Փաշինյանի և նրա տերերի նպատակն է՝ ոչնչացնել իրական ազգային ընդդիմությանը Արմատական ընդդիմությունը պետք է իր ավանդն ունենա Նիկոլ Փաշինյանին հեռացնելու գործում. Սուրեն Սուրենյանց
«Հայաստանում առանց արմատական ընդդիմության հնարավոր չէ ու չի կարող լինել իշխանափոխություն»։ Այս մասին 168.am-ի հետ զրույցում նշեց «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցը՝ մեկնաբանելով իշխանությունների, մերձիշխանական անձանց, կուսակցությունների, արևմտամետ և հակառուսական շրջանակնների կողմից արմատական ընդդիմությանը թիրախավորելը, նրանց կողմից տարածվող այն լոզունգները, թե Հայաստանում հնարավոր է հասնել իշխանափոխության միայն այն դեպքում, եթե նախկին իշխանությունները և նրանց քաղաքական ուժերը չմասնակցեն ընտրական կամ ներքաղաքական այլ գործընթացների։
«Օրվա իշխանությունն առաջին անգամ խոսեց «սև ու սպիտակի» մասին 2018 թվականի Երևանի ավագանու ընտրություններից առաջ, հետո այն դարձավ «նախկին ու ներկա», հետո՝ «ռուսամետ և արևմտամետ» և «հայաստանցի ու ղարաբաղցի», այսինքն՝ այս բաժանումներն ունեն տարբեր մոդիֆիկացիաներ։
Ի սկզբանե ինքս այդ բաժանումները համարել եմ խիստ արհեստական, հիմա էլ շարունակում եմ համարել խիստ արհեստական։ Հասկանո՞ւմ եք՝ սա այս իշխանությունների «բանաձևն է», որով Նիկոլ Փաշինյանը փորձում է ոչնչացնել ցանկացած արմատական ընդդիմադիր ուժ, փորձում է ոչնչացնել իրական ընդդիմության ինստիտուտը»,- նշեց Սուրեն Սուրենյանցը։
Այս համատեքստում Սուրեն Սուրենյանցը նաև հավելեց՝ եթե այս պահին, օրինակ, «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցությունը խիստ վտանգ ներկայացնի իշխանությանը, ինչպես արմատական ընդդիմադիր ուժերն են, ապա անձամբ իրեն իշխանությունները կհամարեն «սև ուժ» կամ «նախկին»։
«Արմատական ընդդիմությանը հարվածելու սոուսի տակ գիտե՞ք իշխանությունն ինչ խնդիր է ուզում լուծել՝ հասնել նրան, որ Հայաստանում իրենց դեմ ուղղված դիմադրության որևէ օջախ չլինի, դրանք ոչնչացնի»,- շեշտեց մեր զրուցակիցը։
Հարցին՝ եթե արմատական ընդդիմադիր ուժերը չմասնակցեն ընտրական պրոցեսներին, օրինակ՝ Հայաստանի հանրապետական կուսակցությունը (ՀՀԿ), ՀՅԴ-ն, «Հայ ազգային կոնգրեսը» (ՀԱԿ), և այլն, հնարավոր կլինի՞ իշխանությունների դեմ տարվող պայքարում լուրջ հաջողություններ գրանցել, Սուրեն Սուրենյանցը պատասխանեց.
«Իսկ ինչո՞ւ արմատական ընդդիմադիր ուժերը չպետք է մասնակցեն ընտրական գործընթացներին, ո՞վ է որոշելու, որ չպետք է մասնակցեն։ Նշված ուժերը՝ ՀՀԿ-ն, ՀՅԴ-ն, «Հայ ազգային կոնգրեսը» (ՀԱԿ), բոլորն էլ ինստիտուցիոնալ կայացած կուսակցություններ են։ Մենք կարող ենք շատ քաղաքակիրթ մրցակիցներ լինենք, բայց բոլորս կոնսոլիդացվենք ընդդեմ այս իշխանության։ Կրկնում եմ՝ ո՞վ է որոշելու, որ այս ուժերը չպետք է մասնակցեն, բոլորն էլ պետք է մասնակցեն և իրենց ավանդն ունենան Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելու գործում։
Բոլոր այն քաղաքական ուժերը, կուսակցությունները, որոնք Հայաստանի Երրորդ Հանրապետության պատմության հետ կապ ունեն, համարվում են Նիկոլ Փաշինյանի թշնամին։
Լոզունգը, թե՝ իշխանափոխության համար պետք է նախկին իշխանությունները չլինեն, արհեստական կարգախոս է՝ ներդրված օրվա իշխանությունների կողմից: Առանց այդ ազգային, արմատական քաղաքական ուժերի հնարավոր չէ որևէ փոփոխություն»,- ամփոփելով խոսքը՝ ընդգծեց Սուրեն Սուրենյանցը։
Ըստ վերլուծաբանների՝ պատահական չէ, որ իշխանությունները, իշխանամերձ որոշ շրջանակներ, այդ թվում՝ իշխանությունների հետ ստվերային համագործակցություն ունեցող, իրենց արևմտամետ ներկայացնող, սակայն իրականում՝ հակառուսական նորաստեղծ քաղաքական միավորները և շրջանակները, թիրախավորում են արմատական ընդդիմությանը և այն քաղաքական ուժերին, որոնք ունեն կազմակերպված կուսակցական կառույցներ, պայքարող մարդկային ռեսուրս և ողջ Հայաստանով գործող կուսակցական գրասենյակներ:
Ավելին, շատերը կարծում են, որ Նիկոլ Փաշինյանի և վերոնշյալ մերձիշխանական շրջանակների թիրախում հատկապես լինելու են այդ կուսակցությունները՝ արմատական և ազգային միավորները: Մինչև ընտրական արտահերթ կամ հերթական գործընթաց, նրանք մտադիր են մեկուսացնել այդ ուժերին, որպեսզի որևէ դիմադրություն կամ խոչընդոտ այլևս չլինի իրենց վերարտադրության համար: Ի դեպ, նշենք, որ իշխանամերձ այդ ուժերից որոշներին Փաշինյանին և ՔՊ-ին հրապարակավ քննադատելու հնարավորություն է տրվել՝ քննադատել, որպեսզի չնույնացվեն և իրենց առջև դրված խնդիրը լուծեն:
Նշենք, որ այդ քաղաքական խմբերից, նորաստեղծ կուսակցություններից որոշները ունեն կեղծ-ազգային փաթեթավորում և խոսույթ. նրանք քննադատում են նախկին իշխանություններին, առանձին գործիչների, 2018-ից աջակցելով Փաշինյանի և նրա կառավարության ողջ կործանարար գործողությունները, այժմ այնպես են խոսում Արցախի կորստի մասին, ասես իրենք չէին այդ աղետալի ընթացքի ժամանակ արդարացնում, պաշտպանում ՔՊ-ի և, մասնավորապես, Նիկոլ Փաշինյանի որոշումները:
Հիշեցնենք, որ վերջերս նույնիսկ Նիկոլ Փաշինյանի թիմակից, ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանն արմատական ընդդիմության վերաբերյալ հերթական հայտարարությունն արեց՝ դրանով իսկ բացահայտելով իրենց ապագա սցենարներն ընդդեմ արմատական ընդդիմադիր ուժերի.
«Վարչապետի հրաժարականին հասնելու համար ընդդիմությունը առաջարկում է ստեղծել պայմաններ, ինչպիսիք 2020թ. նոյեմբերի 10-ից հետո էին։ Այսինքն՝ հրահրել նոր պատերազմ, ինչի արդյունքում վարչապետը ստիպված կլինի հրաժարական տալ։ Սա թերևս, մեղմ ասած՝ դասական սրիկայություն է։ Պատրաստ են անգամ սեփական ժողովրդին նոր պատերազմում մատաղ անել, միայն թե իշխանափոխության հասնեն։ Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցածը դրա վառ ապացույցն է։ Արմատական ընդդիմությունը կա և մնում է Հայաստանի պետականության ամենամեծ սպառնալիքներից»,- գրել էր Չախոյանը, ում անմիջական «շեֆը»՝ Նիկոլ Փաշինյանը, թուրք-ադրբեջանական տանդեմի հետ ոչ միայն 44-օրյա պատերազմը հրահրեց՝ զոհաբերելով 5000-ից ավելի երիտասարդ տղաների կյանքը, այլև Արցախը հանձնեց, հայաթափեց, թշնամու զորքը բերեց Հայաստանի ինքնիշխան տարածք, Տավուշից տարածքներ հանձնեց և դեռ նոր տարածքներ էլ կհանձնի Սյունիքից և այլ հատվածներից։ Սա նշանակում է, որ Փաշինյանը և նրան իշխանության բերող աշխարհաքաղաքական կենտրոնները նոր հարձակումներ, հետապնդումներ են սկսելու աղետաբեր այս իշխանության դեմ պայքարող բոլոր ուժերի՝ արմատական ընդդիմության, ազգային ուժերի նկատմամբ:
Քաղաքագետ, տնտեսագետ Հրանտ Միքայելյանի խոսքով՝ վերջին տարիներին գործող իշխանությունը կարողացավ հակաքարոզչություն իրականացնել նախկին իշխանությունների, հատկապես՝ Հանրապետական կուսակցության նկատմամբ:
«Այստեղ խոսքը վերաբերում է ոչ միայն հանրապետականներին, այլև, այսպես կոչված՝ նախկին իշխանություններին։ Այդ հակաքարոզչությունը բավական շատ է տարածվել, դրանց շարքից են նաև այն խոսակցությունները, թե իբր «Հանրապետականներն են բերել Նիկոլ Փաշինյանին իշխանության», կամ՝ «Դե որ նրանց ժողովուրդը մերժել է, չպետք է այլևս գան իշխանության», կամ՝ «Հանրապետական կուսակցությունը պետք է խաղից դուրս գա, որպեսզի նոր բան ստեղծվի երկրում», և այլն։ Այս արտահայտությունները զգալիորեն թելադրված են Փաշինյանի ու իր տերերի կողմից։ Այսինքն՝ մոտեցումը հետևյալն է՝ բաժանիր, որ տիրես»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Հրանտ Միքայելյանը։
Նրա խոսքով՝ այս ամենին զուգահեռ, չեն թիրախավորվում այն կեղծ «ընդդիմադիր» ուժերը, որոնք նույն «պլատֆորմի» վրա են գտնվում Նիկոլ Փաշինյանի հետ, նրա հետ ժամանակ առ ժամանակ հանդիպումներ ունենում։
«Հանրապետական կուսակցությունն (ՀՀԿ) ունի ռեսուրսներ, կարողություններ, ինչը շատ կարևոր է: Իսկ արդյո՞ք ՀՀԿ-ն արդյունավետ է օգտագործում իր այն ռեսուրսները, կադրերը, հնարավորությունները, կապերը, նաև պատմական ուղին, որն ունի և պետք է օգտագործի Հայաստանի համար։ Կարծում եմ՝ ոչ: Կրկնում եմ՝ ՀՀԿ-ն պետք է օգտագործի և գրագետ ձևով օգտագործի իր այդ ամբողջ ռեսուրսը, շատ ավելի ժամանակակից ու գրագետ մեթոդներով վարի իր պայքարը: Ժամանակակից քաղաքականությունը հաջողությունների հասնելու համար ենթադրում է տարբեր գործիքներ, դրանց մի մասը կարող է երևալ, մի մասը՝ ոչ, մի մասն էլ կարող է ավելի ուշ երևալ։ Կա նաև առաջնորդության խնդիր, կուսակցությունը պետք է մտածի՝ ի՞նչ է ուզում ունենալ, և ինչպե՞ս է պետք դրան հասնել»,- եզրափակեց Հրանտ Միքայելյանը։