«Ձեր իշխանությունն ընդհանրապես հասկանո՞ւմ է՝ պետությունն ինչ է, այո՞, թե՞ ոչ: Եթե ավելի մանրանանք և խորանանք ներքին հարցերին, ձեր բարոյականության չափանիշների մեջ եթե խորանանք, ապա այնտեղ այնքա՜ն հարցեր կան՝ այո, թե ոչ-ի պատասխաններ ստանալու: Այդ իրենք պետք է մեր հարցերին պատասխանեն, ոչ թե ինքը տանը նստած՝ հարցեր տա, մի հատ էլ ասի՝ հարցիս պատասխանեք: Դու ո՞վ ես, որ հարց տաս, դու հլա մի հատ էս ժողովրդի հարցերին պատասխանի, որ խաբել ես 7 տարի»,- ասաց նա:
«Երկիրդ խլում են, ու դու չես կարողանում այդ ամենի դեմն առնել: Դու չգիտես՝ ինչ անել: Թշնամին մտել է քո տուն, ու դու տեսնում ես այս սրիկայության անչափելիությունը, տեսնում, որ ոչինչ չես կարողանում կանխել, քո ջլատությունը տապալում է ամբողջապես: Ես չեմ ուզում համարել, որ ժողովուրդն անտարբեր է: Յուրաքանչյուրը յուրահատուկ կերպով է ընկալում ցավը, տագնապը: Մարդ կա՝ գոռում է, խոսում է, լացում է, այդ էմոցիաները միջից հանում է, մարդիկ կան, որոնք անընդհատ լուռ են, ու մեկ էլ տեսնում ես՝ այդ մարդը մարեց, քնեց՝ չարթնացավ, մարդ կա՝ փորձում է քեֆ-ուրախություն կազմակերպել, որ այդ աղմուկի մեջ խնդիրը թաղի, մարդ կա՝ խմում է, շատ ծխում է»:
«72 պատգամավոր ունի, վերից վար իրար հետ երևի 10 հոգին են երևում այդ խորհրդարանում, բա էն 60-ն ո՞ւր են: Իսկ այդ 60-ի մեջ շատ հետաքրքիր շերտեր կան: Կան մարդիկ, որոնք նույնիսկ ողբերգություն են ապրում: Բայց միևնույն է, դա ինձ մոտ իրենց չի արդարացնում, կարող է պատժի մեղմացուցիչ հանգամանք լինել ընդամենը»:
«Արայիկ Հարությունյանն արցախցիներին ասում է՝ սուսուփուս գնացեք. Իրենց ուզածն էլ երևի դա է: Եթե քո երեխաներին դու ուղարկել ես Երևան, ի՞նչ բարոյական իրավունք ունես այդ մարդկանց նման գնահատականներ տալ առհասարակ»,- նշեց նա:
Հեռուստալրագրող Հռիփսիմե Առաքելյանն այն կարծիքին է, որ մեր իրականությունում գերիշխում է քաոսը, և դրա առկայությամբ անհույս է առողջ բանականություն ակնկալել հասարակության կողմից: