Հայաստանը պետք է հասկանա, որ չի կարող ամեն ինչ զիջել ու սպասել, թե ռևանշիստ ու նացիստ պետությունը կանգ կառնի. Զիջողական քաղաքականությունը բերելու է նոր պատերազմի․ Կարեն Իգիթյան
Նիկոլ Փաշինյանը շարունակում է տարբեր գրառումներով ու ելույթներով վստահեցնել, թե գործող իշխանությունները փորձում են կառուցել խաղաղություն։
Ավելի վաղ նա տարածաշրջանում խաղաղություն հաստատելու Հայաստանի առաջարկներն էր ներկայացրել՝ առաջին անգամ նշելով ղարաբաղյան կարգավորմամբ զբաղված ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման մասին, ինչը տևական ժամանակ պահանջում էր հենց Ադրբեջանը։
Նիկոլ Փաշինյանն Ադրբեջանին նաև առաջարկել է փոխադարձաբար հրաժարվել էսկալացնող խոսույթներից, շարունակել Բերքաբեր-Ոսկեպար հատվածում իրականացված սահմանազատման փորձի և երկու երկրների սահմանազատման հանձնաժողովների համատեղ աշխատանքի կանոնակարգի հիման վրա սահմանազատման գործընթացը, կնքել Խաղաղության պայմանագիր, որն 90 տոկոսով պատրաստ է։
Փաշինյանի առաջարկները, ի պատասխան Ալիևի հայտարարությունների, տարածաշրջանային հարցերով փորձագետ Կարեն Իգիթյանն այլ բան չի համարում, քան Ալիևի պահանջների ընդունում։
«Այսինքն՝ Ալիևի գործելաոճը՝ ուժ կիրառելն ու ուժի սպառնալիքը, աշխատում է Փաշինյանի դեպքում»,- 168․am-ի հետ զրույցում նկատում է Կարեն Իգիթյանը։
Հարցին՝ արդյո՞ք Հայաստանում առաքելություն իրականացնող եվրոպական դիտորդներն ի վիճակի են զսպել Հայաստանն ադրբեջանական հնարավոր ագրեսիաներից, փորձագետն արձագանքեց հստակեցմամբ, որ եվրոպական դիտորդներն արձանագրողի դերում են, իսկ իրենց կյանքին սպառնացող վտանգի դեպքում՝ իրենք նույնիսկ պետք է դուրս գան տարածքից։
Ամեն դեպքում, ըստ մեր զրուցակցի, այդ առաքելությունն ինչ-որ ձևով կարող է զսպել Ադրբեջանին։
«Պետք է հաշվի առնենք, որ Արդբեջանը հենց նույն եվրադիտորդներից ստանում է տեղեկատվություն։ Այսինքն՝ այնպես չէ, որ նրանք ՀՀ համար են աշխատում, նրանք արձանագրություններն ուղարկում են Բաքու ու Բրյուսել։ Հայաստանն ինչ-որ բան ստանո՞ւմ է իրենցից, թե՞ ոչ՝ տեղյակ չենք»,- մանրամասնեց նա։
Հիշեցնենք՝ Բաքուն պահանջում է նաև, որ Եվրամիության քաղաքացիական դիտորդները գործունեություն չիրականացնեն ՀՀ տարածքում։
Ինչպե՞ս պետք է դիրքավորվի ՀՀ-ն այս իրավիճակում՝ մեր վերջին հարցադրմանն ի պատասխան՝ Կարեն Իգիթյանը ցավով արձանագրեց, որ Հայաստանի կառավարության դիրքորոշումը, թե՝ եկեք հրաժարվենք մեր պահանջներից՝ Արցախից, Ցեղասպանության պահանջատիրությունից, ու խնդրենք նույնն անեն Ադրբեջանն ու Թուրքիան, չի աշխատում։
«Մենք տեսնում ենք՝ ինչքան շատ է Հայաստանի ներկա կառավարությունը հրաժարվում, այնքան շատ պահանջներ են առաջանում Ալիևի մոտ՝ «Զանգեզուրի միջանցք», ադրբեջանցիների «վերադարձ» երաշխիքներով, և այլն։
Հայաստանը պետք է հասկանա, որ չի կարող ամեն ինչ զիջել ու սպասել, թե ռևանշիստ ու նացիստ պետությունը կանգ կառնի։ Զիջողական քաղաքականությունը բերելու է նոր պատերազմի»,- շեշտեց փորձագետը։
Ըստ նրա՝ ի թիվս այլ զիջումների՝ ԵԱՀԿ ՄԽ լուծարման ադրբեջանական պահանջի կատարումն էլ կարձանագրի հայ-ադրբեջանական հակամարտության արցախյան հատվածը փակելու փորձ։
«Ադրբեջանը փորձում է փակել այդ էջը, անցնել Սյունիքի ու Երևանի էջին, և այլն»,- ամփոփեց Կարեն Իգիթյանը։