Նիկոլ Փաշինյանի տարբեր մանիպուլյացիաները ժողովրդավարության և պատերազմի մասին

Եվրոպական խորհրդարանում իր ելույթի ժամանակ Նիկոլ Փաշինյանն այսօր հայտարարել է, թե շատերն ասում են, որ Հայաստանն այսօր տառապում է ժողովրդավարության պատճառով, սակայն, ըստ նրա, «վերջին տարիներին իրեն բաժին հասած, մեծ հաշվով, անխուսափելի փորձություններից Հայաստանի Հանրապետությունը պարզապես կաթվածահար կլիներ, կկորցներ իր անկախություն ու ինքնիշխանությունը, եթե չլիներ ժողովրդավար»:

«Հայաստանի Հանրապետությունում և աշխարհի տարբեր վայրերում տեղի ունեցող մի շարք իրադարձություններ առաջ են բերում հետևյալ հարցը. իսկ ի վիճակի՞ է արդյոք ժողովրդավարությունն ապահովել անվտանգություն, խաղաղություն, միասնականություն, բարեկեցություն և  երջանկություն:  Բայց ես չեմ եկել այստեղ հարցնելու, ես այստեղ եկել եմ պատասխանելու, և  իմ պատասխանը «Այո» է աներկբա»,– հավելել է նա:

Այսինքն, Նիկոլ Փաշինյանը շարունակում է պնդել, որ այսօրվա աշխարհում ժողովրդավարությունն անվտանգության և պետականության պահպանման կարևոր երաշխավոր է, ավելի կոնկրետ՝ Հայաստանի ժողովրդավար լինելը, եթե, իհարկե, կարելի է այսօրվա ՀՀ-ին համարել ժողովրդավար:

Իսկ Փաշինյանն այս միտքն առաջին անգամ չէ, որ արտահայտում է: Մասնավորապես, 2023 թվականի մայիսի վերջին Ժողովրդավարության հայկական ֆորումին, իհարկե, ոչ այնքան հաստատակամ նա ասել էր.

Կարդացեք նաև

«Հայաստանի Հանրապետությունում ժողովրդավարությանը սպառնացող ոչ մի ներքին վտանգ չկա: Ես սրանում համոզված եմ: Հայաստանի Հանրապետության ժողովրդավարությանը սպառնացող բոլոր հնարավոր վտանգներն արտաքին են, և այդ վտանգները, իհարկե, հանրահայտ են և բոլորին տեսանելի: Բայց կարևոր է նաև, որ մենք ի վիճակի լինենք միասին ապացուցել և պատասխանել, թերևս, այսօր Հայաստանում ամենախիտ և ամենաթանձր հարցին, որն առկա է հանրության շրջանում: Իսկ հարցը հետևյալն է՝ արդյոք ժողովրդավարությունն ի վիճակի՞ է նաև ապահովել անվտանգություն: Սա իսկապես հարց է, որի դրական պատասխանին մենք հավատում ենք, բայց դա դեռ պետք է ապացուցել: Ես հույս ունեմ, որ մենք ի վիճակի կլինենք, և ինչ-որ տեղ համոզված եմ, որ ի վիճակի կլինենք այս հարցին դրական պատասխան տալ:

Այս առումով ուզում եմ ընդգծել, որ, այո՛, ժողովրդավարությունը շարունակելու է  լինել Հայաստանի առանցքային, հիմնական բրենդը, բայց հույս ունեմ, որ այն նաև հարակից և աջակցող բրենդներ կունենա շարունակաբար, որոնցից մեկը կլինի տնտեսական բարձր աճը, և երկրորդը՝ խաղաղությունը: Այս եռամիասնությունն է, որ պիտի ծառայի բուն նպատակին: Որովհետև, ի վերջո, մենք խոսում ենք ազատությունների մասին, բայց ազատությունն ինքը գերնպատակ չէ, ազատությունը միջոց է՝ ապահովելու մարդու բարեկեցությունն ու երջանկությունը»:

Այս համատեքստում Փաշինյանը վտանգավոր է համարել ձևակերպումը, որ  հարձակվում են այն երկրների վրա, որտեղ ժողովրդավարական բարեփոխումներ են տեղի ունենում:

«Դա, իմ կարծիքով, իրավիճակի ճիշտ ընկալում չէ, որովհետև բոլորս մոռանում ենք 2016 թվականի պատերազմը: 2020 թվականի պատերազմը բոլոր առումներով 2016 թվականի պատերազմի շարունակությունն է: Այլ բան, եթե ասեք՝ ժողովրդավարությունը չկարողացավ այնպես անել, որ այդ պատերազմը տեղի չունենա: Ես դա անընդհատ հիշեցնում եմ՝ ի վերջո, չմոռանանք, 2018 թվականի ապրիլին Սերժ Սարգսյանը՝ որպես վարչապետի թեկնածու, պատերազմի անոնս արել էր: Այն ժամանակ Հայաստանում դեռ հեղափոխություն տեղի չէր ունեցել: Եվ սա շատ կարևոր ըմբռնում է՝ ինչո՞ւ ժողովրդավարական իշխանությունը չկարողացավ խուսափել պատերազմից: Հենց նախագահի նշած հանգամանքի պատճառով, որովհետև իշխանությունն առերեսվեց Ղարաբաղի հարցի հետ կապված ճշմարտության մի ծավալի, որն անմարսելի էր առաջին հերթին՝ հրապարակից եկած իշխանության, և էլ ավելի անմարսելի՝ հանրության համար: Սա է ֆունդամենտալ պատճառը, որովհետև երբ կարգախոսների տակ տեսնում ես՝ ինչ կա, և դա անմարսելի է իրականում»:

Այս հայտարարությունից մեկ ամիս առաջ էլ՝ ապրիլի 29-ին, Քաղաքացու օրվա առիթով իր ուղերձում Փաշինյանը նշել էր.

«Մեր ընդդիմախոսներն ասում են՝ թող չունենայինք ժողովրդավարություն, բայց չունենայինք նաև այն աղետալի ձախողումները, որ ունեցանք, մասնավորապես՝ 44-օրյա պատերազմում և դրանից հետո:

Բայց գոնե այսօր պիտի համարձակություն ունենամ ասելու. այդ աղետները վրա հասան երկար տարիներ ժողովրդավարություն, օրինականություն, քաղաքացիական ազատ բանավեճ չունենալու հետևանքով, այն տաբուների, կաղապարների և «ճշմարտությունների» պատճառով, որոնք ստեղծվել էին բարեհունչ վերնագրերի ներքո, բայց ո՛չ հանուն պետականության: Մենք ժամանակին չկարողացանք հաղթահարել այդ տաբուներն ու կաղապարները, և դա էր, թերևս, մեր մեծագույն ձախողումը»: 

Իսկ 2022 թվականի մայիսին Միջազգային հարաբերությունների նիդեռլանդական ինստիտուտում  (Քլինգենդայլ) կազմակերպված հարցուպատասխանի ժամանակ  Փաշինյանը պնդել էր հետևյալը.

«2020 թվականի Ղարաբաղյան պատերազմն իրականում ոչ մի կապ չունի Հայաստանի ժողովրդավարական լինելու հետ: Այստեղ իրավիճակն ավելի լուրջ է, և ես պիտի ձեզ մի այսպիսի զուգահեռ ներկայացնեմ. ընդհանրապես ընդունված է կարծել կամ այդպիսի կարծիք գոնե 90-ականների սկզբին կար նաև Եվրոպայում, որ 1988 թվականին մեկնարկած, սկսած Ղարաբաղյան շարժումն է, որ հետագայում հանգեցրեց Խորհրդային Միության կամ փլուզման, կամ աշխարհակարգի փոփոխության: Իմ խորը հավատը և համոզմունքն է նաև այն, որ իրականում 2020 թվականի Ղարաբաղյան պատերազմը, 44-օրյա պատերազմն, ըստ էության, մի հերթական նշանն էր այն բանի, որ մեզ սպասում են գլոբալ աշխարհաքաղաքական փոփոխություններ և աշխարհակարգի փոփոխություն է տեղի ունենալու: Իրականում պատերազմի պատճառները երկուսն էին, առաջինը՝ գլոբալ և ռեգիոնալ ուժերի հարաբերակցության փոփոխությունը, որ երկար տարիներ տեղի են ունեցել, և այս ֆոնի վրա Ադրբեջանի վարած հետևյալ բանակցային քաղաքականությունը, որ՝ տվեք մեզ այն, ինչ մենք ուզում ենք ստանալ, այլապես մենք այն կստանանք պատերազմով: Այս իմաստով ակնհայտ է և միանշանակ, որ պատերազմն այս համատեքստում անխուսափելի էր: Իհարկե, այն դաժան փորձություն էր Լեռնային Ղարաբաղի հայության համար, Արցախի համար, Հայաստանի Հանրապետության համար և Հայաստանի ժողովրդավարության համար»:

Ի դեպ,  2021 թվականի ապրիլի 14-ին ԱԺ-ում Փաշինյանը նշել էր՝ պատերազմը հրահրող ամենամեծ գործոնը եղել է այն, որ մեր հակառակորդը տեսել է, որ Հայաստանը դառնում է որակապես այլ կարգի պետություն:

«2019թ. մենակ մենք չենք տեսել, իրանք էլ են, չէ՞, տեսել: Պատերազմի ամենամեծ հրձիգը եղել են ՀՀ-ում տեղի ունեցող խորը բովանդակային և համակարգային փոփոխությունները: Եվրոպայի տարածաշրջանում ՀՀ-ն ամենամեծ տնտեսական աճն է ունեցել 2019-ին: Եթե տեսնեին, որ Հայաստանի անկումը շարունակվում է, էլի կսպասեին, պատերազմ չէին անի, որովհետև որքան անկումը շարունակվեր, այնքան ավելի հեշտ կլիներ: Թռիչքի պահին ա պետք հարվածել, որ այդ երկիրը հնարավորություն չունենա ավելի դիմակայելու, ռեսուրսներ կուտակելու: Թե չէ ասում են՝ ասել ես՝ Արցախը Հայաստան ա: Դուք ասել եք՝ Արցախն Ադրբեջան ա, մենք էլ ասել ենք՝ Արցախը Հայաստան ա»:

Սրանից հետո ՀՀ-ի դեմ տարբեր հարձակումներ Նիկոլ Փաշինյանը համարել է ՀՀ-ի ժողովրդավարության դեմ: Իհարկե, 2023-ի մայիսին  Ռեյկյավիկում Եվրոպայի խորհրդի գագաթնաժողովի ժամանակ Փաշինյանը 44-օրյա պատերազմի բազմաթիվ պատճառների կողքին նաև հարկ էր համարել նշել՝ «պատերազմը նաև  ՀՀ կառավարության փոփոխության հասնելու նպատակ ուներ»:

Փաստորեն Նիկոլ Փաշինյանը մեկ ժողովրդավարությունը համարել է Ադրբեջանի համար թիրախ պատերազմ սկսելու, մեկ նշել, որ, օրինակ, 44-օրյա պատերազմը որևէ կապ չուներ ՀՀ-ի ժողովրդավար լինելու հետ, և դրանում, այսպես ասած, նախկիններից ստացած ժառանգությունն էր մեղավոր, և մեկ էլ նորից շարունակում է համոզել, որ ժողովրդավարությունն անվտանգության կարևոր երաշխիք է: Իրականում բոլոր ասվածներում կա ճշմարտություն. 44-օրյա պատերազմի պատճառը ՀՀ-ի ժողովրդավար լինել-չլինելը չէր, այլ Նիկոլ Փաշինյանի արկածախնդիր քաղաքականությունը և ձախողված դիվանագիտությունը, որոնք որպես պատճառներ՝ կարող ենք նշել նաև 2020 թվականից հետո հետպատերազմյան զարգացումների համատեքստում: Ի վերջո, ո՛չ Ադրբեջանը, ո՛չ էլ Ալիևը ժողովրդավար չեն, բայց առավել ընկալելի են միջազգային հանրության համար: Մյուս կողմից՝ ժողովրդավարությունը կարող է անվտանգային որոշակի երաշխիքներ տալ, եթե Հայաստանն իրականում ժողովրդավար լինի, քան Ադրբեջանը, ինչն առկա էր նախկին իշխանությունների օրոք, և սա նրանք որպես հաղթաթուղթ, լավ կամ վատ, կարողանում էին օգտագործել, որքան էլ որ միջազգային հանրությունն այս առումով ՀՀ նախկին իշխանությունների նկատմամբ առավել ուշադիր էին և ցանկացած, այսպես ասած, ոչ ժողովրդավար քայլ արձանագրում էին իրենց զեկույցներում, ինչի պակասն այսօր կա Նիկոլ Փաշինյանի իշխանության նկատմամբ, երբ կան քաղբանտարկյալներ, երբ մարդիկ ֆեյսբուքյան գրառման համար կալանավորվում են, երբ խափանման այլ միջոց գրեթե չի կիրառվում:

Իսկ  ժողովրդավարության, այսպես ասած, անվտանգային ազդեցության հետ կապված միայն Նիկոլ Փաշինյանը չի տարբեր պնդումներ արել, այլ նաև ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը: Որպես ԱԽ քարտուղար՝ նա մեկ անգամ չէ, որ պնդել է՝  ժողովրդավարությունը բարձրացնում է ՀՀ անվտանգային և պաշտպանունակության մակարդակը: Մինչդեռ ընդդիմադիր Արմեն Գրիգորյանը 2014-ին  «Սիվիլնեթում» տպագրած «Ինչպես կանխել պատերազմը» վերտառությամբ հոդվածում պատերազմի կանխման այլ պատճառներ էր նշել:

«Պատերազմի պատճառների մասին բազմաթիվ գործոններ կարելի է նշել, սակայն ամենակարևոր երեքն են՝ մարդու բնույթը, պետության կառուցվածքը և միջազգային հարաբերությունների կառուցվածքը։

Մարդու բնույթը կարևոր դեր է խաղում պատերազմի սկսման որոշումներ կայացնելու համար, սակայն բնույթը շատ դեպքերում երկրորդական է դառնում, քանի որ արտաքին գործոններով պայմանավորված սահմանափակումներ են լինում: Նման սահմանափակում կարող է լինել պետության կառուցվածքը, ինչպես նաև միջազգային հարաբերությունների կառուցվածքը և վերջինիս շրջանակում ուժերի հավասարակշռությունը: Օրինակ՝ Ադրբեջանը միանշանակ ցանկություն ունի պատերազմ սկսել Հայաստանի դեմ, որպեսզի կարողանա վերագրավել Ղարաբաղը, սակայն Ադրբեջանի կառավարման համակարգը և Հայաստանի հետ ուժերի հավասարակշռությունը թույլ չեն տալիս նման որոշում կայացնել։

Պետության կառուցվածքը ևս կարևոր գործոն է պատերազմ սկսելու որոշում կայացնելու համար։ Մարդկության պատմության ընթացքում կառավարման բոլոր համակարգերն էլ գնացել են պատերազմի: Չկա կառավարման համակարգ, որը բացառի պատերազմը։ Այդ առումով որոշ առաջընթաց կատարել են ժողովրդավարական կառավարման մոդելները, որովհետև հավանականությունը քիչ է, որ երկու ժողովրդավարական կառավարման համակարգ ունեցող երկրներ միմյանց դեմ պատերազմելու որոշում կայացնեն: Սակայն դա չի նշանակում, որ ժողովրդավար պետությունները չեն գնա պատերազմի: ԱՄՆ-ի և Եվրոպայի մի շարք պետությունների փորձը հաստատում է, որ ժողովրդավարական համակարգերը նույնպես պատերազմում են։

Պատերազմ սկսելու հաջորդ կարևոր գործոն է միջազգային հարաբերությունների անարխիկ կառուցվածքը։ Անարխիկ կառուցվածքի պայմաններում պատերազմի զսպող գործոնը ուժերի հավասարակշռությունն է: Հաճախ այդ հավասարակշռության խախտումը հանգեցնում է պատերազմի։ Էմանուիլ Կանտը գտնում էր, որ անարխիկ կառուցվածքը փոխելու համար անհրաժեշտ է համաշխարհային պետություն ստեղծել, որն էլ կբացառի պատերազմը: Իրականում համաշխարհային պետության գաղափարը անիրականանալի է: Այդ իսկ պատճառով հավասարակշռությունն է պատերազմի կանխման կարևոր գործոնը»,- գրել էր Գրիգորյանը և հավելել, որ պատերազմից խուսափելու լավագույն տարբերակը ուժերի հավասարակշռության պահպանումն է:

«Եթե մարդու բնույթն ու մոտեցումներն պատերազմի մասին հնարավոր լինի փոխել, ամբողջ աշխարհի պետությունները ժողովրդավարական դարձնելը գրեթե անհնարին կլինի մոտ ապագայում: Բացի այդ, անհնար է փոխել միջազգային հարաբերությունների կառուցվածքը։ Վերը նշվածը նշանակում է, որ պատերազմներ բացառելը դժվար կլինի, սակայն հնարավոր կլինի խուսափել, եթե ուժերի հավասարակշռություն լինի հակամարտող կողմերի միջև:

Պատերազմից խուսափելու լավագույն տարբերակը ուժերի հավասարակշռության պահպանումն է: Եթե կողմերից մեկը դիմում է քայլերի, որպեսզի խախտի հավասարակշռությունը, ապա մյուս կողմը պետք է քայլեր ձեռնարկի, որպեսզի վերականգնի հավասարակշռությունը: Իսկ դա հաճախ նշանակում է պատրաստվել պատերազմի: Դա է պատճառը, որ պատմության ընթացքում պատերազմին պատրաստվողները ավելի շատ են խաղաղություն բերել աշխարհին, քան խաղաղության պատրաստվողները:

Հ.Գ. «Պատերազմին պատրաստվելը չի նշանակում հարձակվել, այլ՝ ստեղծել պաշտպանական այնպիսի համակարգ, որը հակառակորդին թույլ չի տա պատերազմ սկսել»,- 2014-ին գրած իր հոդվածն ավարտել էր Արմեն Գրիգորյանը:

Այսինքն, եթե թշնամիդ ժողովրդավար երկիր չէ, դու չես կարող մտածել, որ ժողովրդավար լինելով՝ կարող ես պատերազմ կանխել կամ խաղաղություն հաստատել: Եվ հետո, ինչպես ընդդիմադիր Արմեն Գրիգորյանն է նշում իր հոդվածում, անգամ ժողովրդավար պետություններն են պատերազմում, իսկ պատմությունը ցույց է տվել, որ պատերազմին պատրաստվողներն ավելի շատ են խաղաղություն բերել աշխարհին, քան խաղաղության պատրաստվողները: Նիկոլ Փաշինյանը մի առիթով խոստովանել է, որ 44-օրյա պատերազմը կարող էր կանխել.

«Կարող էինք կանխել պատերազմը, բայց կունենայինք այս վիճակը, իհարկե, առանց զոհերի»: Կարող էր, թե չէր կարող՝ այլ հարց է, բայց փաստն այն է, որ պատերազմից հետո Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի արել վերականգնելու ՀՀ զինված ուժերի կարողությունները, այսինքն՝ ոչ թե ուժային հավասարակշռություն ապահովելու փորձեր չեն արվել, այլ առնվազն քայլ չեն արվել վերականգնելու երբեմնի ունեցածը:

Իսկ Նիկոլ Փաշինյանը ոչ թե պատերազմի է պատրաստում երկիրը, այլ խաղաղություն չբերող և պատերազմ խոստացող խաղաղության: Իսկ այսօր արդեն ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը ոչ միայն համաձայնում է սրա հետ, այլ ինքն է գնում այդ ուղիով, որը 2014-ին անթույլատրելի էր համարում:

Տեսանյութեր

Լրահոս