Իրական «խաղաղության օրակարգ» թելադրողը հաղթանակած բանակն էր, որը հիվանդ է, բայց կվերածնվի․ Շուշան Պետրոսյան
Այսօրվա վիճակը հիշեցնում է Եղեռնի ճանապարհին Աստվածաշունչը հագուստի տակ պահած, ինքնությունը չկորցնելու ցանկությամբ, մահվան դեմ մաքառող հային։ Մեզ համար մեծագույն արժեք հայոց բանակը դավաճանաբար կործանեցին։ Այսօր կա բանակը, բայց այդ բանակում ամենակարևորը չկա՝ ոգին։ Այլևս անհանդուրժելի է որևէ կորուստ, թեև անընդհատ նման լուրեր ենք լսում։ Ու չնայած բանակը հիվանդ է, բայց այն կա, բանակի օրը պետք է նշել, այն սպեղանել մեր հավատքով, համառությամբ։ Բանակը պիտի լինի, քանի որ երբ այն կա, երկիրն էլ կա, մեջքդ պինդ է, սահմանը՝ պաշտպանված։ Հիմա ավելի հեշտ է մեր սահմանը պաշտպանել, քանի որ այն փոքրացել է։ 168TV-ի «#ՕրաԽնդիր» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց երգչուհի, ՀՀ վաստակավոր արտիստ, ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Շուշան Պետրոսյանը:
«Բանակը պիտի վերածնվի։ Այն բանակը, որի տղաները երկաթե տարաներով կահավորած դիրքերում կռվում էին, մարտական գործողություններում հաղթող էին, մեջքից խփող ու փախնող հրամանատար չկար։ Բանակը բանակ էր, հրամանատարը՝ հրամանատար, զինվորը՝ զինվոր, բոլորն իրենց տեղում էին։ Մեզ պետք չէ, որ պաշտպանության նախարարը քծնանքով նայի գերագույն հրամանատարին, որը բանակից շատ հեռու է։ Այդ հլու-հնազանդ հայացքը մարտիկը չպետք է ունենա։ Ասում են՝ Սուրեն Պապիկյանը սիրում է, երբ իր շրջապատում իրեն «Սպարապետ» են կոչում։ Հունվարի 28-ը հայոց բանակի օրն է, և պետք է նշել այդ տոնը։ Մենք տեսել ենք հայոց բանակի ծնունդը։ Միևնույն է, այն այնքան լավն ու հզոր էր, որ դեռևս կա, պարզապես հիմա մի քիչ հիվանդ է»,- ասաց արվեստագետը:
«Ի՞նչ գործոններ է ներառում «խաղաղության օրակարգը»՝ քծնանք քեզ կոտորող ազգի ղեկավարի՞ն։ Ո՞րն է այդ «խաղաղության օրակարգը»՝ որ ինչքան քծնես, ինչքան քեզ կոտորեն, ստորացնեն, հրապարակավ ծաղրեն, նսեմացած և մի անկյունում ընկած լինես, այդքան լա՞վ։ Դա՞ է «խաղաղության օրակարգը», թե՞ այն, երբ դու ուժեղ ես, բանակդ մեջքիդ կանգնած է, երկու անգամ հաղթանակած է, և, այո՛, դու ես թելադրում խաղաղությունը։ Այդ ի՞նչ մեծ սուտ է, որ այս ժողովրդին կերակրել են, և ավաղ, առայսօր դրան հավատացողներ կան։ Միգուցե ոմանք իներցիայով չեն ուզում ընդունել իրենց սխալը, չհաշված ֆեյքերի ՊՈԱԿ-ի՝ երեսուն արծաթով աշխատողներին, որոնք այսօր գերիշխող մաս են կազմում։ Չգիտես ինչու, այս գործընթացի մեջ ակտիվ ներառված են նաև չինացի և կորեացի կեղծ օգտատերեր։ Այդ ինչ էնտուզիազմով են նրանք աշխատում»,- նշեց ՀՀ վաստակավոր արտիստը:
Շուշան Պետրոսյանի կարծիքով՝ այլևս անիմաստ է համացանցում գրառումներ անելը, քանի որ մինչև փնտրես՝ ով է իրական, ով՝ կեղծ, իզուր ժամանակ կկորցնես. «Արդեն գիտենք կեղծ օգտատերերին։ Նույնիսկ այդ հարցում չեն աշխատում, տեքստերը նույնն են, հատուկ կլիշեներ են օգտագործում։ Դրանք կարճ տեքստեր են, որ ինչ-որ մեկը գրում է, հետո բաժանում մնացածին, բոլորը նույն տեքստն են գրում՝ անտաղանդ, կետադրական և ուղղագրական նույն սխալներով։ Նույնիսկ այդտեղ են դիլետանտ։ Ո՛չ երկիր են կարողանում ղեկավարել, ո՛չ կեղծ օգտատերերին։
Գիտակ և զգոն մարդիկ աղաղակում են, որ պետք չէ տարածել այդ ընտանեկան զույգի լուսանկարները, որովհետև չարիքը տարածվելուց սնվում և հարատևում է։ Պետք չէ դնել դրանց նկարները, մանավանդ որ, այդ անձինք զզվանք են հարուցում։ Կնոջ լոբի մաքրելը թեմա՞ է, երբ կործանվում ենք, երկիր ենք կորցնում։ Քառօրյա պատերազմի օրերին ինչ-որ կանայք խորհուրդներ էին տալիս լուրջ հրամանատարներին, թե ռազմավարական ինչ հնարքներ օգտագործել այս կամ այն տարածքում, իսկ այսօր հավանում են այդ զույգի գրառումները»:
«Ժամանակին զգուշացնում էինք մայրերին, որ չզանգեն իրենց ծառայող երեխաներին։ Չի կարելի այդքան համառ և անմիտ լինել ու թիրախավորել սեփական երեխային։ Հետո՝ «նոր Հայաստանի» բանակում, հայտնվեցին նոր ու հատուկ հեռախոսներ։ Սա մտածելու տեղիք է տալիս։ Մարդ կարոտում է անգամ պահածոյի երկաթե տուփերով խրամատները, զինվորի եփած սուրճը»,- ամփոփեց Շուշան Պետրոսյանը:
Մանրամասները՝ տեսանյութում