Սոցիալական բունտ է հասունանում, շատ ապրանքներ երկնիշ գնաճ են գրանցել

Սոցիալական իրավիճակը Հայաստանում ակնհայտորեն լարվում է։ Ոչ միայն հարկերի ու տուրքերի ավելացման միջոցով են քաղաքացիների գրպանները դատարկում, այլև ապրանքների ու ծառայությունների գներն են ամենուրեք բարձրանում։ Իշխանությունները թաքցնում են, որ Հայաստանում գնաճ կա, բայց համատարած թանկացումներ են ու թանկացումներն էլ իրենց հերթին են դատարկում մարդկանց գրպանները։

Վերջին տարիներին, առանց այդ էլ, կյանքի թանկությամբ առաջ ենք անցել շատ երկրներից։ Հայաստանում գները երբեմն եվրոպականից բարձր են։ Երևանում ապրելը ավելի թանկ է, քան Մոսկվայում, Թբիլիսիում, Բուդապեշտում, անգամ Պեկինում։ Բայց թանկացումները դրանով էլ չեն սահմանափակվում։ Բազմաթիվ, հատկապես՝ առաջին անհրաժեշտության ու լայն սպառման ապրանքների, ինչպես նաև ծառայությունների գները Հայաստանում շարունակում են մեծ տեմպերով բարձրանալ ու ծանր բեռ դառնալ քաղաքացիների վրա։

Դեռ ոչինչ, եթե դա ուղեկցվեր քաղաքացիների եկամուտների ավելացմամբ։ Բայց շատերի եկամուտները չեն ավելանում։ Միայն շուրջ 600 հազար թոշակառու ու նպաստառու կա Հայաստանում, որոնց թոշակներն ու նպաստները վերջին անգամ երկու տարի առաջ են բարձրացել։

Գրեթե 200 հազար աշխատող քաղաքացիներ կան, որոնք, ինչպես երկու տարի առաջ, այնպես էլ հիմա շարունակում են մնալ նվազագույն աշխատավարձի հույսին, իսկ նվազագույն աշխատավարձը, երրորդ տարին է, Հայաստանում չի բարձրանում։

Կարդացեք նաև

Քիչ չեն նաև այն աշխատող աղքատները, որոնց աշխատավարձերը 100-150 հազար դրամի սահմաններում են։

Քաղաքացիների այս բոլոր խմբերի եկամուտները վերջին տարիներին չեն ավելացել, բայց այդ ընթացքում հարկերի, տուրքերի, տարբեր տեսակի վճարների աճի ու թանկացումների տեսքով ծախսերն էապես մեծացել են։

Չհաշված այն շուրջ 200 հազար քաղաքացիներին, որոնք գործազուրկ են, եկամուտներ չեն ստանում, բայց ստիպված են իրենց գրպանի վրա կրել հարկային բեռի ավելացումների ու թանկացումների ծանրությունը։

Եկամուտների չավելացման ու ծախսերի համատարած աճի հետևանքով հասարակության մի ստվար հատվածի սոցիալական վիճակը վերջին տարիներին հետ է գնացել։ Այդքանից հետո, իշխանությունները հարկ չհամարեցին 2025թ. էլ նրանց եկամուտներն ավելացնել։ Այս մարդկանց սոցիալական պայմաններն այս տարի էլ կշարունակեն վատանալ։ Արդեն տարեսկզբին սկսել է զգացնել տալ բազմաթիվ ապրանքների բարձր գնաճը։

Հունվարին երկնիշ գնաճ է արձանագրվել սննդամթերքի շատ շուկաներում։

Մասնավորապես՝ բանջարեղենի գները նախորդ տարվա հունվարից ավել են 13,1 տոկոսով։

Պաշտոնական վիճակագրությունն արձանագրել է, որ վերջին մեկ տարում կարտոֆիլը թանկացել է 21,1 տոկոսով, ծաղկակաղամբը՝ 34,6 տոկոսով, խառը կանաչին՝ 32,9 տոկոսով, վարունգը՝ 21,1 տոկոսով, սմբուկը՝ 27,4 տոկոսով, պղպեղը՝ 15 տոկոսով, կանաչ լոբին՝ 38 տոկոսով, ճակնդեղը՝ 15,8 տոկոսով, սխտորը՝ 21,8 տոկոսով, գլուխ սոխը՝ 12,5 տոկոսով։

Մրգերի մի շարք տեսակներ ևս երկնիշ թանկացել են։ Ելակի գնաճը կազմել է 15,5 տոկոս, մանդարինինը՝ 25,7 տոկոս, նարնջինը՝ 11,6 տոկոս։ Կիտրոնը թանկացել է 9,9 տոկոսով։

Թանկացումները, սակայն, միայն այս շուկաներում չէ, որ արտահայտվել են։

Երկնիշ գնաճ է գրանցվել նաև յուղերի ու ճարպերի շուկայում։ Կարագը թանկացել է 11,4 տոկոսով, արևածաղկի բուսական յուղը՝ 13,9 տոկոսով։

Սուրճի գինն է բարձրացել 17,5 տոկոսով, ձուկն է թանկացել գրեթե 12 տոկոսով։

Թանկացել է նաև ալյուրը։ Նախորդ տարվա հունվարի համեմատ՝ ալյուրի գինը բարձրացել է 5,2 տոկոսով։

Հացն է թանկացել։

Թանկացումներ կան ոչ միայն պարենային, այլև ոչ պարենային ապրանքների շուկաներում։

Ոչ պարենային ապրանքներից ակնհայտ է հատկապես ոսկու գների բարձրացումը։ Ոսկու գինը նախորդ տարվանից ավելի է գրեթե 16 տոկոսով։

Ծառայությունների գները ևս բարձրացել են, բազմաթիվ դեպքերում գնաճը երկնիշ է։

Տրանսպորտի ծառայությունների գները հունվարին 12,7 տոկոսով բարձր են եղել նախորդ տարվա հունվարից։ Ու սրա մեջ դեռ չի մտնում Երևանում քաղաքային տրանսպորտի թանկացումը, որը սկսել է գործել փետրվարի 1-ից։

Երևանում տրանսպորտի ուղեվարձի բարձրացումից հետո դժվար չէ պատկերացնել, թե դեռ մինչև ուր կհասնի տրանսպորտային ծառայությունների գնաճը։

Թանկացել է ոչ միայն տրանսպորտի, այլև տրանսպորտի ապահովագրության ծառայությունը։ ԱՊՊԱ-ի գինը բարձրացել է 12,4 տոկոսով։

Նախադպրոցական և տարրական կրթության ծառայությունների գներն են 12,3 տոկոսով աճել։ Հանգստի կազմակերպման ծառայությունն է 12,6 տոկոսով թանկացել։

Երկնիշ գնաճ է գրանցվել վարսավիրանոցների և անձնական սպասարկման սրահների ծառայությունների պարագայում։ Դրանք նախորդ տարվա համեմատ թանկացել են 11 տոկոսով։ Այդ թանկացումն ուղիղ կապ ունի հարկային բեռի այն ծանրացման հետ, որն իշխանությունների նախաձեռնությամբ ընդունվեց ու գործողության մեջ մտավ այս տարվա հունվարից։

Տարեսկզբին արձանագրված այլ թանկացումներ ևս կապված են հարկային օրենսդրության փոփոխությունների ու հարկերի ավելացումների հետ, որոնք գների բարձրացման միջոցով կրկին ծանրանում են քաղաքացիների գրպանի վրա։ Քաղաքացիների գրպանի պարունակությունը չի ավելանում, բայց ծախսերը շատանում են։ Դրա հետևանքով էլ սոցիալական իրավիճակը Հայաստանում գնալով լարվում է, ինչը մի օր պայթելու է։

Ստելով անհնարին է լինելու անվերջ խաբել ու կերակրել հասարակությանը։ Մարդիկ ամեն օր իրենց վրա զգում են այս թանկացումների ազդեցությունը։ Դա դժգոհությունների երևացող ու չերևացող ալիք է հասունացրել, որ մի օր անպայման դուրս է գալու ափերից։

Հատկապես որ, մարդիկ իրենց աղքատանալուն զուգահեռ՝ տեսնում են, թե ինչպես են օր օրի հարստանում ու հղփանում դատարկ գրպաններով իշխանության եկած երիտհեղափոխականները, որոնք եկել էին իբր ժողովրդի կյանքը բարելավելու համար, բայց միայն իրենց կյանքն են բարելավել ու կարողությունների տեր դարձել։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս