Ժողովուրդը պիտի ճռռա հսկայական պարտքերը փակելու համար
Վերջին տարիներին Նիկոլ Փաշինյանի վարչախումբը պետական պարտքը մեծ տեմպերով ավելացրել է։ Ոչ մի այլ իշխանության ժամանակ պարտքն այսպիսի արագությամբ չի ավելացել, ինչպես ՔՊ-ականներն են ավելացրել։ Երբ եկան իշխանության, կառավարության պարտքն ընդամենը 6,1 մլրդ դոլար էր։ Այսօր արդեն անցնում է 12 միլիարդից։
Անցած տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ, կառավարության պարտքը կազմել է 12 մլրդ 338 մլն դոլար։
Վեց ու կես տարվա ընթացքում Նիկոլ Փաշինյանը կառավարության պարտքն ավելացրել է 6 մլրդ 181 մլն դոլարով։ Այլ կերպ՝ ավելի շատ, քան կար մինչև նրա իշխանության գալը։
Նախորդ 28 տարիներին, նախկին բոլոր իշխանությունների օրոք կառավարությունը 6 մլրդ 157 մլն դոլարի պարտք էր կուտակել, միայն Նիկոլ Փաշինյանը վեց ու կես տարում պարտքն ավելացրել է 6 մլրդ 181 մլն դոլարով։ Ավելի քան կրկնապատկել է։
Միջին տարեկան շուրջ 1 մլրդ դոլարով պարտք են կուտակել։ Անցած տարի պարտքի աճը գերազանցեց նույնիսկ 1 միլիարդը։
Ֆինանսների նախարարության հրապարակած տվյալներով՝ 2024թ. ընթացքում կառավարության պարտքն ավելացել է ևս 1 մլրդ 43 մլն դոլարով։
Ագահորեն պարտքերի այս ավելացումն էլ էապես ծանրաբեռնել է պետական բյուջեն։ Տարեկան հարյուրավոր միլիոն դոլարներ են հատկացվում միայն պարտքի տոկոսները փակելու համար։ Այս տարվա համար պարտքի սպասարկումն արդեն հասել է 1 մլրդ դոլարի։ Այդքան գումար պետական բյուջեից պիտի վճարվի պարտքի տոկոսները փակելու համար։ Կրկնակի ավելի շատ էլ պետք է պարտքը մարելու համար։
Կառավարության պարտքի սպասարկումը կտրուկ մեծացել է ոչ միայն այն պատճառով, որ այս կարճ ժամանակահատվածում Նիկոլ Փաշինյանն ու իր վարչախումբը կրկնապատկել են կառավարության պարտքերը, այլև հասցրել են էապես թանկացնել։ Մինչև իշխանության գալը կառավարության պարտքի միջին տոկոսադրույքը 4,9 էր։ Հիմա դարձել է 7,2 տոկոս։
Պարտքը 2,3 տոկոսային կետով թանկացել է։
Հիմա պատկերացրեք, թե 2,3 տոկոսն ինչպիսի հսկայական ֆինանսական լրացուցիչ ծանրություն է 12,3 մլրդ դոլար պարտքի վրա։ Այդ պատճառով էլ այսօր Հայաստանի «հերոս» հարկատուի վճարած հարկերի առնվազն 13-14 տոկոսը գնում է միայն պարտքի տոկոսների սպասարկմանը։
Պարտքերով այնքան են մեծացրել պետական բյուջեի բեռը, որ դրանք սպասարկելու համար ամենուրեք հարկային բեռ են ավելացնում ու ծանրացնում քաղաքացիների վրա։ Ժողովրդից ու տնտեսությունից քերում են, որ պարտքերը փակեն։
Ասում են՝ քաղաքային տրանսպորտը բարելավել ենք, «Գազելները» խոստացել էինք հանել, հանել ենք, նոր ու հարմարավետ ավտոբուսներ ենք բերել։ Իբր ժողովրդին լավություն են արել, վարկեր են վերցրել՝ ավտոբուսներ են բերել, ու հիմա ժողովրդին ստիպում են կրկնակի-եռակի ավելի շատ վճարել քաղաքային տրանսպորտի համար, որ փակեն վարկերը։
Այսպես են բարելավել քաղաքային տրանսպորտը՝ առանց հաշվի առնելու դրա հետևանքները քաղաքացու ու պետության վրա։ Քաղաքացու ու պետության վրա պարտքերով, այն էլ՝ թանկ պարտքերով, հսկայական ֆինանսական բեռ են ավելացրել և հիմա ամենուրեք հարկերն ու տուրքերը բարձրացնում են, ուղեվարձերը թանկացնում են, որ դրանք փակեն։
Քաղաքային տրանսպորտի այն ուղեվարձը, որը պարտադրում են քաղաքացիներին, ներառում է նաև այս վարկերի վերադարձման ծախսերը։
Իրավիճակն այլ կլիներ, եթե ոչ թե վարկերով, այլ ներքին եկամուտներով բերեին ավտոբուսները։ Սակայն ներքին եկամուտները ծախսել են իրենց քմահաճույքների վրա, թանկարժեք մեքենաներ են գնել, պարգևավճարներ են բաժանել, վատնել են հազար ու մի անիմաստ միջոցառումների վրա։ Իսկ վարկերով քաղաքային տրանսպորտ են «բարելավել» ու պարտքերի վերադարձման ողջ ծանրությունը թողել քաղաքացիների, այն էլ՝ սոցիալապես անապահով քաղաքացիների վրա։
Վաղը նույնն անելու են մետրոյի կայարան կառուցելու պարագայում, եթե, իհարկե, մի օր այն կառուցվի։ Կրկին վարկ կվերցնեն ու կթողնեն քաղաքացու վրա, կստիպեն ավել վճարել, որպեսզի քաղաքացու հաշվին փակեն այդ վարկերը։
Պետական բյուջեն դարձրել են իրենց գրպանը։ Այդ գրպանի հաշվին իրենք իրենց համար ինչ ուզում՝ անում են, վատնում ու շռայլում են պետության փողերը, իսկ երբ հարցը հասնում է քաղաքացուն՝ վազում վարկեր են վերցնում։
Եվ սա միայն ավտոբուսներին չի վերաբերում։ Ասֆալտը, որը դարձրել են իրենց իշխանության քաղաքական խաղաքարտն ու այսքան տարի «ասֆալտով» կերակրում են ժողովրդին, կրկին այս միլիարդների հասնող պարտքերի հաշվին են անում։ Պարտքերի հաշվին են նաև կառուցվող ու վերակառուցվող դպրոցները, մանկապարտեզները, ջրագծերը, լուսավորությունը։ Դրա համար էլ վեց ու կես տարում 6,2 մլրդ դոլարի պարտքի բեռ են դրել պետության վրա։
Կարծում են՝ նախկինները չէին կարող պարտքեր վերցնել ու ավտոբուսներ բերել կամ գյուղական ճանապարհներն ասֆալտապատել, մի քանի ավել դպրոց, մանկապարտեզ կառուցել ու ժողովրդի աչքին լավամարդ դառնալ։ Կարող էին, այն էլ ինչպես։ Պարզապես հասկանում էին դրա հետևանքները։
Պարտք վերցնելը գուցե և վատ բան չէ, բայց երբ այդ պարտքերը տնտեսական արդյունք չեն ստեղծում, հավելյալ եկամուտներ չեն ապահովում պետական բյուջեի համար՝ վերջում այսպիսի բեռ են դառնում քաղաքացիների վրա։ Հարկերն են բարձրացնում, տուրքերն են ավելացնում՝ հաշվի չառնելով սոցիալական վիճակն ու վճարունակությունը՝ մարդկանց քերում են, որպեսզի վերադարձնեն պարտքերը։
Պարտքերով այնքան են ծանրացրել պետական բյուջեն, որ եղած միջոցներն այլևս բավարար չեն դրանք մարելու համար։ Պարտքի որոշ ցուցանիշներն են արդեն վտանգավոր գոտում։ Ժամկետայնության «կարմիր լույսն» է սկսել վառվել։
Միջին ժամկետայնությունն առնվազն 7 տարի պիտի լիներ, անցած տարվա դեկտեմբերի վերջի դրությամբ եղել է 6,9 տարի։
Սա լուրջ ահազանգ է՝ զսպելու պարտքերի ներգրավման իշխանությունների ախորժակը, բայց նույն ջանասիրությամբ շարունակում են պարտքերն ավելացնել, պետության ու քաղաքացիների վրա նոր բեռ դնել։
ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ



