![](/banners/BeFunky-design.jpg)
Մարդկանց պատիժները` Հին Կտակարանում
![](https://168.am/wp-content/uploads/2024/12/ekexeci2.png)
2025-ի հունվարի 7-ին մեծ հրդեհներ սկսվեցին Ամերիկայի Միացյալ Նահանգներում: Կալիֆոռնիայի անտառ-տնտեսության և հրդեհային պաշտպանության վարչությունը համացանցի իր՝ www.fire.ca.gov էջում նշել է, որ հրդեհները մեծ մասամբ Լոս Անջելեսում են, և հունվարի 25-ի դրությամբ այրել են շուրջ 55.000 ակր տարածք: Տասնյակ մարդիկ մահացան, տասնյակ հազարավոր տներ այրվեցին, որոնց բնակիչները տեղափոխվեցին ապահով վայրեր, հարյուր հազարավոր միլիարդ դոլլար արժողությամբ վնասները ցնցեցին ԱՄՆ-ի տնտեսությունը:
Քաղաքականգետները, վերլուծաբանները, սովորական քաղաքացիները հրդեհների պատճառի մասին տարակարծիք էին՝ 1. առաջին խմբի մարդիկ մեկնաբանեցին, որ հրդեհների պատճառը ուրիշ բան չէ, եթե ոչ Կալիֆոռնիա անապատից եկած ուժեղ տաք քամին, 2. երկրորդ խմբի մարդիկ դատապարտեցին ԱՄՆ կառավարությանը, որ միտումնավոր հրդեհներ տարածեց, որպեսզի իրագործի իր SmartLA 2028 ծրագիրը՝ Լոս Անջելեսը վերածվի խելացի քաղաքի, 3. երրորդ խմբի մարդիկ ունեին հոգևոր մեկնաբանություն, նրանք տեսնում են, որ մարդու մեղքը՝ Ամերիկայի ներքին անբարոյական կյանքը պատճառ հանդիսացավ, որ Աստված պատժի մարդկանց, որպեսզի ապաշխարեն՝ իրենց սխալ ընթացքից հետ գան: Տեղին է նշել, որ անցնող հունվարի 6-ին Ամերիկայում «Ոսկե գլոբուս»-ի 82-րդ ամյակի մրցանակաբաշխության ժամանակ «Աստված ստացավ 0 միավոր», ինչը ծիծաղելի թվաց ներկաների համար:
Այս հոդվածի նպատակն է ներկայացնել Հին կտակարանում հիշված մարդկանց պատիժները, պատիժները իրենց պատճառներով, տեսակներով, վայրերով, զորություններով և ժամանակներով, որպեսզի այդ բոլորից քաղենք հոգեմտավոր դասեր մեր հոգևոր կյանքի առավել աճի համար:
Աստվածաշնչում հիշված են մարդկանց զանազան պատիժներ, որոնցից կարելի է նշել ամփոփ ձևով՝
Վտարումը: Վտարում տեսնում ենք մեր նախահոր՝ Ադամի և նախամոր՝ Եվայի կյանքում: Նրանք նախապես ապրում էին բարօրության Եդեմի պարտեզում, որոշ ժամանակ անց մեղանչեցին Աստծո դեմ՝ չկատարելով աստվածային պատվիրանը. « … Բարու և չարի գիտության ծառից մի՛ կերեք, որովհետև այն օրը, երբ ուտեք դրանից, անպայման կմեռնեք» (Ծննդ. 2:17): Աստված դատապարտեց նրանց զանազան պատիժներով (Ծննդ. 3:16-19), որոնց ավարտը Եդեմի դրախտից վտարումն էր. «Եվ Տերը՝ Աստված, նրան դուրս հանեց բարօրության դրախտից՝ մշակելու հողը, որից առաջացել էր։ Ադամին հանեց և բնակեցրեց բարօրության դրախտի դիմաց, իսկ քերովբեներին ու շուրջանակի պտտվող բոցեղեն սրին հրամայեց հսկել դեպի կենաց ծառը տանող ճանապարհները» (Ծննդ. 3:23-24):
Խեղդամահությունը: Եթե մեր շնչափողի մեջ մի կաթիլ ջուրը կարող է մեզ խիստ անհանգստացնել, ապա ինչքա՜ն սոսկալի է խեղդամահությունը՝ որպես պատիժ մեր մեղքերի համար: Ծննդոց գրքի 6-րդ գլխի 1-12 համարներում կարդում ենք, որ երկրի վրա մարդիկ իրենց մտքում չար խորհուրդներ ունեին և կատարում էին չար գործեր, մինչև իսկ Աստվածաշունչ մատյանը դրանց մասին նկարագրում է՝ ասելով. «Երկիրն ապականվեց Աստծու առաջ և լցվեց անիրավությամբ։ Տերը՝ Աստված, տեսավ, որ երկիրն ապականված է, որովհետև բոլորը երկրի վրա ապրում էին անօրեն կյանքով» (Ծննդ. 6:11): Երկրի վրա տեղի ունեցավ մեծ ջրհեղեղ՝ խեղդամահությամբ պատիժ.
«Աստված բնաջնջեց երկրի երեսին գտնվող ամեն մի էակ՝ մարդուց մինչև կենդանի, սողուններից մինչև երկնքի թռչունները։ Նրանք վերացան երկրի երեսից … » (Ծննդ. 7:23), մեռան երկրի բոլոր բնակիչները, բացի Նոյից և իր ընտանիքից. « … Ողջ մնաց միայն Նոյը, և նրանք, որ նրա հետ տապանում էին» (Ծննդ. 7:23), « … Այդ օրերին քչերը, այսինքն՝ ութ հոգի փրկվեցին ջրից» (Ա Պետ. 3:20):
Անհասկացողությունը: Մի ժամանակ երկրի բնակիչները ապրում էին Սենաար երկրի մի դաշտավայրում: Նրանք մտածեցին, ծրագրեցին և սկսեցին կառուցել մի քաղաք և մի աշտարակ, որի գագաթը կհասնի մինչև երկինք: Նրանք հպարտ մարդիկ էին, չէին վստահում Աստծո ուխտին Նոյի հետ, որ այլևս երկիրը ոչնչացնող ջրհեղեղ չի լինելու. «Ես հաստատում եմ իմ ուխտը ձեզ հետ. այլևս ոչ մի էակ չի մեռնի ջրհեղեղից, երկիրը ոչնչացնող ջրհեղեղ չի լինի այլևս» (Ծննդ. 9:11): Ուխտի նշանը՝ ծիածանը երկնքում էր. «Իմ աղեղը [ծիածանը] կդնեմ ամպերի մեջ, և դա թող հավիտենական ուխտի նշանը լինի իմ ու ողջ երկրի միջև» (Ծննդ. 9:13): Աստված խառնեց նրանց մեկ լեզուն, այնպես որ յուրաքանչյուր խումբ սկսեց խոսել տարբեր լեզվով, ինչն անհնարին դարձրեց իրար հասկանալը, և այդ պատճառով նրանք չկարողացան ավարտին հասցնել աշտարակը (Ծննդ. 11:1-9):
Թունավորումը: Երբ Իսրայելի որդիները Կարմիր ծովը տանող ճանապարհով շրջանցեցին Եդովմը, այնտեղ հուսահատվեցին, գանգատվեցին Աստծու ու Մովսես մարգարեի դեմ՝ ասելով. «Ինչո՞ւ մեզ հանեցիք Եգիպտոսից, որ անապատում մեռնենք. որովհետև ո՛չ հաց կա, ո՛չ ջուր, և մենք զզվել ենք այս խղճուկ սննդից» (Թվեր 21:5, Նոր Արարատ թարգմանություն): Նրանք մոռացան Աստծո ամենազորությունը, մոռացության մատնեցին տասը հարվածները, որոնք Աստված հասցրեց եգիպտացիներին, որպեսզի իրենց ազատի այնտեղի ստրկությունից: Որովհետև Իսրայելի որդիների կատարած արարքը մեղանչում էր, Աստված ժողովրդին թունավոր օձեր ուղարկեց, որոնք խայթում էին մարդկանց և դրա պատճառով Իսրայելի որդիներից շատերը մեռան այդ օրը (Թվեր 21: 6)։
Այրումը: Կարդում ենք Դ Թագավորաց գրքի առաջի գլխում, որ Օքոզիա թագավորը պատգամավորներ ուղարկեց Ակկարոնի Բահաղ-Ճանճիկ [եբր․ Բաալ Զեվուվ] աստծուն, որպեսզի հարցնեն նրան, թե պիտի առողջանա կամ ոչ: Բայց որովհետև ճանապարհին Եղիա մարգարեն Տիրոջ հրեշտակի հրամանով հանդիմանեց պատգամավորներին՝ ասելով.
«Իսրայելի մեջ Աստված չլինելո՞ւ պատճառով եք գնում Ակկարոնի Բահաղ-Ճանճիկ աստծուն հարցում անելու։ Ուրեմն այժմ Տերն այսպես է ասում. Այդ մահիճից, որի մեջ պառկել ես, չես իջնելու և դրա մեջ էլ մեռնելու ես» (Դ Թագ. 1:3-4), ուստի, Օքոզիա թագավորը զայրացավ, երեք փոքր բանակ՝ կազմված հիսնապետից և իր հիսուն զինվորներից, ուղարկեց Եղիա մարգարեի մոտ տարբեր ժամանակներում, որպեսզի բռնի ուժով բռնեն Աստծու մարդուն՝ մարգարեին և իր մոտ բերեն: Եղիա մարգարեն աղոթեց և երկնքից երկու անգամ՝ առաջին և երկրորդ բանակների վրա կրակ իջավ և լափեց նրանց (Դ Թագ. 1:9-12):
Անհետացումը: Կորխն ու իր մարդիկ ըմբոստացան Մովսեսի ու Ահարոնի դեմ՝ ասելով. «Ինչո՞ւ եք ձեզ Տիրոջ ժողովրդից բարձր դասում» «Մի՞թե քիչ է այն, որ մեզ հանեցիր այն երկրից (Եգիպտոսից), որ կաթ ու մեղր էր բխեցնում, որպեսզի սպանես մեզ այստեղ՝ անապատում։ Իսկ հիմա սաստո՞ւմ ես մեզ, ի՞նչ է, դո՞ւ ես իշխանը» (Թվեր 16:3, 13): Կորխն ու իր մարդիկ դատապարտվեցին Աստծո կողմից, երբ նրանց ոտքի տակ երկիրը պատռվեց, երկիրը բացվեց և կուլ տվեց նրանց իրենց ունեցվածքով՝ տները, անասունները: Այդ չար մարդիկ ողջ-ողջ իջան դժոխք, վերացան ժողովրդի միջից (Թվեր 16:28-33):
Տեսանք Հին կտարականում, որ որոշ մարդիկ իրենց մեղքերի պատճառով դատապարտվեցին տարբեր պատիժներով՝ վտարումով, խեղդամահությամբ, անհասկացողությամբ, թունավորումով, այրումով, անհետացումով և այլն:
Այո, Աստված սեր է. «Ով չի սիրում, չի ճանաչում Աստծուն, քանի որ Աստված սեր է» (Ա Հով. 4:8), համբերատար է. «Գթած, ողորմած, համբերատար և բազումողորմ է Տերը …» (Սաղմ. 102:8), բայց միաժամանակ արդար է. «Արդար է Տերը և արդարություն է սիրում. Ճշմարտությանն է նայում երեսը նրա» (Սաղմ. 11:7), ամենասուրբ է. «Դու անօրենություն չես կամենում, չարերը քեզ մոտ չեն բնակվում» (Սաղմ. 5:5):
Եթե մեղք գործելը ունի դատապարտություն, որովհետև գրված է. «Մեղքի հատուցումը մահն է» (Հռոմ. 6:23), ապա ինչքա՜ն ահավոր ու սոսկալի է այն մարդկանց պատիժը, որոնք ըմբոստանում են Աստծո դեմ կամ Բարձյալը նրանց համար ծաղրի առարկա է:
Տե՛ր, ողորմիր, Տե՛ր, ողորմիր, Տե՛ր, ողորմիր:
Գևորգ սրկ. Նալբանդյան
Աստվածաբանական գիտությունների դոկտոր