Բոյկոտի 150 երանգները

Հայաստանի քաղաքական, գաղափարական, գաղափարախոսական աղճատվածությունը լավագույնս արտահայտվում է իշխանության ու ընդդիմության առնվազն մի մասի հետապնդած օրակարգերի միջև ընկած տիեզերական տարբերությամբ։ Իշխանությունը, տևական ժամանակ է՝ զբաղված է հայկական ինքնության, ազգային արժեքների, Հայոց ցեղասպանության, ամենայն հայկականի հետևողական վարկաբեկմամբ, արժեզրկմամբ ու հայկականությունից զուրկ «իրական Հայաստանի» կերտմամբ։ Դա տեղի է ունենում տասնյակ հայ ռազմագերիների, այդ թվում՝ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության՝ Բաքվում ընթացող խայտառակ «դատավարություններին» զուգահեռ։

Ժամանակային առումով՝ զուգահեռ, բովանդակային առումով՝ սինխրոն ռեժիմում։

Այն, ինչ որպես «մեղադրանքի հիմնավորում»՝ իրավական ձևակերպումներով հնչում է Բաքվի դատարանում, Հայաստանի իշխանությունն ամենաբարձր մակարդակով տիրաժավորում է՝ փաթեթավորված՝ որպես «գաղափարական տրանսֆորմացիա»։

Ահա այս պայմաններում Հայաստանում ընդդիմության՝ այս պահին ակտիվ ներկայացող մի հատվածը զբաղված է․․․ քաղաքային տրանսպորտի ուղեվարձի թանկացման բոյկոտով և ամեն օր համացանցը ողողում է Երևանի այսինչ համարի ավտոբուսում այսքան տոկոս «150 դրամը չվճարած» քաղաքացիների մասին պատմող տեսանյութերով, որոնք ներկայացվում են՝ որպես ընդդիմադիր պայքարի «հաջողության պատմություններ»։

Կարդացեք նաև

Խնդիրն այն չէ, որ քաղաքային տրանսպորտի ուղեվարձի հարցը կարևոր չէ, խնդիրը նույնիսկ այդ պայքարի իրական մոտիվացիաների մասին բազմաթիվ գնահատականների ճշմարտացիության քննարկումը չէ։ Ուղեվարձի անհիմն թանկացումն էլ է կարևոր, դրա դեմ պայքարողների մեծագույն մասն էլ՝ հնարավոր է՝ դրանով զբաղվում է ամենաազնիվ մղումներով։ Ավելին, պետք է բարձրաձայնել և պայքարել բոլոր խնդիրների դեմ: Քաղաքականության մեջ կենսական է առաջնահերթությունների սահմանումը։ Վերը նշված հակադրության մեջ ակնհայտ է իշխանությունների ու ընդդիմության առաջնահերթությունների տարբերությունը։ Եվ այս հարցում, մեղմ ասած, համոզիչ չեն շատ ընդդիմադիրների հիմնավորումներն այն մասին, թե մարդկանց ավելի շատ հետաքրքրում են սոցիալական հարցերը, հետևաբար՝ պետք է պայքարը գեներացնել այդ հիմքի վրա ու «փոքր հաղթանակներով» հասնել իշխանափոխության։

Նախ, քաղաքականությունը, ի տարբերություն գործունեության շատ այլ ոլորտների ու առաջին հերթին՝ բիզնեսի, չպետք է առաջնորդվի «առաջարկ-պահանջարկի» պարզունակ օրենքով։ Նորմալ է, որ մարդկանց կարող են հետաքրքրել առավելապես սոցիալական հարցերը, բայց նորմալ չէ, երբ քաղաքական ուժերը՝ կուրորեն հետևելով դրան, այդ հարցերն են դարձնում քաղաքական օրակարգի առաջնահերթություն։ Այն դեպքում, երբ իշխանությունը հետևողականորեն աշխատում է այնպիսի առաջնահերթությունների վրա, որոնց իրագործման դեպքում արդեն անկարևոր կլինի՝ Երևանում ուղեվարձը 100, թե՞ 1000 դրամ է, քանի որ այլևս ակտուալ կարող է դառնալ ոչ թե ուղեվարձի վճարման չափը, այլ արժույթը։

Քաղաքական պայքարը Հայաստանում կարող է հաջողություն ունենալ նաև, իսկ գուցե միայն՝ այն դեպքում, երբ համարժեք կլինեն իշխանական ու ընդդիմադիր համակարգերի առաջնահերթությունները։ Հակառակ դեպքում ընդդիմության կամ դրա մի մասի «փոքր հաղթանակներն» անխուսափելիորեն օգնելու են պետության մեծագույն պարտություններին, որոնք արձանագրվելու են իրենց իսկ առաջնահերթությունների հարցում իշխանությունների հաղթանակների արդյունքում։

Հարություն Ավետիսյան

Տեսանյութեր

Լրահոս