Փաշինյանը հետ է կանգնել իր «աներկբա» դիրքորոշումից. ժողովրդավարական դեգերումների հերթական կանգառը
Հունվարի 14-ին Վաշինգտոնում Հայաստանն ու ԱՄՆ-ը ռազմավարական գործընկերության կանոնադրություն էին ստորագրել, ինչը պաշտպանական համատեքստում իշխանական շրջանակները փորձեցին չափազանցված ներկայացնել:
Մինչդեռ ՀՀ-ԱՄՆ Ռազմավարական գործընկերության հանձնաժողովի կանոնադրության՝ անվտանգությանն առնչվող հատվածում, մասնավորապես, ընդամենը նշվում է.
«Միացյալ Նահանգները սատարում է անկախ, ինքնիշխան և ժողովրդավարական Հայաստանին: Հարավային Կովկասում խաղաղությունն առանցքային է Հայաստանի և տարածաշրջանի շարունակական տնտեսական աճի և ժողովրդավարական զարգացման համար: Պաշտպանության և անվտանգության ոլորտներում Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև համագործակցությունը շահավետ է՝ ինչպես երկու երկրներին, այնպես էլ՝ տարածաշրջանին։
Հաշվի առնելով համաշխարհային խաղաղության և կայունության սպառնալիքների տևականությունը՝ Հայաստանը և Միացյալ Նահանգները մտադիր են ընդլայնել իրենց պաշտպանական և անվտանգային համագործակցության ծրագրերի ծավալը, այդ թվում՝ առաջիկա տարվա ընթացքում նախաձեռնելով երկկողմ պաշտպանական խորհրդակցություններ, և մասնագիտական ռազմական ուսուցման միջոցով՝ աջակցել Հայաստանի զինված ուժերին:
Միացյալ Նահանգները գնահատում է Հայաստանի կարևոր ներդրումն Աֆղանստանում, Իրաքում, Կոսովոյում, Լիբանանում և Մալիում խաղաղապահ ջանքերում: Եվրաատլանտյան կառույցներին Հայաստանի ինտեգրման խորացումը երկկողմ առաջնահերթություն է, և կողմերը նախատեսում են ընդլայնել անվտանգության ոլորտում համագործակցությունը և բարեփոխումների ծրագրերը՝ ուղղված Հայաստանի փոխգործունակության աճին և պաշտպանության ամրապնդմանը»:
Իր հերթին՝ ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հունվարի 15-ին հրավիրված ասուլիսի ժամանակ անդրադառնալով Հայաստան-Միացյալ Նահանգներ Ռազմավարական գործընկերության կանոնադրությանը, նշել էր, որ ՀՀ պաշտպանության նախարարության և ԱՄՆ պաշտպանական դեպարտամենտի համագործակցության մեջ փաստաթուղթը որևէ բան չի փոխում, այսինքն, այն, ինչ կար մինչ այս, դրա շրջանակներում է շարունակվելու համագործակցությունը, ավելին, այն տեղավորվում է վերը նշված փաստաթղթի տրամաբանության մեջ:
Սա ենթադրում է, որ ՀՀ-ԱՄՆ պաշտպանական համագործակցությունը շարունակելու է մնալ խաղաղապահ զորավարժությունների, խորհրդատվության, կրթական ծրագրերի, ՀՀ ԶՈՒ կերպափոխման տրամաբանության մեջ և ոչ ավելին: Այսինքն, Սուրեն Պապիկյանը՝ առանց քարոզչական ոգևորության, ակնարկել էր՝ ռազմական լուրջ աջակցություն, սպառազինություն պետք չէ սպասել ԱՄՆ-ից:
Ինչ վերաբերում է Միացյալ Նահանգների՝ անկախ, ինքնիշխան և ժողովրդավարական Հայաստանին և տարածաշրջանային խաղաղությանն աջակցելուն, չնայած ՀՀ արտաքին գործերի նախարարության ղեկավարության պնդումներին, որ փաստաթուղթը կամ այդ գործընթացը կապ չունի Վաշինգտոնում քաղաքական այս կամ այն թիմի ներկայության հետ, քանի որ դրանք ինստիտուցիոնալ մեխանիզմներ են և ուղղակիորեն կախված չեն քաղաքական տարբեր գործոններից, Նիկոլ Փաշինյանն ԱՄՆ-ում «Save Armenia»-ի կազմակերպմած ընդունելության ժամանակ, ամերիկյան կողմից այս առումով աջակցություն է խնդրել։
«Հայաստանին աջակցելու ամենաարդյունավետ միջոցն ԱՄՆ տեսանկյունից, կասեմ, որ Հարավային Կովկասում խաղաղության հասնելու օրակարգն ԱՄՆ քաղաքական վերնախավի առաջնահերթությունների ցանկում ներառելը կլիներ շատ կարևոր, որովհետև, իհարկե, մենք խթանում ենք ազատությունները, այդ թվում` կրոնական ազատությունը, բայց գիտեք, ես կարծում եմ` մարդկանց ազատությունները պաշտպանելու լավագույն գործիքը կայուն խաղաղությունն է, որովհետև կոնֆլիկտային միջավայրն ամենահարմար միջավայրն է մարդու բոլոր հնարավոր իրավունքները խախտելու համար։
Սա է պատճառը, որ մենք այժմ կենտրոնացած ենք խաղաղության օրակարգի վրա, որովհետև մեր համոզմունքն այն է, որ մեր տարածաշրջանում միայն կայուն խաղաղության առկայությունն է, որ կարող է երաշխավորել պատշաճ միջավայր ժողովրդավարության համար, մարդկանց իրավունքների պաշտպանության համար, և Հայաստանի զարգացման համար։
Հուսով եմ՝ գիտեք, որ հիմա Հայաստանը ձգտում է դեպի ժողովրդավարություն, մենք փորձում ենք ժողովրդավարությունը խորացնել և դնել ինստիտուցիոնալ հենքի վրա, որպեսզի այն կախման մեջ չլինի իշխող ուժերի քաղաքական կամքից։ Սա շատ կարևոր է։ Ես հավատում եմ, որ ժողովրդավարությունը Հայաստանում անշրջելի է։ Հիմա գոյություն ունի միայն մեկ գործիք, որով փորձ է արվում խափանել Հայաստանի ժողովրդավարական ուղին, և դա պատերազմի, սրացումների և հակամարտության գործիքն է»,- հայտարարել է Փաշինյանը:
Այսինքն, նա ընդունում է, որ եթե պատերազմ լինի՝ իր իշխանությունը կարող է կորցնե՞լ, բայց այստեղ մեկ այլ հետաքրքիր հանգամանք կա. պետք է խաղաղություն լինի, որ ժողովրդավարական սկզբունքները կարողանան ապահովել:
Բայց կար ժամանակ, որ իշխանությունները՝ Նիկոլ Փաշինյանը, ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը, փորձում էին վստահեցնել, որ ժողովրդավարությունն ի զորու է ապահովել անվտանգություն և խաղաղություն, ուստի ձգտում են լինել այդպիսին, ինչի մասին հայտարարում էին ժողովրդավարական ֆորումների ժամանակ:
Մասնավորապես, 2023 թվականի մայիսին ժողովրդավարական մի ֆորումի ժամանակ Փաշինյանը հայտարարել էր.
«Պետք է ապացուցենք, որ ժողովրդավարությունն ի զորու է ապահովել նաև անվտանգությունը: Իհարկե, մենք հասկանում ենք, որ անվտանգության միակ երաշխիքը կարող է լինել կայուն և տևական խաղաղությունը: Հույս ունենք, որ միջազգային հանրությունը կօգնի մեզ հասնել դրան»:
2023 թվականի հոկտեմբերին էլ Եվրոպական խորհրդարանում իր ելույթի ժամանակ նա հայտարարել էր.
«Հայաստանի Հանրապետությունում և աշխարհի տարբեր վայրերում տեղի ունեցող մի շարք իրադարձություններ առաջ են բերում հետևյալ հարցը. իսկ ի վիճակի՞ է արդյոք ժողովրդավարությունն ապահովել անվտանգություն, խաղաղություն, միասնականություն, բարեկեցություն և երջանկություն: Բայց ես չեմ եկել այստեղ հարցնելու, ես այստեղ եկել եմ պատասխանելու, և իմ պատասխանը «այո» է աներկբա»:
Իսկ այսօր, երբ ԱՄՆ-ում Թրամփի վարչակարգն այլ առաջնահերթություններով է շարժվում, և Փաշինյանը տեսնում է, որ ժողովրդավարական «խաղերով» կամ հարցերի խաղարկմամբ չի կարող դիվիդենտներ շահել, շատ ուղիղ ԱՄՆ-ից աջակցություն է խնդրում, որ կարողանա ՀՀ քաղաքացիների իրավունքներն ու ազատություններն ապահովել: Փաշինյանական շանտաժ:
168.am-ը դեռ 2023 թվականին վերլուծություն էր հրապարակել ժողովրդավարության և պատերազմի մասին Նիկոլ Փաշինյանի մանիպուլյացիաների մասին, և բացարձակ անսպասելի չէ Փաշինյանի այս առումով հերթական մտակերպափոխումը, քանի որ, եթե ժողովրդավարությունը (եթե ընդունենք, որ Փաշինյանի ղեկավարած Հայաստանը ժողովրդավար է) կարողանար դեր ունենալ պատերազմական հաղթանակներում և անվտանգության ապահովման հարցում, ուրեմն՝ Ադրբեջանը պետք է պարտված լիներ և չկարողանար միջազգային հարթակներում իր թեզերն ընկալելի դարձնել:
Իսկ այսօր, առավել քան երբևէ, ուժն է որոշում իրավունք, դրա ականատեսը եղանք նաև Սիրիայում:
Ընդ որում, ժողովրդավարական իր դեգերումներում Փաշինյանը ևս որոշակի պահերի ընդունել է, որ ժողովրդավարությունն ի զորու չէ պատերազմ կանխել. «2020 թվականի պատերազմը բոլոր առումներով 2016 թվականի պատերազմի շարունակությունն է, այլ բան, եթե ասեք՝ ժողովրդավարությունը չկարողացավ այնպես անել, որ այդ պատերազմը տեղի չունենա» (2023, մայիս):
Մեկ այլ դեպքում Փաշինյանը ժողովրդավարությունը պատերազմի հրձիգ է համարել, այսինքն, նայած, թե քաղաքական շահն ինչ է թելադրել:
Այսօր, ըստ էության, ինչպես նշեցինք, Փաշինյանն ասում է՝ ժողովրդավարության համար պետք է կայուն խաղաղություն ունենալ, և այդ հարցում ակնկալում է ԱՄՆ աջակցությունը, մինչդեռ նրան իշխանափոխությունից հետո դեռ չի հաջողվել ԱՄՆ որևէ նախագահի հետ աշխատանքային հանդիպում ունենալ՝ ի տարբերություն նախկին նախագահների, և Փաշինյանը ստիպված է, այսպես ասած՝ «յոլա» գնալ՝ մասնակցելով ոչ բարձր մակարդակի հանդիպումներին:
Այս օրերին Փաշինյանն ԱՄՆ-ում է՝ մասնակցելու 5-րդ ամենամյա Միջազգային կրոնական ազատության գագաթնաժողովին, ինչպես նաև «Ազգային աղոթքի նախաճաշին», որտեղ փորձում է նաև ԱՄՆ հայ համայնքի միջնորդությամբ փրկել իր իշխանությունը՝ հաշվի առնելով, որ հայ համայնքը լուրջ ձայներ է տվել Թրամփին: Եվ այստեղ արդեն հայ համայնքը պիտի իրեն ճիշտ դրսևորի:
Ի դեպ, մոտ երկու տարի առաջ Փաշինյանը պնդում էր, որ «Հայաստանի Հանրապետությունը պարզապես կաթվածահար կլիներ, կկորցներ իր անկախություն ու ինքնիշխանությունը, եթե չլիներ ժողովրդավար»: Այսօր, ըստ նրա, Հայաստանի Հանրապետությունը կկազմաքանդվի, եթե չառաջնորդվեն «Իրական Հայաստանի» իր տեսլականով և թուրք-ադրբեջանական տանդեմի սադրանքներին էմոցիոնալ պատասխան տան:
Իսկ «իրական Հայաստան» ունենալու հնարավորություն, Փաշինյանի տրամաբանությամբ, վաստակել են 44-օրյա պատերազմում պարտության արդյունքում. ինչպես ասում են՝ առանց մեկնաբանության: