Էսօր դուխով խոսքը խելոք մնալն ա, ավել բառ չասենք. Սասուն Միքայելյան
Երկրապահ կամավորական միության ղեկավար Սասուն Միքայելյանն այսօր «Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում ասաց, որ սահմանազատման պրոցեսում հայկական դիրքերից թշնամին հետ կքաշվի:
Նա բավականին կոշտ էր արձագանքում լրագրողների հարցերին՝ նշելով, որ լրագրողների գործը չէ, թե որ սահմանն է պահում երկրապահը:
Դիտարկմանը՝ սահմանները փոքրանում են, հողեր ենք տալիս, թշնամին Ջերմուկում է, նա արձագանքեց. «Լսի, դու ինձի դիրքեր մի բացատրի, սահմաններ մի բացատրի: Էն, ինչ էսօր կա, մենք կանգնած ենք էդ սահմանում, որ պահենք»:
Հարցին՝ էդ ե՞րբ ենք վախեցել ասել, որ դրանք մեր հողերն են, նա պատասխանեց. «Ինչ հող, որ կա, սահմանազատման հետ կապված, սահմանազատում է գնում, ընթացքում պարզ կլինի, գիտեք, որ սահմանազատումը էն, որ մտել են մեր դիրքերը, պիտի հետ քաշվեն, թշնամին»:
Լրագրողը ճշտող հարց տվեց՝ Ալիևի՞ց ենք վախենում, հենց ասենք՝ մեր հողերն են՝ կկորցնե՞նք:
«Ալիևից կարող ա դու ես վախենում, բայց խելոք պիտի լինենք: Էսօր հոխորտալով, մեծ-մեծ խոսելով չի, բոլորս, քեզնից սկսած՝ պիտի խելոք լինենք, էս իրավիճակից դուրս գանք: Ի՞նչ, հելնեմ ասեմ՝ պիտի մտնենք Մուշ, Սասուն, Ալաշկերտ, Արդահա՞ն: Էս բանակցությունները մտել է դիվանագիտական փուլ, մենք պիտի խելոք լինենք, էսօրվա իմ խոսակցությունում մի բան կգտնեք, հետո թեմա կսարքեք: Ես զգուշավոր չեմ, ես իմ երկրի համար եմ զգուշավոր, ոչ թե ձեր խոսակցության: Մտել է դիվանագիտական փուլ ու նորմալ ընթանում է»,- ի պատասխան՝ ասաց նա:
Լրագրողի դիտարկմանը՝ միշտ սովոր ենք եղել ԵԿՄ նախագահից դուխով խոսք լսել, մեր սուվերեն տարածքները պաշտպանող խոսք լսել, նա արձագանքեց. «Էսօր դուխով խոսքը խելոք մնալն ա, գաղափարապես խելոք լինենք, որ էս ընթացքն անցնի: Միջազգային ատյաններում քննարկվում է Հայաստանի և Ադրբեջանի հարցը, և մենք պետք է խելոք լինենք, ավել բառեր չասենք՝ էս կասենք, էն կանենք, բանակցություններ են ընթանում»:
Դիտարկմանը՝ Ալիևն է հայտարարություններ անում, նա արձագանքեց. «Ալիևը շատ բան է ասում»:
Մանրամասները՝ տեսանյութում