«Եթե արդեն 3-4 տարի է՝ «փորձամկներ» ենք, արդյոք կարելի՞ է այդ փորձամկների հետ այդքան դաժան վարվել». Արև Միքայելյանը՝ ատեստավորման խնդիրների մասին
Մանկավարժները, որոնք մասնակցել են կամավոր ատեստավորմանը, շարունակում են բարձրաձայնել ներդրված համակարգի բացթողումներն ու թերությունները։ Այդ համակարգում առկա խնդիրների մասին բարձրաձայնում են նաև կրթության ոլորտի փորձագետները՝ պնդելով, որ թեստերը կազմված են շատ սուբյեկտիվ։
Երևանի Սերո Խանզադյանի անվան 184 դպրոցի «Կենսաբանություն» առարկայի ուսուցչուհի Արև Միքայելյանը, ով մասնակցել է կամավոր ատեստավորմանը, 168.am-ի հետ զրույցում բարձրաձայնում է մի շարք խնդիրների մասին՝ հույս ունենալով, որ պատկան մարմիններն աչալուրջ կլինեն և դրանք կլուծեն։
Արև Միքայելյանը երկար տարիների մանկավարժ է, 2021 թվականից մասնակցել է կամավոր ատեստավորմանը, միշտ հաղթահարել է շեմը, այս տարի էլ է մասնակցել ու կստանա 40%-ի հավելավճար։ Նա նորարարությունների կողմնակից է, նաև հետաքրքիր է եղել՝ տեսնելու, թե այդ ամենի հիմքում ի՞նչ գաղափար է դրված, ի՞նչ փոփոխություններ են ուզում դրանով անել, ուստի որոշել է ձեռք մեկնել այդ նորարարությանը։
Յուրաքանչյուր աշխատող ակնկալում է, որ իր ջանքերին համապատասխան աշխատավարձ կստանա։ Ուսուցիչներն իրենց աշխատավարձը բարձրացնելու այլընտրանք չունեին, բացի կամավոր ատեստավորմանը մասնակցելը, քանի որ տարակարգի դիմելու համար էլ պետք է ատեստավորված լինեն։
«Եթե չգնա կամավոր ատեստավորմանը, ապա աշխատավարձը կմնա աղքատավարձ… սա պետական բռնության ձև է»
«Նման բարեփոխումը բոլորովին այլ կերպ էի պատկերացնում։ Ոչ ոք չէր պատկերացնի, որ կամավոր ատեստացիան կարող է հետագայում շատ ուսուցիչների համար թակարդ լինել։ Իսկ նման ձևաչափով քննություն պարտադրելը խիստ անընդունելի է և հակասահմանադրական, քանզի ուսուցչի աշխատավարձը նման կերպ բարձրացնելը ստորացուցիչ է,- ասում է Արև Միքայելյանը՝ հավելելով,-
Փաստորեն, աշխատանքային տվյալ խմբին այլընտրանք չեն տվել իր սոցիալական վիճակը բարելավելու, քան պարտադրված գնա ու քննություն հանձնի, քանի որ մեր իշխանությունները, ենթադրում եմ, չեն վստահում իրենց իսկ բուհերի տված դիպլոմներին։ Նույնիսկ, եթե որևէ մեկն իր մանկավարժական դիպլոմն անօրինական ճանապարհով է ստացել, դրա համար ոչ թե բոլոր գործող ուսուցիչներին պետք է պատժեն, այլ այն հանցագործներին, ովքեր դա արել են։ Նման մոտեցումը հանցագործություն է, որովհետև պետական հիմնարկում, անգամ մասնավորում՝ այս մեթոդով աշխատավարձի բարձրացում չի լինում։ Ցանկացած օրենք ու կառավարության որոշում պետք է մարդակենտրոն լինի։
Ուսուցչին չեն թողել որևէ այլընտրանք՝ իր սոցիալական վիճակը բարելավի, սա պետական բռնության մի ձև է։ Եթե ուսուցիչը չգնա կամավոր ատեստավորման, ապա աշխատավարձը կմնա աղքատավարձ։ Եթե գնա ու չհաղթահարի, ապա այդ մեկ կտոր հացից էլ կզրկվի, բայց եթե բախտը բերի՝ այդ «Ֆորտ բոյարի» պատահական դռներից ներս մտնելուց «ողջ մնա»՝ կունենա դրամական մրցանակ։
Ինչո՞ւ եմ այսպես ասում, որովհետև անորոշ է, թե ի՞նչ քննություն է հանձնելու, շատ առարկաներից ուղեցույցում չկա նշված գրականության ցանկն ու հարցաշարը։ Երբ որևէ մեկն աշխատանքի է ընդունվում ցանկացած հիմնարկում, ասենք, հանձնում է քաղծառայողի պաշտոնի համար քննություն, տնօրենի, վարորդականի քննություն՝ իրեն տալիս են հարցաշար, որին կարող է պատրաստվել ու գնալ՝ կա՛մ հաղթահարել, կա՛մ չհաղթահարել։ Իսկ այստեղ անորոշություն է»։
«Եթե ուսուցչական համայնքի ընդամենը 15 տոկոսն է մասնակցել այդ միջոցառմանը, և նրանց 70%-ն է բարձրացրել իրենց աշխատավարձը, սա նշանակում է իմիտացիա»
«Օրինակ, Կենսաբանության 26 դասագրքեր կան, որոնք տարբեր տարիներին երաշխավորվել են պետության կողմից։ Այդ դասագրքերից լրիվ պատահականության սկզբունքով ինչ-որ կենդանու, բույսի կամ տարբեր, միմյանց հակասող նյութեր կամ հարցեր կարող են դնել, և դա դառնա ճակատագրական։
Վերջին 3 տարիների ընթացքում ես հասկացա, որ այս գործընթացն իբրև թե ուսուցչի աշխատավարձի բարձրացման համար է, բայց փաստորեն իմիտացիա է։ Եթե ուսուցչական համայնքի ընդամենը 15 տոկոսն է մասնակցել այդ միջոցառմանը և բարձրացել է նրանցից 70%-ի աշխատավարձը, իսկ մյուսները կանգնել են աշխատանքը կորցնելու վտանգի առաջ, սա նշանակում է իմիտացիա, այն դեպքում, երբ մեր պետությունը, ըստ Սահմանադրության 1-ին հոդվածի, սոցիալական պետություն է։
Իսկ սոցիալական պետություն նշանակում է, որ աշխատող քաղաքացին պետք է նորմալ աշխատավարձ ստանա։ Իսկ արդյո՞ք 100.000 դրամը ներկայիս տնտեսական պայմաններում բարեկեցիկ ապրելու շանս է տալիս։ Կամավորի մասնակցելու պատճառը սա էր, որ գոնե 200.000 դրամի դրույքաչափը հասցնեն։ Այստեղ էլ այնպիսի ծուղակ են ստեղծել, որ շատերի համար և՛ տարիքային, և՛ սթրեսակայունության առումով կարող են տարբեր կերպ արձագանքել, քննությանը մարդ հոգեբանորեն էլ պետք է պատրաստ լինի, որոշակիություն էլ պետք է լինի հարցերի բովանդակության առումով, պետք է ընդգրկված լինեն այնպիսի հարցեր, որոնք նա կիրառելու է իր աշխատանքային պրակտիկայում»,- ասում է Արև Միքայելյանը։
«Արդյո՞ք կարելի է այդ փորձամկների հետ այդքան դաժան վարվել ու աշխատանքից հեռացնել»
Արև Միքայելյանը վստահեցնում է՝ այդ թեստերը չեն փորձարկվել։ «Երբ հարցնում ենք, թե ինչո՞ւ չի փորձաքննվել, ինչո՞ւ ժամանակը, հարցերի լեզվամտածողությունը հաշվի չեն առել, որովհետև հարցերն այնպես են ձևակերպված, որ մարդը կարող է ժամերով մտածել, թե տվյալ հարցն իրենից ինչ է պահանջում։ Պետք է մտքի ճիշտ ու գրագետ ձևակերպում լինի։ Ասում են՝ դե, մենք ձեզ վրա ենք փորձարկում։
Ասում ենք՝ եթե մեր վրա արդեն 3-4 տարի փորձարկում եք, որպեսզի գնալով կատարելագործվեն թեստերը, ինչո՞ւ եք այս փորձաշրջանում գտնվող փորձարկվողներին աշխատանքից ազատելու կետ ընդգրկել կառավարության որոշման մեջ։ Քանի դեռ այս միջոցառումը կամավոր է, թույլ տվեք, որ մարդիկ մշտապես, առանց վախի, որ կկորցնեն իրենց աշխատանքը, մասնակցեն քննությանն ու կատարելագործվեն, ինչպես նաև օգնեն՝ թեստերի որակն էլ լավանա։ Հատկապես որ, տարբեր տարիների և տարբեր առարկայախմբերի թեստերը տարբեր բարդությունների են ու անհավասար պայմաններ են ստեղծում։
Այս տարվա համակարգչային տարբերակը, ճիշտն ասած՝ մենք տարիներ առաջ ենք առաջարկել, որովհետև հարցերի արտահոսք է լինում, մշտապես այդ հարցը լինում է։ Այդ գաղափարն ընդունելի եղավ, սակայն ծրագիրն անկատար եղավ, և բազմաթիվ ուսուցիչների մոտ այդպես եղել է, որ հարցի պատասխանը համակարգը լրիվ ուրիշ պատասխան է ընտրել, շատերն ասում են, որ հաստատել է պատասխանը, սակայն համակարգը ցույց է տալիս, որ այդ հարցի պատասխանը չկա։ Ահա այստեղ է համակարգի անկատարությունն ու ուսուցչի անպաշտպանվածությունը։
Օրինակ, որևէ կերպ քննություն հանձնողը չի կարող ապացուցել, որ այս կամ այն հարցին տվյալ պատասխանն է տվել։ Տվյալ էջը լուսանկարելու, փաստագրելու հնարավորություն պետք է լինի, որ մարդը հետո կարողանա վիճարկել, որ խնդիրը համակարգի՞ց է, թե՞ ինքն է սխալ գրել։ Նման համակարգային վրիպակը մարդու համար կարող է լինել ճակատագրական, ու նա ապացուցելու որևէ հնարավորություն չունի»,- ասում է մանկավարժ Արև Միքայելյանը։
«Ուսուցչին այլընտրանք չեն թողել»
«Ստացվում է, որ մեղավորը միշտ ուսուցիչն է, վերջին 3 տարիների ընթացքում որոշ առարկաների գծով փորձեցին համակարգը կատարելագործել, որ գոնե թեստերը խելամիտ լինեն, հարցադրումներն ավելի ընկալելի լինեն։ Եթե իսկապես այս ամենի նպատակն է՝ բարելավել ուսուցիչների ֆինանսական վիճակը և որակյալ ուսուցչական կազմ ունենալ ու, ենթադրենք, համարում են, որ ուսուցիչների մեծ մասն անգրագետ է, էհ, անգրագետների մեծ մասն այդպես էլ չի գնում քննության։ Իսկ ով իր գիտելիքների վրա վստահ գնում է քննության, տարբեր պատճառներով՝ մեծ մասամբ տեխնիկական, առողջական, ժամանակի քչության, չի կարողանում իրեն դրսևորել, ստացվում է, որ անգրագետ է ու պետք է դպրոցից հեռացվի։ Քանի կամավորության սկզբունք է, հակասահմանադրական է աշխատանքից ազատելը։ Ուսուցչին այլընտրանք չեն թողել, սա նույնն է, որ ասեն՝ եթե գետն անցնելիս սայթաքես, կա՛մ կորկորդիլոսները կուտեն, հետ գնաս՝ առյուծները կուտեն, եթե բախտդ բերի՝ թռնես գետի մյուս ափը՝ կփրկվես»,- նկատեց Արև Միքայելյանը։
«Թագուհի Ղազարյանն ասաց՝ բյուջեում փող չկա»
Արև Միքայելյանը տեղեկացրեց, որ վերջերս հանդիպել են ԱԺ Կրթության ու գիտության հանձնաժողովի փոխնախագահ Թագուհի Ղազարյանի հետ։
«Հանդիպեցինք ԱԺ Կրթության ու գիտության հանձնաժողովի փոխնախագահ Թագուհի Ղազարյանի հետ և հետաքրքրվեցինք, թե ատեստավորված ուսուցիչների նոյեմբերի ու դեկտեմբերի վճարները ինչո՞ւ չեն տալիս, ասաց՝ ուղղակի բյուջեում փող չկա, դրա համար իրենց պարգևավճարների գումարներն էլ են հետ գանձվել։ Ստացվում է, որ իրենք չեն սպասել, որ այսքան ատեստավորված ուսուցիչներ կլինեն, նրանք ենթադրել են, որ ավելի քիչ կլինեն, և բյուջեն ճիշտ չեն պլանավորել։
Իսկ նախորդ տարի, երբ հանդիպել էինք նույն հանձնաժողովի նախագահի հետ, հենց այդ հարցը տվեցինք, ենթադրենք՝ 32.000 ուսուցիչները մասնակցեցին ատեստացիային ու հաղթահարեցին, պատրա՞ստ եք այդքան ուսուցիչների աշխատավարձը բարձրացնել, ասաց՝ միանշանակ»,- ասում է մանկավարժը։
«Մերոնք դեռ նոր հեծանիվ են հորինում»
«Տնտեսագիտական մի օրենք գոյություն ունի, եթե ձեզ պետք է այս կամ այն ոլորտի որակյալ մասնագետ, ապա այդ որակյալ մասնագետին համարժեք էլ պետք է վարձատրես։ Լավ մասնագետներին չպետք է գցեն այնպիսի ծուղակների մեջ, որ հիասթափվեն ու աշխատանքից դուրս գան, միջին կարողություններ ունեցող մարդիկ էլ վախենան գնալ։ Եթե որպես կրթության պատասխանատուներ՝ ենթադրում են, որ մեր ուսուցիչների որակը միջինից ցածր է կամ միջին է, որովհետև շատ-շատ ցածր աշխատավարձ են տվել, ու չի գայթակղել խելացի մարդկանց գնալ դպրոց, հիմա ոչ թե այս ճանապարհով պետք է բարելավում անեն, այլ հակառակը՝ խրախուսանքի միջոցով։ Սա միակ մոտիվացնող միջոցն է ամբողջ աշխարհում, դեռ որևէ նոր բան չեն հորինել, իսկ մերոնք դեռ նոր հեծանիվ են հորինում։
Հասկանալի է, որ այդքան ֆինանսական հնարավորություններ չկան, սակայն պահանջները տիեզերական են, ու այսքանից հետո ուսուցիչներին «մահակով վախեցնել», թե՝ ձեզ աշխատանքից կհեռացնենք… Շատ բարի, ո՞վ է գալու նրանց փոխարինելու, գուցե մանկավարժների ավելցուկ կա, ուզում են այս ձևով ազատվե՞լ, բայց այս ձևով որակյալներից են ազատվում։ Այսպես լավագույններից ազատվելուց հետո, գուցե արհեստական բանականությունը կգա ու երեխաներին կդասավանդի։ Կամ՝ ո՞ր երկրի դիպլոմ պետք է բերի այդ երկրի քաղաքացին, որպեսզի կարողանա մանկավարժ աշխատել»,- շեշտեց Արև Միքայելյանը։
«Ինքս ավելի խելամիտ բան եմ առաջարկել»
«Ինքս հասկացել եմ, որ փող չունեն կամ չեն ուզում ծախսել կրթության, առավել ևս՝ ուսուցչի վրա։ Ուսուցչի վերապատրաստումների շարունակական պրոցես է, ուսուցիչները միմյանց հետ պետք է համագործակցեն։ Ինքս ավելի խելամիտ բան եմ առաջարկել, նամակ եմ գրել ԿԳՄՍ նախարարին, որ ամեն անգամ սեմինարներ անցկացնեն, որտեղ ուսուցիչներն իրենց փորձով կկիսվեն միմյանց հետ։ Չպետք է ամեն ինչ բարդել ուսուցչի վրա ու ասել, թե՝ դուք անգրագետ եք. չեք վստահում մեր գիտելիքին, դիպլոմին, բայց պահանջները եվրոպական չափանիշներով են։ Ես շատ ուրախ կլինեմ, որ վարձատրությունն ու պայմաններն էլ համապատասխանեն այդ չափանիշներին։
Փորձում են օրենքներով ստրկացնել, այսինքն՝ ինչ օրենք ուզեն, կարող են գրել։ Շեշտը դնում են կամավորության վրա, բայց փաստորեն պարտադրանք է։ Նման օրենքը մարդակենտրոն չէ»,- ասաց Արև Միքայելյանը։