր վարչակազմի քաղաքականությունն ու հետաքրքրությունը որքան կլինի և արդյո՞ ք կհամապատասխանի Բայդենի վարչակազմի վերջին օրերի ընթացքում ստորագրված Ռազմավարական գործընկերության հանձնաժողովի խարտիային։

168.am-ի հետ զրույցում վրացի քաղաքական վերլուծաբան Իրակլի Մենաղարիշվիլիի խոսքով՝  ԵՄ-ին և եվրոպական երկրներին մաս չկազմող երկրներին այլ բան չի մնում անել, քան վերանայել սեփական հնարավորությունները՝ դրանք ներդնելով սեփական անվտանգության ապահովման գործին։

Նրա խոսքով, այս հարցի շուրջ կարծիքները Եվրոպայում տարբեր են, այդ գործառույթի համար կա ՆԱՏՕ-ն։

«Սակայն, ինչպես ներկայումս տեսնում ենք, ԱՄՆ-ի ու Եվրոպայի մոտեցումներում լուրջ տարաձայնություններ կան, ընկալումների տարբերություն կա, թե ինչպես պետք է ապահովել այդ անվտանգությունը։ Ուստի ԱՄՆ-ը, որը նաև ՆԱՏՕ-ի անդամ է, չի ցանկանում պատերազմի շարունակության համար ֆինանսներ ներդնել և նախընտրում է գործարքը Պուտինի հետ, որի համար Ուկրաինան ամենայն հավանականությամբ պետք է անի զիջումներ։

Եվրոպան իր վերջին որոշումներով ցույց տվեց, որ դեմ է այս մոտեցմանը և աջակցում է Կիևին։ Ուստի դրա համար պետք է պատրաստ լինի այդ պատերազմի ողջ ֆինանսական բեռը կամ նույնիսկ հրադադարի «բեռը» վերցնել իր վրա, քանի որ հրադադարը ևս իր որոշակի պայմաններն է ենթադրում։

Մեր աչքի առջև Եվրոպայում առանցքային որոշումներ են կայացվում, որոնք 10 տարի առաջ դժվար կլիներ պատկերացնել»,- ասաց վերլուծաբանը։

Մենաղարիշվիլին նշեց, որ ներկայումս ՆԱՏՕ-ից անկախ երկու լուրջ ծրագիր կա, որոնցից մեկը Եվրոպայում Re Arm վերազինման ծրագիրն է, մյուսը՝ «Երկնային վահանը»։

«Բացի դա, Ֆրանսիայի նախագահը հստակ ուղերձներով հանդես եկավ, ինչը նաև ավելի մեծ ռեսուրսներ ներդնելու պատրաստակամության ցուցադրություն էր»,- շեշտեց վերլուծաբանը։ Սակայն, նրա կարծիքով, այս ամենի արդյունավետությունը կախված է բազմաթիվ զարգացումներից, հանգամանքներից։

«Հնարավոր չի լինելու անտեսել այն հանգամանքը, որ ԱՄՆ-ը ու Ռուսաստանը շարունակելու են բանակցել, ուստի ամեն բան այնքան էլ պարզ չէ, որքան կարող է թվալ։ Սակայն Եվրոպայից հնչող ուղերձներն աննախադեպ են, նրանք տրամադրված են գործել արագ, պատասխանատու, պատրաստվում են օրենսդրական փոփոխությունների՝ հավելյալ անվտանգային միջոցառումներ նախաձեռնելու համար։ Երեկ կայացած գագաթնաժողովով ԵՄ-ն ուղերձ հղեց, որ Ուկրաինան միայնակ չէ, իսկ ԵՄ-ն հանձնառու է պաշտպանել և՛ իրեն, և՛ Ուկրաինային»,- նկատեց նա։

Անդրադառնալով Հարավային Կովկասում Արևմուտքի քաղաքականությանը, Մենաղարիշվիլին ասաց, որ Հարավային Կովկասում ևս ԱՄՆ-ի ու Եվրոպայի քաղաքականության միջև տարբերություններ են ի հայտ գալու։

Նրա խոսքով, ԵՄ-ն կշարունակի բոլոր ուղղություններով իր քաղաքականությունը, իսկ ԱՄՆ ներկայիս վարչակազմը՝ իր։

«Թրամփի վարչակազմը, ինչպես Ուկրաինայում, այնպես էլ որևէ այլ գոտում չի առճակատվելու Ռուսաստանի հետ։ Դա կվերաբերի նաև Հարավային Կովկասին։ Այստեղ հիմնականում ակտիվություն կպահպանի ԵՄ-ն, Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան ու ռեգիոնալ դերակատարները։ Բնականաբար, սա կթուլացնի ռեգիոնում արևմտյան քաղաքականության հզորությունը։ Սակայն չպետք է բացառել ԵՄ-ից ավելի մեծ նախաձեռնողականություն և ակտիվություն, թեև պետք է նաև ընդունել, որ Եվրոպայի համար մարտահրավերները հենց Եվրոպայում ներկայումս շատ են և ողջ ուշադրությունը, ռեսուրսն ուղղվելու է դրան»,- նկատեց նա։

Տեսանյութեր

Լրահոս