«Բաքվի բանտերում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների մնալը ՀՀ իշխանության կողմից զիջողական քայլ է՝ ինչ-որ բաների դիմաց». Արմեն Պետրոսյան

Բաքվի բանտում ապօրինի պահվող Արցախի Հանրապետության նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի փաստաբանական թիմն ահազանգել է՝ Ռուբեն Վարդանյանին ցմահ ազատազրկում է սպասվում։

«Ադրբեջանի դատախազները Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի նկատմամբ շուրջ 45 հնարավոր մեղադրանքների նոր ու հսկայածավալ փաթեթ են առաջադրել։ ներկայացված նոր մեղադրանքներն առնչվում են Ադրբեջանի Քրեական օրենսգրքի 20 տարբեր հոդվածների հատկանիշներին։ Շինծու ապացույցները ներկայացված են 100 հատորով, ընդհանուր ծավալը կազմում է մոտ 25 հազար էջ, ամբողջը՝ ադրբեջաներեն:

Ենթադրյալ «ապացույցներն» ամբողջությամբ թաքցվել են թե Ռուբեն Վարդանյանից, թե հանրությունից՝ այն պատճառաբանությամբ, թե այդ մեղադրանքներն առնչվում են «Ադրբեջանի ազգային անվտանգությանը»: Ադրբեջանական կողմը, միևնույն ժամանակ, հրաժարվել է Վարդանյանին և նրա փաստաբանին տրամադրել «ապացույցների» պատճենները։ Նրանց թույլատրվում է նյութերին ծանոթանալ առանց պատշաճ թարգմանության, սահմանափակ ժամկետներում, սակայն «ազգային անվտանգության նկատառումներով»՝ նրանք սահմանափակված են որևէ նշում կատարելու հնարավորությունից: Վարդանյանն ու նրա փաստաբանը սահմանափակված են իրենց իրավունքներում, որպեսզի դատավարության ժամանակ պատրաստ լինեն պաշտպանության»,- նշված է Ռուբեն Վարդանյանի փաստաբանների տարածած հայտարարության մեջ։

Արցախի Հանրապետության Կրթության և գիտության նախարարության արտադպրոցական ծրագրերի բաժնի վարիչ, Արցախի վաստակավոր մարզիչ Արմեն Պետրոսյանի խոսքով՝ որպեսզի Բաքվում գտնվող գերիների, պատանդների հարցը պահվի օրակարգում և ճանապարհներ ստեղծվեն նրանց հայրենիք վերադարձնելու համար, նախ այդ հարցով պետք է առաջին հերթին զբաղվի ՀՀ իշխանությունը։

Կարդացեք նաև

«Այսօր որքան էլ հասարակական կազմակերպությունները, անհատները բողոքեն այս կամ այն դեսպանության շենքի կամ այլ միջազգային կառույցի դիմաց, այն լեգիտիմ ուժը չի ունենա, որքան որ այդ հարցը բարձրացվի պետական իշխանությունների կողմից։ Միջազգային հանրությունը լսում է տվյալ երկրի իշխանություններին։ Բայց մենք տեսնում ենք, որ ՀՀ իշխանությունը շահագրգռված չէ այս հարցով զբաղվելու համար։ Ավելին՝ իշխանությունները հակառակի կողմնակիցն են, որպեսզի մեր պատանդները մնան Բաքվի բանտերում, քանի որ, եթե նրանք հայրենիք վերադառնան, իրենց դեմ պայքարող ևս մեկ բևեռ է ձևավորվելու»,- 168.am հետ զրույցում նշեց Արմեն Պետրոսյանը։

Ըստ մեր զրուցակցի, միակ ճանապարհն այն է, որ հասարակությունը համախմբվի ու ստիպի իշխանություններին զբաղվելու այս հարցով, ձևավորված չէ միասնական ճակատ, քանի որ այսօր ընդդիմության շարքերում ևս նկատվում է  պառակտվածություն՝ կեղծ ընդդիմության պատճառով։

«Կարծում եմ՝ գերիների հարցն իսկապես Փաշինյան-Ալիև հանդիպումներում չի բարձրացվում, քանի որ պարտված իշխանությունները պահանջող տեքստով խոսելու համարձակություն չունեն։ Դրա համար, այս պարտված իշխանությունը պետք է ժամանակին հեռանար՝ իր տեղը տալով այնպիսի ուժի, որը կհամարձակվեր գերիների, պատանդների հարցն առաջ քաշել։

Բաքվի բանտերում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների մնալը Հայաստանի իշխանությունների կողմից զիջողական քայլ է ինչ-որ բաների դիմաց, թե ինչի՞ դիմաց՝ այս պահին դեռևս մեզ հայտնի չէ»,- շեշտեց Արմեն Պետրոսյանը։

Նա նաև ընդգծեց՝ անկախ ամեն ինչից, Բաքվի բանտերում գտնվող պատանդներն ունեն որոշակի ազդեցություն, հարգանք արցախահայերի շրջանում, ուստի, եթե հայտնվեն ազատության մեջ, կդառնան ընդդիմություն, իսկ ՀՀ  իշխանություններին առհասարակ ձեռնտու չէ ունենալ ուժեղ ընդդիմություն, որպեսզի կարողանան երկարաձգել իրենց իշխանության կյանքը։ Հետևաբար, նման պայմաններում իշխանություններից ակնկալել, որ կզբաղվեն գերիների հարցով՝ աբսուրդի ժանրից է։

Տեսանյութեր

Լրահոս