Վաղը որ այս տարածաշրջանը կիսեցին, այդ համաձայնագիրը ձեռքներդ ո՞ւր եք վազելու. Գրիգոր Բալասանյան

Հայաստանի ու Միացյալ Նահանգների արտաքին գերատեսչությունների ղեկավարները հունվարի 14-ին Վաշինգտոնում ստորագրեցին ռազմավարական գործընկերության մասին կանոնադրություն։

«Ստեղծում ենք ռազմավարական գործընկերության հանձնաժողով, ինչը ենթադրում է ընդլայնել փոխգործակցությունը տնտեսական, անվտանգության և պաշտպանության, ժողովրդավարության, ներառականության և միջանձնային հարաբերությունների ոլորտներում»,- հայտարարեց ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։

Արտգործնախարար Արարատ Միրզոյանն էլ ԱՄՆ հեռացող պաշտոնյային շնորհակալություն հայտնեց Վաշինգտոնի ջանքերի, Հայաստանի ինքնիշխան տարածքի ամբողջականության ու ՀՀ անկախությանն աջակցելու համար՝ շեշտելով՝ Երևանը հանձնառու է խաղաղության օրակարգին և դրա իրագործմանը։

168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում միջազգայնագետ Գրիգոր Բալասանյանը, խոսելով այս փաստաթղթի և սրանով Հայաստանի համար բացվող հնարավորությունների մասին, ընդգծեց՝ իրականում, մասնավորապես, Հայաստանի պաշտպանունակության ավելացման և անվտանգության ապահովման հարցով այս փաստաթուղթը որևէ նշանակություն չի կարող ունենալ, քանզի առաջինը հենց ԱՄՆ-ն չունի նման հավակնություն։

Կարդացեք նաև

«Հայաստանի հետ ստորագրած այս փաստաթղթից ԱՄՆ-ն ավելի վաղ ստորագրել է Վրաստանի, Ուկրաինայի հետ, թե ի՞նչ արդյունքներ կան այդ երկրներում, բոլորն են տեսնում։ Իմ կարծքիով՝ մենք գործ ունենք երկրորդ Սևրի պայմանագրի հետ, որը ներկայացվում է որպես փրկություն բերող թուղթ, մինչդեռ, իրականում, սա, ընդամենը, ճանապարհային քարտեզ է լինելու Հայաստանի և ԱՄՆ միջև՝ օրինակ 7 ոլորտում համագործակցություն զարգացնելու համար»,-ասաց միջազգայնագետը։

Վերջինս ուշադրություն հրավիրեց կանոնադրությամբ առանձնացված ոլորտներին՝ ընդգծելով՝ սկզբում ներկայացնում են այն կետերը, որոնք զգայուն են Հայաստանի համար՝ տնտեսություն, անվտանգություն, բայց հետո տակից տանում է նաև միջանձնային հարաբերություններ, ժողովրդավարություն, մարդու իրավունքներ նման վերնագրերով ոլորտները։

«Հիմա հարց է առաջանում, երբ խոսում են միջանձնային հարաբերությունններում համագործակցելու մասին, հնարավո՞ր է ԼԳԲՏ համանքի համար հավասարության շքերթ անցկացնեն այդ փաստաթղթի շրջանակում նաև Հայաստանում, ինչպես անցկացրեցին Վրաստանում»,-ասաց Բալասանյանը՝ Հայաստանի անվտանգությունն ԱՄՆ-ի հետ կապողներին հիշեցնելով՝ ԱՄՆ կառավարական օղակների համար վերլուծական աշխատանք կատարող «Ռենդ» ամերիկյան ուղեղային կենտրոնի վերլուծությունը, որով նույն ԱՄՆ պաշտոնյաները Հայաստանին կոչ էին անում դուրս չգալ ՀԱՊԿ-ից։

Ըստ միջազգայնագետի՝ այս հարցում առաջնայինն այն է, որ պետք է մի կողմ թողնել Հայաստանի իշխանության կողմից ներքին սպառման համար դաշտ նետվող սին հույսերը, որովհետև շատ վտանգավոր է այն, որ ոչ միայն Ռուսաստանից ունենք կոշտ արձագանք, այլ արձագանք չկա նաև իրանական կողմից։

«Իրանցիներն անձայն են գործում, կարող մի օր էլ տեսնենք, որ Սյունիքը Իրանի համար այլևս կարմիր գիծ չէ. Իրանն իր շահերն է սպասարկելու, երբ տեսնի, որ Հայաստանից իր համար կա վտանգ։ Իրանական կողմը ասել է, որ Հայաստանում ԵՄ դիտորդներն իր համար խնդիր են, հիմա էլ դա հերիք չէ, ԱՄՆ-ից է պատվիրակություն գալու և կանգնի այդ նույն սահմանին։ Մյուս կողմից, եթե այսպես էր, այդ դեպքում Հայաստանն ինչու է միացել է 3+3 ձևաչափին, որով տարածաշրջանային խնդիրները նախատեսվում է լուծել տարածարջնային երկրների հետ»,-ասաց Բալասանյանը՝ միաժամանակ նշելով՝ օրերս Հայաստան եկած Իրանի անզգային անվտանգության քարտուղարի առաջարկը՝ իրանական զորք Հայաստան ուղարկելու վերաբերյալ, ՀՀ կառավարությունը տվել է բացասական արձագանք։

«Եթե Իրանը նկատի, որ Հայաստանի տարածքով իր նկատմամբ գործողություն է պատրաստվում իրականացնել, առանց մեր կամքը հաշվի առնելու զորք է մտցնելու, որովհետև գիտի՝ ԱՄՆ այդ պատվիրակությունը մեր սահմանններին հենց այնպես չի ուղարկելու։ Այստեղ հարց է առաջանում՝ եթե Իրանը կետային հարված հասցնի Եղեգնաձորում տեղակայված ամերիկացիներին, ի՞նչ ենք անելու… Վաղը որ այս տարածաշրջանը կիսեցին, այդ համաձայնագիրը ձեռքներդ ո՞ւր եք վազելու»,-խոսքը եզրափակեց Բալասանյանը։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում։

Տեսանյութեր

Լրահոս