«Նոր, մաքուր ու դատարկ»․ Փաշինյանի կոդավորված առաջարկն Ալիևին
«Դա վերաբերում է միջազգային ատյաններ միմյանց դեմ ներկայացված հայցերի հետքաշմանը։ Ընդհանուր առմամբ, մենք խնդիր չունենք նաև այդ գաղափարի հետ, բայց ունենք հետևյալ առաջարկը՝ հետ կանչել բողոքները ոչ միայն միջազգային ատյաններից, այլև՝ չբարձրացնել այդ հարցերը երկկողմ հարաբերություններում։ Մեր առաջարկն է՝ վերջ դնել հակասական թեմաների շուրջ հետագա քննարկումներին և բացել նոր դարաշրջան երկկողմ հարաբերություններում՝ սկսելով նոր, մաքուր ու դատարկ էջից»,- նախօրեին Վաշինգտոնի Atlantic council-ում ունեցած ելույթում՝ անդրադառնալով Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրին՝ հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։
Անցած օրերին տարբեր հարթակներում ունեցած նրա բոլոր ելույթներն ընդհանուր առմամբ մի նպատակ ունեն՝ հավաստիացնել, որ ինքը պատրաստ է կատարելու Ադրբեջանի բոլոր, առանց բացառության՝ ԲՈԼՈՐ պահանջները։ Դրանցից վերջինը միջազգային ատյաններից Ադրբեջանի դեմ Հայաստանի հայցերի հետքաշումն է, որի հետ ևս, փաստորեն ասաց՝ «մենք խնդիր չունենք»։
Մինչ գրեթե բոլոր հեղինակավոր միջազգային կառույցները հայտարարում են Ադրբեջանում դատվող հայ ռազմագերիների հանդեպ անմարդկային վերաբերմունքի, արցախահայերի՝ իրենց հայրենիք վերադարձի իրավունքի ապահովման անհրաժեշտության մասին, Հայաստանի ղեկավարի պաշտոնը զբաղեցնող Փաշինյանը պատրաստվում է հետ կանչել բոլոր այն ատյաններում Ադրբեջանի դեմ ներկայացրած հայցերը, որոնք առնվազն կարող են նպաստել այդ նպատակների իրագործմանը։
Այսինքն՝ Նիկոլ Փաշինյանն աշխարհի տարբեր մայրաքաղաքներում ամբիոններ է փնտրում՝ հայտարարելու համար, որ պատրաստ է ստորագրելու նաև երկրորդ ու վերջնական կապիտուլյացիան՝ հանուն «Ադրբեջանի հետ խաղաղության»։
Հենց դրա մասին է նրա լիրիկական առաջարկը՝ «սկսելով նոր, մաքուր ու դատարկ էջից»։
Այս բառերից յուրաքանչյուրի տակ դժոխային իմաստ կա թաքնված։ Դրանք բարձրաձայնել է մեկը, ով 2018 թվականին իշխանության գալով՝ հայտարարեց ղարաբաղյան հակամարտության բանակցությունները սեփական ԶՐՈՅԱԿԱՆ կետից սկսելու մասին։ Դրա արդյունքում է, որ միքանիհազարամյա հայկական Արցախն այլևս ադրբեջանական է և, ըստ Փաշինյանի, «նոր էջ» բացելու հնարավորություն է տալիս։
Այդ նույն Արցախն այլևս հայկական չէ, ինչը, ըստ փաշինյանական լեզվամտածողության, փաստորեն, «մաքուր էջ» բացելու հնարավորություն է տալիս։ Իսկ ահա նրա հայտարարության «դատարկ էջ» արտահայտությունն այն մասին է, որ հազարամյակներ շարունակ հայերով բնակեցված Արցախն այլևս «դատարկ է», այնտեղ ոչ մի հայ չի ապրում։
Փաշինյանի հայտարարության մեջ տեղ գտած «նոր, մաքուր ու դատարկ էջից» առաջարկն իրականում նրա իշխանության ու նրա վարած քաղաքականության արդյունքում Արցախի փաթեթավորման գնահատականն է՝ Ադրբեջանի համար՝ «նոր, մաքուր ու դատարկ»։
«Նոր, մաքուր ու դատարկ» հայեցակարգով հիմա Նիկոլ Փաշինյանը վարվում է Հայաստանի հետ՝ մաքրելով պատմությունը և մաքուր ու դատարկ էջ բացելով «սովորական կյանքով ապրող երկրի համար»։
Հ.Գ. Առհասարակ Նիկոլ Փաշինյանի ՔՊ-ում բոլորը նույն գործելաոճն ունեն. ՔՊ-ական պատգամավորներից մեկը պետբյուջեի քննարկումների ժամանակ ԱԺ-ում հայտարարում էր, թե այնքան է վստահում Փաշինյանին, որ պատրաստ է նրա բերած բոլոր թղթերի տակ ստորագրել, եթե անգամ դատարկ թուղթ բերի, դարձյալ կստորագրի: Մի քանի կարկառուն ՔՊ-ականներ էլ անցյալ տարի բարձրաձայն մտածում էին՝ «Դատարկ թուղթ վերցնենք ու նոր Սահմանադրությո՞ւն գրենք զրոյից, թե՞ մեր ունեցած արդեն փոփոխությունների հայեցակարգի վրա ուղղակի գրենք նոր Սահմանադրությունը»…
Հարություն Ավետիսյան