Ռուսաստանի «ակա՞նջն» եք ուզում քաշել, դե քաշե՛ք, դո՛ւրս եկեք ՀԱՊԿ-ից. Գրիգոր Բալասանյան

ՀԱՊԿ-ը Հայաստանի անվտանգության սպառնալիք համարող Նիկոլ Փաշինյանն օրերս աշխատանքային այցով գտնվում էր Մոսկվայում, որտեղ նախագահում էր ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստը, որի ժամանակ դարձյալ խոսեց իր գլխավորած կառավարության հեղինակած «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի մասին։

Փաշինյանը հերթական անգամ ներկայացրեց մի ծրագիր, որը բանակցային որևէ հարթակում քննարկման առարկա չի հանդիսանում։

«Հայաստանի կառավարության նախաձեռնած այս նախագիծը վերջնական արդյունքում կապահովի բարենպաստ պայմաններ տրանսպորտային և առևտրատնտեսական կապերի զարգացման համար՝ բոլոր հետաքրքրված պետությունների համար՝ հիմնված ինքնիշխանության և իրավազորության հարգման, ինչպես նաև փոխադարձության ու հավասարության վրա»,- ասաց Փաշինյանը։

Թե ինչ կարող է տալ ԵԱՏՄ շրջանակում «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի քննարկումն այն պարագայում, երբ բանակցային հարթակներում քննարկվող փաստաթուղթը նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունն է, 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում փորձեցինք պարզել միջազգայնագետ Գրիգոր Բալասանյանից։

Կարդացեք նաև

Նա շեշտեց՝ Փաշինյանը կխոսի՞ այդ «Խաղաղության խաչմերուկ» ծրագրից, թե՞ ոչ, միևնույն է, ամեն ինչից անկախ՝ Հայաստանը շարունակելու է գործել նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության հիման վրա, շարունակելու է մնալ ԵԱՏՄ-ում՝ հաշվի առնելով միայն այդ կառույցի տված հնարավորությունները, տնտեսական համագործակցությունները, որոնց այլընտրանք Հայաստանը չի էլ գտնելու։

«Ինչ վերաբերում է նրան, որ ԵԱՏՄ-ում ենք, բայց դժգոհում են ՀԱՊԿ-ից ու շարունակում մնալ նաև այդ կառույցում, ապա դրա պատճառն այն է, որ գիտեն՝ որ օրը դուրս եկան ՀԱՊԿ-ից, նույն օրը դուրս են գալու նաև ԵԱՏՄ-ից, իսկ այսօր Հայաստանում իշխանության հետ աշխատող օլիգարխները հսկայական տնտեսական օգուտներ են քաղում ԵԱՏՄ-ից և Ռուսաստանի նկատմամբ կիրառված պատժամիջոցներից։

ՀԱՊԿ-ից հեռանալու պարագայում և՛ այդ օլիգարխները, և՛ Հայաստանը զրկվելու են տնտեսական բոլոր կառույցներից։ Իհարկե, Ռուսաստանի համար միևնույն է՝ Հայաստանից իր վրա մատ թափ կտա՞ն, թե՞ ոչ։ Աշխարհի 53 երկիր այսօր միացել է Ռուսաստանի ականջը քաշելու գործին, չի կարողանում քաշի, ի՞նչ է՝ Հայաստա՞նն է դա անելու։ Անհնար է այդ տարբերակով միջուկային տերությանը կարգի հրավիրել, հետևապես, Հայաստանի իշխանությունը դուրս չի գալու ՀԱՊԿ-ից, պարզապես իր այդ որոշումը քողարկում է ՌԴ-ին կարգի հրավիրելու անվան տակ արված հայտարարություններով, մինչդեռ ՀԱՊԿ-ի հետ իր դժգոհությունները պետք է բացատրեր, ասեր հենց անդամ պետությունների ղեկավարներին. պետք է հայտարարեր, որ Հայաստանի քայլերն ընդդեմ ՀԱՊԿ-ի՝ Ռուսաստանի դեմ ուղղված չեն»,- ասաց Գրիգոր Բալասանյանը։

Նա ընդգծեց՝ ՀՀ իշխանությունը դա պարտավոր է անել հատկապես այն պարագայում, երբ արևմտյան որևէ երկիր Հայաստանին անվտանգության երաշախավորություն տալու մասին հայտարարությամբ հանդես չի գալիս։.

«Ավելին՝ ուղիղ ասվում է՝ Հայաստանին ԱՄՆ-ը անվտանգային երաշխիք չի՛ կարող տալ, նույնը չի անելու նաև ԵՄ-ն, և պատահական չէ, որ մարդիկ բացահայտ Հայաստանին կոչ են անում դուրս չգալ ՀԱՊԿ-ից»,- ասաց Բալասանյանը։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում։

Տեսանյութեր

Լրահոս