
Փաշինյանն անսկզբունքային մարդ է, բոլորս ենք խորտակվելու… Եթե այսպես շարունակվի՝ վերջում մնալու է Երևանի Հանրապետություն. Ռուբեն Մալայան
Գեղագիր, Ամերիկյան համալսարանի դասախոս Ռուբեն Մալայանն անհնար է համարում, որ Իսրայելում որևէ մեկը Ցեղասպանության վերաբերյալ այնպիսի հայտարարություն անի, ինչպիսին Նիկոլ Փաշինյանի և նրա թիմի հայտարարություններն են Հայոց ցեղասպանության վերաբերյալ:
«Սա քաոս ստեղծելու համար է արվում: Ես 25 տարի առաջ Ամստերդամում Ցեղասպանության պաստառների պրոյեկտն էի անում, ինչը նպաստել է նաև Հոլանդիայի պառլամենտի կողմից Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձև ընդունելուն: Առանց անցյալին բաց աչքերով նայելու՝ դու ապագա չես ունենա: Սա այն հարցը չէ, որ պետք է քննարկվի»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա՝ ընդգծելով՝ դա թշնամու օրակարգն է՝ կասկածի տակ դնել այն կարևոր հարցերը, որոնք քննարկման ենթակա չեն:
«Հայոց ցեղասպանության հարցը բոլորը լավ գիտեն: Իմիջիայլոց, Իսրայելում ակադեմիական շրջանակներում չկա որևէ մարդ, որը ժխտի Հայոց ցեղասպանությունը, բոլորը գիտեն՝ ինչ է տեղի ունեցել, ու բոլորը մեր կողքին են, իսկ քաղաքական օղակներն, իհարկե, ոչ, որովհետև իրենք էլ իրենց օրակարգն ունեն: Բայց դա չպետք է ազդի մեզ վրա՝ մեր ճանապարհն ու նպատակը մենք վաղուց որոշել ենք և գիտենք: Այս կարգավիճակը հավերժ չի լինելու: Կարևորն այն է, թե որոնք են քո կարմիր գծերը. Մեր կարմիր գծերը չկան, ինչը նշանակում է, որ դու ոչ թե կոմպրոմիսի ես գնում, այլ ուղղակի ձեռքերդ վեր ես բարձրացնում և ասում՝ կանեմ այն, ինչ թելադրում ես»,- նկատեց նա:
Ռուբեն Մալայանի դիտարկմամբ՝ եթե գործող իշխանությունների այս զիջողական քաղաքականությունը շարունակվի, ապա վերջում մնալու է Երևանի Հանրապետություն. «Այն, ինչ կատարվում է հիմա, միջանցքի մասին խոսակցությունները փազլի մի կտորն է, որը որպես շանտաժ՝ օգտագործում են մեր դեմ: Ես չեմ կարծում, որ Նիկոլ Փաշինյանը հոգեպես առողջ մարդ է՝ դատելով իր տեսքից, պահվածքից, հայտարարություններից, մարմնի լեզվից: Դա օղակաձև տարածվում է նրա թիմում բոլորի վրա: Դու չես կարող ունենալ հիվանդ կայսր ու առողջ սենատ, այդպես չի լինում»:
Ըստ նրա՝ հիմա հերոս են բոլոր այն մարդիկ, ովքեր հնարավորություն ունեն այս իրավիճակում հեռանալ Հայաստանից, բայց չեն գնում այդ քայլին:
«Բոլոր ազգերն ունեն թույլ և ուժեղ կողմեր: Ոչ մի համակարգ Հայաստանում չի աշխատի, եթե չլինի նույն քաշի հակակշիռ, որն անընդհատ զսպի իշխանությանը: Եթե այդ հակակշիռը չկա, իշխանությունը միշտ գնալու է հեշտ ճանապարհով, որը չի բխում ազգի և պետության շահերից: Մեր թույլ կողմը միշտ եղել է այն, որ կարևոր հարցերի շուրջ կոմպրոմիսների գնալը միշտ տարբերակ է եղել՝ մենք հարմարվող ազգ ենք: Բայց կա մի կարմիր գիծ, որից այն կողմ չպետք է թույլ տալ գնալ: Մենք հիմա շատ վտանգավոր կետում ենք գտնվում. Այդ կարմիր գծերը լղոզվել կամ վերացել են, չենք տեսնում իրենց, և ամեն ինչ հնարավոր է: Վաղն ամեն ինչ կարող է լինել, ուղղակի լավ բանի չենք սպասում: Մենք անընդհատ ասում ենք, որ էլիտայի կարիք կա, որը բաղկացած է մի քանի շերտերից՝ մտավորականությունը, նաև բանակը, հրամանատարները, այսինքն՝ բաշխված է հասարակության տարբեր շերտերի մեջ, որը զսպում է, ճանապարհ է ցույց տալիս, միշտ հիշեցնում է՝ կարմիր գծերը որոնք են՝ հենվելով անցյալի վրա: Եթե պատկերացնում ես՝ ուր ես ուզում գնալ, նայում ես անցյալին, ասում՝ այստեղ սխալվեցինք, փորձենք նույն սխալը չկրկնել: Սրանք էլեմենտար բաներ են, և ծիծաղելի է նույնիսկ դրանց մասին խոսելը, բայց եթե քո էլիտան զբաղված է ուղղակի թատրոնով, պարզ է, որ իր ֆունկցիան չի կարող կատարել»,- ընդգծեց նա:
Ռուբեն Մալայանի գնահատմամբ՝ մառախուղի մեջ ենք, որը պարզեցնելու փորձեր էլ չեն արվում. «Հիդրայի պատմությունը վերցնենք, երբ ամեն անգամ գլուխը կտրելուց հետո նոր գլուխ է աճում, դա ինչի՞ մասին է. դա հենց ոչ թե բուն խնդիրը լուծելու, այլ հետևանքների դեմ պայքարելու մասին է: Հիդրային կարող ես վերացնել, եթե բուն խնդրին անդրադառնաս, ոչ թե աճող գլուխներին. մենք անընդհատ աճող գլուխների դեմ ենք պայքարում: Դիցաբանությունը կոդավորված ուշադրություն է հրավիրում հոգեբանական խնդիրների վրա, մարդկային դիլեմաների վրա, որովհետև բոլորս էլ ինչ-որ մի պահի պետք է որոշում կայացնենք, որը, կարող է, շատ կրիտիկական է լինելու: Այդ որոշումը պետք է կայացվի բաց աչքերով նայելով իրականության վրա, չփորձելով խուսափել սուր անկյուններից ու գնալ հեշտ ճանապարհով: Մեր հասարակությունը տոտալ մառախուղի մեջ է, չենք կարողանում նշաձողեր սահմանել, մառախուղի մեջ ոչինչ չի երևում, իսկ այն մեր դեպքում բնական երևույթ չէ՝ արհեստական է: Այդ մառախուղը հենց իշխանությունից եկող հռետորիկան է, կեղծ օրակարգերն են: Մարդիկ արդեն չգիտեն՝ ում հավատալ: Մենք հիմա ապրում ենք մի իրավիճակի մեջ, որտեղ սուտը ճշմարտությունից տարբերելու հնարավորությունները նվազել են»:
Մտավորականների լռության հիմնական պատճառն, ըստ գեղագրի, այն է, որ խոսքը տեղ չի հասնում. «Եթե Սոս Սարգսյանը, Խորեն Աբրահամյանն այսօր ողջ լինեին, որոնք մեզ համար միշտ նշաձող են եղել, գուցե մեր վիճակը մի քիչ այլ լիներ: Կան մարդիկ, որոնց կարծիքին դու հավատում ես, որովհետև նրա անցած ճանապարհը ցույց է տալիս, որ այդ մարդը չի գնացել կոմպրոմիսների, չի ստել, միշտ անկեղծ է եղել. դա քեզ համոզում է, որ այս մարդն արժանապատիվ է, իր խոսքին պետք է հավատալ, լսել ու հետևություններ անել: Ես չեմ խոսում այն բաների մասին, որոնցից տեղյակ չեմ: Մեր հեղինակությունները հիմա դարձել են շոու-բիզնեսի մակարդակի հեղինակություններ, ինտելեկտուալ շերտ չի էլ երևում, ունի զրո ազդեցություն իրավիճակի վրա: Դա դարձյալ իշխանության խնդիրն է, որովհետև ինստիտուցիոնալ հարց ոչ մի տեղ չի լուծվում: Այստեղ ինտելեկտուալ էլիտայի և իշխանության տոտալ անջատում է: Իշխանությանը հետաքրքիր չէ՝ մենք ինչ ենք մտածում»:
Ռուբեն Մալայանը իդեալիստ է, ինչը լուրջ խնդիր է համարում. «Ես ոչ մի լավ բան չեմ տեսնում այս իշխանության մեջ, նրանց արդարացում չկա: Ես մի շատ լավ ծրագիր եմ մշակել, որը դադարեցվել է, որովհետև իշխանությունը որոշել է ստեղծել ակադեմիական քաղաք, և Ամերիկյան համալսարանը չի կարող նոր շենքեր կառուցել: Դրա պատճառով կանգնել է մի ամբողջ ծրագիր, որը կամաց-կամաց կարող էր իրականություն դառնալ և ավելացնել վիզուալ կրթությունում պակասող մի կարևոր մաս: Այդ ակադեմիական քաղաքից շատ դիվիդենտներ կարող են իրենք շահել՝ ոչ միայն կենտրոնում գտնվող շենքերի առումով, այլև երիտասարդներին ուղղակի հեռացնել քաղաքից, որ խոսելու հնարավորություն չունենան, կամ նրանց կարծիքը լինի այնտեղ, ոչ թե այստեղ: Վիետնամի պատերազմն ուսանողությունն է կանգնեցրել, դուրս են եկել փողոց ու այնքան են պայքարել, մինչև իշխանությունն ասել է՝ վերջ, դադարեցնում ենք: Այսօր ուսանողությունն իրենից ոչ մի ուժ չի ներկայացնում, ու էլի ֆրագմենտացված վիճակ է հասարակության մեջ, ինչն ամենաաղետալի բանն է, երբ չես կարողանում կոնսենսուսի գալ էլեմենտար հարցերի շուրջ: Ամեն ինչ ֆրեգմենտացված է, բոլորը բոլորին դեմ են, ոչ ոք պատրաստ չէ ոչ ոքի լսել, դրանից շահում է միայն իշխանությունը, որովհետև այդ քաոսի մեջ կարող է անել՝ ինչ ուզում է, և ոչ մի զսպող մեխանիզմ չկա»:
Նրա խոսքով՝ ստեղծված իրավիճակը բոլորի «եփած ճաշն» է, ու պետք է դրանից դասեր քաղել. «Հայերը միշտ ունեցել են այդ խնդիրը՝ ինչքան հայ կա, այդքան էլ կարծիք կա, կոնսենսուսի հասնելը շատ բարդ է, բայց ոչ անհնարին: Եթե դու այլ տրամաբանությամբ ես համակարգ կառուցում, օրինակ՝ ճգնաժամից դուրս գալու կառավարություն, որը չունի վարչապետ, չկա մեկ մարդ, կան մի խումբ մարդիկ, որոնք կոնսենսուսի միջոցով են լուծումներ առաջարկում, ասում են՝ բոլորս համաձայն ենք, այո, մի հոգի համաձայն չէ՝ փաստարկները լսենք: Գուցե դա աշխատի, բայց փաստն այն է, որ այս համակարգը չի աշխատում: Իհարկե, իմ տեսադաշտից չի աշխատում, իրենց համար շատ լավ էլ աշխատում է»:
Հետաքրքրվեցինք՝ Արարատը Ռուբեն Մալայանի համար ի՞նչ սիմվոլիկա ունի: «Արարատն ինձ տեղափոխում է ուրիշ հարթության մեջ: Եթե ես մարդու ձեռքով կառուցված ոչինչ չեմ տեսնում, միայն լեռն է երևում, ինձ համար այն ժամանակի մեքենա է, ինձ տանում է ուրիշ հարթության մեջ և սկսում եմ երազել: Երևի այդ գեղեցկությունն ու եզակիությունն է, որը ուրիշ ոչ մի տեղ չկա: Արարատն ինձ համար հավաքական հայրենիք է… Ու դա զարմանալի չէ, որովհետև միշտ է այդպես եղել մեզ համար, Արարատյան թագավորությունից սկսած: Այն երազ է: Ես հուսով եմ՝ մի օր մեզ համար հասանելի կլինի»,- ի պատասխան՝ ասաց նա՝ աբսուրդ որակելով Արարատի դեմ գործող իշխանությունների քարոզչությունը:
Գեղագրի խոսքով՝ ազգերի համար սիմվոլները շատ կարևոր դեր ունեն. «Սիմվոլները հավաքական կերպարի արտահայտում են, դրանք քո ազգի տաղանդավոր ներկայացուցիչներն են ստեղծել: Խնդիրը մեր դեպքում այն է, որ վերջին 30 տարվա մեջ չենք կարողացել ստեղծել որևէ նոր բան, որը կողմնացույցի դեր կխաղար մեզ համար, որ բոլորս կասկածի դեպքում հայացքներս այդ ուղղությամբ նետենք ու հիշենք, որ մենք այստեղից ենք եկել»:
Դիտարկմանը՝ Արցախը չէ՞ր այդ սիմվոլը, նա արձագանքեց. «Այո, նաև Արցախն էր, ու երևի Արցախի կորուստն է, որ հոգեբանական ծանր վիճակի մեջ է դրել այն մարդկանց, ում համար Արցախն իրենց հայրենիքն էր, իսկ ես այդ մարդկանցից եմ: Իշխանություններն ինչքան ուզում են, թող ասեն, որ նախկինում Արցախն իրենց հայրենիքը համարելով՝ սխալվել են, պատմությունն իրենց կդատի: Ո՛չ ՔՊ-ն է անվերջ ու ընդմիշտ, ո՛չ էլ Նիկոլ Փաշինյանը, կգա մի օր, ու ամեն ինչ իր տեղը կընկնի: Պատմությունն իրենց կդատի, և շատ լավ գիտենք՝ որտեղ է իրենց տեղը լինելու պատմության էջերի մեջ: Նման ճգնաժամ ոչ ոք երբեք չի կարողացել ստեղծել մեզ համար, սա մեր եփած ճաշն է, որովհետև իրենք էլ են մեր ազգի ներկայացուցիչներ, չնայած՝ ես չէի զարմանա, եթե ԴՆԹ թեստ անեին, ու պարզվեր, որ հայի գեն նրանց մոտ շատ քիչ կա: Բայց դարձյալ ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի»:
Նա շեշտեց՝ բոլորս նույն նավակի մեջ ենք, ու ճակատագիրը բոլորինս է լինելու. «Սա շղթա է, մենք բոլորս շղթա ենք, իսկ շղթան երբ գցում ես ջրի մեջ, ամբողջովին է սուզվում, չկա մի մաս, որը մնում է ջրի մակերեսին: Մենք այդ շղթան ենք, ու այդ գիտակցումը պետք է ինչ-որ մի պահից զարթնի, որ բոլորս նույն նավակի մեջ ենք ու բոլորս պետք է մտածենք ու մտահոգվենք, թե այդ նավակն ինչքան արագ է ջուր հավաքում, որովհետև այնպիսի տպավորություն է, որ այն ջուր է հավաքում, դու գիտես՝ նավը խորտակվելու է: Մենք հասկացել ենք՝ որտեղից է ջրի արտահոսքը, բայց չգիտենք՝ ինչ անել: Ես շատ կուզեի, որ խելացի մարդիկ հիմա լուրջ մտածեին տարբեր քաղաքական լուծումների մասին: Ես քաղաքագետ չեմ, ես մտածող մարդ եմ ու տեսնում եմ, որ եթե մի բան չի աշխատում, փորձել նորից նույն մեթոդը կիրառել, բերելու է նույն իրավիճակին»:
Ռուբեն Մալայանը Նիկոլ Փաշինյանից որևէ լավ բան չի սպասում. «Եթե երկրիդ ղեկավարն անսկզբունքային է, երկիրդ չի կարող լավ տեղ գնալ: Եթե իշխանության մնան այս մարդիկ, բալանս անհնար է ստեղծել: Նրանք ամեն ինչ անելու են, որ հակակշիռ չձևավորվի, դա իրենց շահերից է բխում: Կարելի է իրենց ոսկե մեդալ տալ դրա համար, իրենց մոտ դա շատ լավ է ստացվում, իրենք շատ լավ կարողանում են մանիպուլյացիաների միջոցով քաոս ստեղծել մեր ուղեղների մեջ: Դա շատ լավ մշակված մեթոդ է: Եթե այդ մարդիկ շարունակեն ղեկավարել երկիրը, չեմ կարծում՝ շանս կա բալանսավորման: Նրանց պետք է տոտալ վերահսկողություն ամեն ինչի վրա»:
Անդրադառնալով ԱՄՆ կատարած Փաշինյանի այցին, նա նշեց, որ Թրամփի համար կան սկզբունքային հարցեր, և եթե նրա դիմաց կանգնած է անսկզբունքային մարդ, երբեք նրա հետ լուրջ խոսակցություն չի վարում. «Քո երկրի ղեկավարն այն աստիճանի է դելեգիտիմացվել միջազգային հանրության աչքերում, մարդիկ տեսնում են՝ ինչ է այստեղ տեղի ունենում: Դրա համար սպասել, որ Փաշինյանի հետ ինչ-որ մեկը նստի ու լուրջ հարցեր քննարկի, ուղղակի միամիտ բան է: Փաշինյանն անսկզբունքային մարդ է. նրան ոչ ոք լուրջ չի վերաբերվում ու չի վերաբերվելու, հատկապես՝ Թրամփը»:
Ըստ նրա՝ հասարակությունը սուիցիդալ վիճակում է. «Վերտիգոյի մեջ ենք, երբ զգացողություն է, որ հես է՝ ընկնելու ես: Եթե սուիցիդալ վիճակ է, նման դեպքերում մարդուն իզոլացնում են, որ ինքն իր համար վտանգավոր չլինի, բայց չես կարող հասարակությանը տանել հոգեբուժարան: Սա լուրջ խնդիր է: Մեզ մի բանակ հոգեբան է պետք, որ աշխատի հասարակության հետ: Մենք դեժավյուի վիճակում ենք, անընդհատ նույն պտույտի մեջ ենք: Պետք է ամենքս մեզանից սկսենք, ինչպես նշեցի՝ ինձ ոչ ոք չի օգնելու, պետք է ինքս ինձ օգնեմ: Հիմա մի հետաքրքիր գիրք եմ կարդում խաչակիրների մասին, որտեղ հայերը շատ են հիշատակվում, և մի հետաքրքիր բան էր գրված. իսլամական աղբյուրներից ամեն անգամ հայերի մասին հիշատակելիս ասում են՝ հայերը լավ զինվորներ են, բայց կազմակերպվելու հետ լուրջ խնդիր ունեն: Այսինքն՝ քաջ են, անվախ են, բայց երբ գալիս է կազմակերպվելու պահը, այդտեղ ամեն ինչ տապալվում է: Դա ասվել է 11-րդ դարում: Եթե չենք կարողացել ինքնակազմակերպվել 11-րդ դարում և շարունակաբար նույն խնդրին ենք բախվել, ուրեմն՝ խնդիրն ավելի խորը տեղից է:
Շատ կարևոր է հստակ պատկերացնել՝ ուր ես ուզում գնալ, հաջորդ հարցը լինում է՝ ինչպես հասնել այդ նպատակին, և այդտեղ տարբեր կարծիքներ են սկսում հայտնվել, երբ շատ բան ասվում է, քիչ բան է արվում: Եթե մենք այդ խնդիրն ունեցել ենք, եկեք փորձենք հասկանալ՝ ո՞նց անենք, որ բուն խնդրին անդրադառնանք, ոչ թե Հիդրայի աճող գլուխների դեմ պայքարենք: Միակ լուծումն այն է, որ նստենք, խոսենք, կարողանանք ընդհանուր կոնսենսուս ձևավորել, և այդ ժամանակ մարդիկ կսկսեն տեսնել ինչ-որ հեռանկար»:
Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում