Աղազարյանից հետո ցուցակում Արփի Դավոյանն է. համարձակվել է կոռուպցիոն բացահայտում անել, ասել՝ Տիգրան Ավինյանը մեծ կոռուպցիոներ է. Թագուհի Թովմասյան
Նիկոլ Փաշինյանն իրականացնում է ընտրովի արդարադատություն, հետևապես՝ այսօր պետք է քրեական վարույթ հարուցվեր առաջին հերթին ոչ թե ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանի, այլ հենց Նիկոլ Փաշինյանի դեմ, որը պետական գաղտնիք է հանրայնացրել՝ ոչ թե Անվտանգության խորհրդի նիստում, այլ՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության։
168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում, խոսելով ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանի շուրջ կատարվողի մասին, նման տեսակետ հայտնեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը։
«Ի՞նչ պետական գաղտնիք։ Փաշինյանի համար պետական գաղտնի՞ք է այն, որ բացահայտվել է, որ ինքը երբեք Ռուբեն Վարդանյանին չի պահանջել Ալիևից։ Պետական գաղտնի՞ք է այն, որ Ալիևն անգամ տարակուսած Փաշինյանին հարցրել է՝ ինչո՞ւ չի պահանջում Ռուբեն Վարդանյանին։ Փաշինյանի համար, փաստորեն, հենց սա է պետական գաղտնիքը»,- ասաց Թագուհի Թովմասյանը՝ ընգդծելով, որ միջազգային տարբեր կառույցներին Հովիկ Աղազարյանի շուրջ կատարվողի, մարդու իրավունքների ոտնահարումների հարցերով տարբեր գրություններ է ուղղել՝ հաշվի չառնելով այն, որ իրեն Մարդու իրավունքների պաշտպանի հանձնաժողովի նախագահի պաշտոնից զրկելու հարցն Ազգային ժողովում ներկայացնում էր հենց Հովիկ Աղազարյանը։
Պատգամավորի խոսքով՝ Աղազարյանը ՔՊ-ականների շարքերից վերջին հեռացվածը չի լինելու, և ուշագրավ է, որ հենց ՔՊ-ականներն են դա գիտակցում՝ խուսափելով անգամ միմյանց հետ շփումից։
«ՔՊ-ականներն իրար մեջ ասում են՝ «Մեզ Աղազարյան են անելու». ՔՊ-ում նման ձևակերպում է թևածում, իրենք վախեցած են։ Իրենց Փաշինյանի հետ միավորում է վախը»,- ասաց Թովմասյանը՝ ընդգծելով, որ մինչև 2026 թվականը Փաշինյանը մի շարք ՔՊ-ականների ևս կհեռացնի իր թիմից, որպեսզի 2026 թվականին ավելի բյուրեղացված ցուցակով մասնակցի ընտրություններին։
«Աղազարյանից հետո ցուցակում Արփի Դավոյանն է, որը համարձակվել է կոռուպցիոն բացահայտում անել, ասել, որ Տիգրան Ավինյանը մեծ կոռուպցիոներ է»,- ասաց պատգամավորը։
Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում։