Իշխանության այդ խաղերն արդեն բերել են Արցախի կորստի, և դրանք շարունակելը վերին աստիճանի հիմարություն է․ քաղաքագետ
ԱԺ ամբիոնից ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին ակնարկելուց մեկ շաբաթ անց Նիկոլ Փաշինյանը Մոսկվայում էր՝ նախագահելու ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստը։
Ավելին, Նիկոլ Փաշինյանը նաև այս հարթակն է օգտագործել՝ ներկայացնելու «խաղաղության խաչմերուկ» նախագիծը։ Խոսելով ԵԱՏՄ տրանսպորտային լոգիստիկայի զարգացման հեռանկարների մասին՝ նա մասնավորապես նշել է․ «Հայաստանի կառավարության նախաձեռնած այս նախագիծը վերջնական արդյունքում կապահովի բարենպաստ պայմաններ տրանսպորտային և առևտրատնտեսական կապերի զարգացման համար՝ բոլոր հետաքրքրված պետությունների համար՝ հիմնված ինքնիշխանության և իրավազորության հարգման, ինչպես նաև փոխադարձության ու հավասարության վրա»։
Մասնագիտական մի շարք դիտարկումների համաձայն, սակայն, Նիկոլ Փաշինյանի՝ «ՀԱՊԿ-ից՝ դուրս, ԵԱՏՄ-ից՝ ներս» քաղաքականությունն անհեռանկար է և վտանգավոր։
168․am-ի հետ զրույցում քաղաքագետ, տնտեսագետ Հրանտ Միքայելյանը սա համարում է Արևմուտքից թելադրված քաղաքականություն։
«Արևմուտքին այս պահի դրությամբ պետք է երկու բան՝ մի կողմից, որպեսզի Հայաստանը նպաստի ՌԴ-ի՝ տարածաշրջանից հեռացմանը, մյուս կողմից, որ Հայաստանը դա կարողանա անել ինչքան հնարավոր է առանց տնտեսապես կախված լինելու Արևմուտքից, որովհետև, հակառակ պարագայում, Արևմուտքը պետք է վճարի Հայաստանի համար,- պարզաբանեց քաղաքագետը՝ նկատառմամբ,- Ռուսաստանում այս օրակարգը շատ լավ են հասկանում, և վերջում այս քաղաքականությունը կպայթի»։
Հարցին, թե այս պահին ՌԴ համար փոխշահավետ չէ՞ տնտեսական փոխգործակցությունը, երբ ռուսական սանկցիաների պարագայում Հայաստանը դարձել է վերարտահանող պետություն, Հրանտ Միքայելյանը արձագանքեց՝ կանխատեսելով, որ դա էլ կարող է շատ արագ փոխվել, որովհետև ուկրաինական պատերազմը հնարավոր է ավարտվի 2025 թվականին, ու արդեն Հայաստանի դերը կփոխվի։
«Եթե նման իրավիճակ ստեղծվեց, ապա Հայաստանը կդառնա թիվ մեկ թիրախը, որի հետ կնվազեցնեն հարաբերությունների մակարդակը, որովհետև ՌԴ-ն բազմիցս կիրառել է տնտեսական զենքը քաղաքական նպատակներով՝ ինչպես Վրաստանի, Մոլդովայի նկատմամբ, անգամ ՀՀ նկատմամբ որոշ փոքր դրվագներով։
Բացի այդ՝ ՌԴ-ն կարող է չեղարկել այն պայմանագրերն ու արտոնությունները, որ Հայաստանն ունի, հետևաբար, այս քաղաքականությունը շարունակելը չի հաջողվելու։ Հետո կարող են հազար անգամ ասել՝ ռուսները վատն են, և այլն, բայց դա իրավիճակը չի փոխելու։ ՌԴ դեպքում տնտեսական ու ռազմավարական համագործակցությունը տարանջատել չի ստացվի, որովհետև դա համարում են փոխկապակցված․ ՌԴ-ից հարցեր են դնելու՝ Հայաստանը կա՛մ պետք է լիարժեք միանա ՀԱՊԿ-ին, կա՛մ դուրս գա ԵԱՏՄ-ից, իսկ ՀՀ իշխանությունն այդ դեպքում ստիպված է լինելու առավել պարզ քաղաքական քայլ անել»,- նշեց մասնագետը։
Անդրադառնալով մեր հիշեցմանը, որ իշխանամերձ շրջանակներին չեն վախեցնում ռուսական ճնշումները, և, որ նրանք դրանց հակադարձում են «ռուսական ռազմաբազան Հայաստանից լարելու» հայտարարություններով, Հրանտ Միքայելյանը շեշտեց․
«Այնպես չէ, որ ՌԴ-ին դրանով կարելի է վախեցնել․ նման խաղերը երբեք լավ չեն ավարտվում։ Երբ Թուրքիան հարձակվի ՀՀ վրա, հետո ի՞նչ ենք անելու․ եվրոպական դիտորդական առաքելությո՞ւնն է պաշտպանելու։ Ալիևն ուզում է անգամ այդ առաքելությունը քշել ՀՀ-ից։
Այս իշխանության նման խաղերն արդեն բերել են Արցախի կորստի, և դրանք շարունակելը վերին աստիճանի հիմարություն է»։