
Դեպի Թուրքիա թուրքմենական գազի փշոտ ճանապարհը՝ Իրանի տարածքով. Վլադիմիր Պրոխվատիլով

Փետրվարի 11-ին Թուրքմենստանը թուրքական Botas ընկերության հետ համաձայնեցրել է իր բնական գազի տարանցումն Իրանի տարածքով սվոփային սխեմայով: Այս մասին Իրանի նախագահի հետ հեռախոսազրույցի ընթացքում հայտնել է Թուրքմենստանի hալկ մասլահատի (ժողովրդական խորհրդի) նախագահ Բերդիմուհամեդովը, հաղորդում է «Չեզոք Թուրքմենստան» պաշտոնաթերթը:
Արկադաղը, որը վերջերս հայտնի էր նաև՝ որպես ազգի հայր, նաև հայտնել է, որ էլեկտրաէներգետիկայի ոլորտում փոխգործակցության ընդլայնման նպատակով Թուրքմենստանն առաջարկել է էլեկտրահաղորդման գծի մի հատված անցկացնել Մարայի ՀԷԿ–ից մինչև Իրանի սահման՝ Մարա-Մաշհադ ուղղությամբ: Նրա խոսքով՝ արդեն կայացել են անհրաժեշտ բանակցությունները և ստորագրվել է համապատասխան փաստաթուղթ։ Նախտեսվում է` ծրագիրն իրականացվելու է իրանական ընկերությունների կողմից։ Համագործակցության հիմնական ուղղությունների թվում ժողովրդական խորհրդի նախագահը նշել է տրանսպորտը։ Նա ընդգծել է` Թուրքմենստանը և Իրանը շահավետ աշխարհագրական դիրք են զբաղեցնում Ասիայի և Եվրոպայի խաչմերուկում՝ Կասպից ծովի և Պարսից ծոցի միջև, ինչը երկու երկրների առջև ճանապարհ է բացում տրանսպորտային-լոգիստիկ ոլորտում կառուցողական գործընկերության համար:
Անցյալ տարվա սեպտեմբերին Աշխաբադում Թուրքիայի դեսպան Ահմեթ Դեմիրոկը հայտնել էր, որ իր երկիրը ծրագրում է 20 տարվա ընթացքում Թուրքմենստանից 300 մլրդ խմ գազ ստանալ իր և եվրոպական շուկա արտահանման համար: Առաջին փուլում նախատեսվում է Թուրքմենստանից 2 մլրդ խմ բնական գազի մատակարարում սվոփ մեթոդով, իսկ երկարաժամկետ հեռանկարում՝ 15 մլրդ խմ գազի մատակարարում Կասպից ծովով անցնող գազատարով 20 տարվա ընթացքում՝ 300 մլրդ խմ ընդհանուր ծավալով։
Ավելի վաղ՝ 2024թ. հոկտեմբերին, Թուրքմենստանը հայտարարել էր Ռուսաստան գազի մատակարարումների դադարեցման մասին։ «Թուրքմենգազ» պետական կոնցեռնի նախագահը հայտնել է՝ 2019-ին ստորագրված հնգամյա պայմանագիրն ավարտվել է 2024-ի հունիսի 30-ին, և կողմերը չեն երկարաձգել այն։ Թուրքմենական կողմը դա բացատրել է արտահանումը դիվերսիֆիկացնելու, դրա ծավալն ու գինը մեծացնելու ցանկությամբ։
«Հունիսի 30-ին պայմանագրում նախատեսված էր գների վերանայում այդ ժամանակահատվածի համար.Եթե կողմերը համաձայնում են գնի շուրջ, ապա հնարավոր էր երկարաձգում։ Մենք բանակցություններ ենք վարել և առևտրային մասի վերաբերյալ ընդհանուր պատկերացում չենք գտել»,- հոկտեմբերի 25-ին հայտնել է նա ՏԱՍՍ-ին։
Հիշեցնենք՝ Թուրքմենստանը բնական գազի ապացուցված պաշարներով աշխարհում զբաղեցնում է չորրորդ տեղը (համաշխարհային ծավալների 9,5%-ը), տասներորդը՝ «երկնագույն վառելիքի» ընթացիկ արդյունահանմամբ (համաշխարհային ծավալների 4,5%-ը), սակայն շատ հազվադեպ է հիշատակվում գազ արդյունահանող առաջատար տերությունների ցանկում։ Շատ առումներով այս հանգամանքը հետևանք է անդրկասպյան երկրի աշխարհագրական դիրքի, որը բաց օվկիանոսներ մուտք չունի, բայց նաև թուրքմենական իշխանությունների երկարատև քաղաքական կուրսի։ Միջինասիական այս երկրի ռեսուրսային հարստության մասին տեղեկություններ կային նույնիսկ խորհրդային շրջանում, սակայն Թուրքմենստանի՝ եվրասիական տարածքի էներգետիկ առաջնորդներ դուրս գալուն առավելապես խանգարեց նրա քաղաքականության մեկուսիչ կուրսը, որը սահմանակցում էր ավտարկիային։
Գալկինիշը՝ Մարիի վելայաթի նավթագազային գոտին, ներառում է մի շարք հանքավայրեր մոտ երկու հազար քառակուսի կիլոմետր տարածքում։ Կենտրոնում գտնվում է Հարավային Յոլոտենի հանքավայրը, որի շուրջը Մինարա, Օսման, Յաշլար և Գազանլի հանքավայրերն են։ Ընդհանուր արդյունահանվող պաշարների վերաբերյալ տեղեկատվությունը դեռ տատանվում է՝ ոչ փոքր չափով թուրքմենական իշխանությունների կողմից տեղեկատվության անթափանց տրամադրման պատճառով: Պահպանողական գնահատականները ենթադրում են՝ այստեղ կա 14 տրիլիոն խորանարդ մետր, մինչդեռ Թուրքմենստանի նավթի և գազի այժմ լուծարված նախարարությունը հայտարարում էր 27,4 տրիլիոն խորանարդ մետր գազի մասին: Հետաքրքիր է, որ եվրոպական կամ ամերիկյան ընկերությունները ներգրավված չեն եղել հանքավայրի շահագործման մեջ. գազավերամշակման կայանների, ստորգետնյա սարքավորումների և այլ անհրաժեշտ տարրերի կառուցման կապալառուներ են դարձել ԱՄԷ-ի (Petrofac), Չինաստանի (CNPC) և Հարավային Կորեայի Հանրապետության (LG, Hyundai Engineering) ընկերությունները։
Թուրքմենստանում գազի արդյունահանման ճշգրիտ ցուցանիշները բացակայում են։ 2015-ի թվերը տատանվում են 72,4-80,1 մլրդ խմ միջակայքում, և սպասվում է, որ 2016-ին կարձանագրվեր 7-8% աճ: Սա արդյունահանման աննախադեպ մակարդակ է Թուրքմենստանի ժամանակակից պատմության մեջ, քանի որ նույնիսկ նախաճգնաժամային շրջանում ցուցանիշները գտնվում էին 65-70 մլրդ խմ միջակայքում։ Թուրքմենական գազի շուրջ 50 մլրդ խմ-ն ուղղվում է արտահանմանը, որից 60%-ը՝ մոտ 30 մլրդ խմ-ն՝ Չինաստան։ Թուրքմենստանի վերակողմնորոշումը Ռուսաստանից Չինաստան ամրապնդվեց «Կենտրոնական Ասիա-Չինաստան» գազատարի կառուցմամբ, որի առաջին գիծը շահագործման հանձնվեց 2009-ի դեկտեմբերին: Երկու կողմերի պայմանագրի համաձայն՝ Թուրքմենստանը հնարավորություն ունի Չինաստան մատակարարել տարեկան մինչև 65 միլիարդ խորանարդ մետր:
Այնուամենայնիվ, Չինաստանում գազի պահանջարկի կասեցման ֆոնին կասկածելի է, որ Պեկինը կխնդրի նշված ամբողջ ծավալը։ Չինական ուղղության հաշվին Աշխաբադը կկարողանա ամբողջությամբ փոխհատուցել ռուսական բացակայող ծավալները, սակայն կրկին կհայտնվի մեկ գործընկերոջից կախման մեջ։ Արևմտյան ընկերությունների նկատմամբ թուրքմենական իշխանությունների խիստ զգուշավոր վերաբերմունքը կարող է բացատրվել այն բանով, որ հանրապետությամբ, ըստ Ռուսաստանի գլխավոր շտաբի վերլուծաբանների, Աֆղանստանից թմրանյութերի տեղափոխման հիմնական երթուղին է ընթանում: Աշխաբադի իշխանությունները թույլ չեն տալիս ՄԱԿ-ի փորձագետներին մուտք գործել երկիր, իսկ այդ պատճառով Թուրքմենստանի տարածքով թմրանյութերի շրջանառության չափերի մասին պաշտոնական տվյալներ չկան։ Թուրքմենական իշխանությունների ցանկությունը՝ թաքցնել ոչ միայն թմրանյութերի շրջանառության ծավալները, այլև գազի արդյունահանման տվյալներն արևմտյան վերլուծաբաններից, բացատրում է Արևմտյան արդյունաբերական ընկերություններին գազի հսկա հանքավայրի մշակման համար հրավիրելու դժկամությունը:
Վերջին տարիներին համաշխարհային նարկոթրաֆիկի կուրացիան ԿՀՎ-ից անցել է բրիտանական հատուկ ծառայություններին՝ MI-6 արտաքին հետախուզությանը և DI ռազմական հետախուզությանը։
Կարելի է ենթադրել՝ Թուրքիայի նախագահ Էրդողանի բարեկամական և նույնիսկ դաշնակցային հարաբերությունները MI-6-ի ղեկավար, «Մեծ թուրան» նախագծի հեղինակ Ռիչարդ Մուրի հետ, օգնեցին պայմանավորվածություններ ձեռք բերել թուրքական և թուրքմենական իշխանությունների միջև և գործարկել Թուրքմենստանից Թուրքիա գազի տարանցման նախագիծը:
Իրանի տարածքով գազի տարանցման երթուղու ընտրությունը, այլ ոչ թե Կասպից ծովով, բացատրվում է կասպիական ջրատարածքի բարձր սեյսմիկության պատճառով ծովի հատակով անցկացված խողովակաշարի ոչնչացման սպառնալիքով և տանկերներով Կասպից ծովով գազի փոխադրման անշահավետությամբ:
Էներգետիկ շուկայի կարգավորման վարչության վերջին տարեկան զեկույցի համաձայն՝ 2023-ին Թուրքիան ներմուծել է 50,48 միլիարդ խորանարդ մետր բնական գազ։ Ռուսաստանը Թուրքիայի խոշորագույն մատակարարն է, որին բաժին է ընկնում Անկարայի կողմից ներկրվող բնական գազի 42,27 տոկոսը: Դրան հաջորդում են Ադրբեջանը՝ 20,32 տոկոսով, Ալժիրը՝ 11,86 տոկոսով, Իրանը՝ 10,71 տոկոսով, և Միացյալ Նահանգները՝ 7,95 տոկոսով: Էներգետիկ աղբյուրների դիվերսիֆիկացման ռազմավարությունը համապատասխանում է Թուրքիայի՝ որպես Եվրոպա գազի վերաարտահանող ավելի կարևոր դեր խաղալու ձգտմանը, ինչի մասին հայտարարել է էներգետիկ գերատեսչության ղեկավարը 2024-ի սեպտեմբերին թուրքական հեռուստատեսությանը տված հարցազրույցում։ Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության մեկնարկից երկու ամիս անց Թուրքիան սկսել է գազ մատակարարել հարևան Բուլղարիային, որը Մոսկվայի դեմ Բրյուսելի պատժամիջոցների պատճառով բախվել է ռուսական գազի մատակարարումների կրճատմանը: Հաշվի առնելով Ուկրաինայի պատերազմի պատճառով Եվրոպայի մեծ մասի և Ռուսաստանի միջև լարված հարաբերությունները՝ Թուրքիան փորձում է դիվերսիֆիկացնել գազի ներկրումը, և Թուրքմենստանի դերն այստեղ դժվար է գերագնահատել։
Թուրքմենական գազի՝ Թուրքիա, իսկ հետո՝ Եվրոպա մատակարարման նախագծին Իրանի միացումը կարող է կապված լինել Թեհրանում տեղի ունեցած վերջին քաղաքական իրադարձությունների հետ, որտեղ ավիավթարի հետևանքով նախագահ Էբրահիմ Ռաիսիի զոհվելուց հետո որոշակի շարժում է նկատվում դեպի արևմտյան աշխարհաքաղաքական վեկտոր:
Թուրքմենական գազի հայտարարված մուտքը Թուրքիա և Եվրոպա կհանգեցնի Կենտրոնական Ասիայի երկրների էլ ավելի հեռացմանը Ռուսաստանից, ինչը բավական ուշադիր հայացք է պահանջում առկա արտաքին քաղաքական հայեցակարգերին։
Թարգմանությունը՝ Գ.Մ.-ի