
ԿԳՄՍ նախարարության հերթական՝ 11-րդ դրամաշնորհը ԿԶՆԱԿ-ին

2021 թվականին Կրթության, Գիտության, Մշակույթի և Սպորտի (ԿԳՄՍ) նախարարությունը տեղեկացրեց՝ իր գործունեությունն էսկսել «Կրթության զարգացման և նորարարության ազգային կենտրոն» (ԿԶՆԱԿ) հիմնադրամը, որի նպատակն է դառնալ կրթության ոլորտի ուղեղային նոր կենտրոն:
Այս վեհ փաթեթավորումից քիչ անց ԿԳՄՍՆ-ն սկսեց պետբյուջեից հսկայական միջոցներ ուղղել հիմնադրամին․ ըստ պետգնումների էլեկտրոնային համակարգի՝ 2022 թվականից մինչ օրս՝ միլիոնավոր դրամների 11 դրամաշնորհ, իսկ միայն 2025 թվականին՝արդեն 3 պայմանագիր։
Օրինակ, փետրվարի 4-ին կնքված պետության կողմից դրամաշնորհի ձևով տրվող ֆինանսական աջակցության չափը կազմել է 199 միլիոն 405,400 դրամ, որով հիմնադրամը ստանձնել է «Կրթության որակի ապահովում», «Նախնական և միջին մասնագիտական կրթության և ուսուցման բարեփոխումներ» ծրագրերի իրականացումը։
Օրեր առաջ կնքված դրամաշնորհի պայմանագրով էլ հիմնադրամը 19 միլիոն 400 հազար դրամով կիրականացնի «Նախնական և միջին մասնագիտական կրթության» ծրագրի՝ «Մասնագիտական կրթության և ուսուցման բարեփոխումներ՝ նոր օրենսդրության ներքո» միջոցառումը։
ԿԶՆԱԿ հիմնադրամը ձևավորվել է «Կայուն դպրոցական սնունդ» հիմնադրամի վերակազմակերպման միջոցով։ Հիմնադիրը ՀՀ կառավարությունն է, Հոգաբարձուների խորհրդի նախագահը՝ ԿԳՄՍ նախարարը: Խորհրդի կազմում ներառված են տարբեր պետական գերատեսչությունների և հասարակական կառույցների ներկայացուցիչներ:
Այս հիմնադրամի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարն Արտաշես Թորոսյանն է։ Ավելի վաղ մամուլը տեղեկացրել էր՝ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հանրակրթության վարչության փորձագետ Արտաշես Թորոսյանը, որը նախկինում թիվ 198 դպրոցի տնօրենն էր և տեղափոխվել էր ԿԳՄՍՆ, որպեսզի հետագայում հանրակրթության վարչության պետ նշանակվեր, 2021 թվականի դեկտեմբերի 30-ին նշանակվել է Կրթության զարգացման և նորարարության ազգային կենտրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար։ Նշում էին նաև, որ Արտաշես Թորոսյանը մեկ անգամ մասնակցել էր հանրակրթության վարչության պետի մրցույթին, սակայն կտրվել էր գրավոր քննությունից։
Ի դեպ, այս կառավարությունն աչքի ընկավ նախարարություններին ենթակա հիմնադրամների ստեղծումով, որոնք բոլորը փաթեթավորեց ու պայմանավորեց ստեղծված անհրաժեշտությամբ, և տարվա ընթացքում արդեն ականատեսը դարձանք, թե պետական բյուջեից ինչ հսկայական գումարներ, աստղաբաշխական դրամաշնորհներ են ուղղվում նորաստեղծ հիմնադրամներին։