Պատրաստ եմ նախկին նախագահների հետ ուղիղ եթերում բանավեճի ֆորմատով հիմնավորել ասածներս. Փաշինյան

Պատրաստ եմ նախկին նախագահների հետ ուղիղ եթերում բանավեճի ֆորմատով հիմնավորել ասածներս: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով առավոտյան արած իր աղմկահարույց գրառմանը:

«Լավ է, որ նախկին նախագահները իրենց ներկայացուցիչների միջոցով արձագանքել են ԼՂ բանակցային գործընթացին վերաբերվող իմ այսօրվա գրառմանը: Բայց ես ներկայացուցիչների ետեւում չեմ թաքնվում, կարծում եմ ճիշտ կլինի՝ իրենք էլ չթաքնվեն:

Պատրաստ եմ նախկին նախագահների հետ ուղիղ եթերում բանավեճի ֆորմատով հիմնավորել ասածներս: Սպասում եմ այսօրվա գրառումս վիճարկող նախագահների արձագանքին».- գրել է նա:

Հիշեցնենք, որ առավոտյան Փաշինյանը իր էջում գրել էր, թե՝  «1994 թվականից ի վեր, այսինքն հրադադարից հետո, մեկնարկի պահից՝ բանակցային գործընթացը եղել է Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի կազմ վերադարձնելու մասին»:

Ի դեպ, դեռևս 2018թ. հուլիսին լրագրողների հետ հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, թե Արցախի հարցով նախկին նախագահների հետ հանդիպելու անհրաժեշտություն չի տեսնում։ Նա այդ օրերին հանդիպել էր միայն ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ, որի հետ հանդիպման մասին լրագրողներին ասել էր. «Նստել ենք, սուրճ ենք խմել, զրուցել ենք, քննարկել ենք, Արցախի հարցի վերաբերյալ փորձել է ինձ տալ տեղեկություններ, որոնք մտածել է, որ ինձ կարող է և հայտնի չլինեին: Դա շատ օգտակար զրույց էր, բայց ասեմ, որ ինքն ինձ չի հայտնել տեղեկություններ, որ հայտնի չէր ինձ»:

Իսկ ինչ վերաբերում է ՀՀ երկրորդ և երրորդ նախագահներին հանդիպելուն, ապա նա ասել է, որ անհրաժեշտություն չի տեսնում։

Տեսանյութեր

Լրահոս