Փոքր տեխնիկական խնդրի համար իրար հետ չեն նստի բանակցությունների և գաղտնի չեն պահի․ թուրքագետ
Հայաստան-Թուրքիա սահմանին անցած ամիս տեղի է ունեցել երկու երկրների մի քանի գերատեսչությունների ներկայացուցիչների հանդիպումը․ այդ հանդիպումից մեկ ամիս անց է միայն հանդիպման տեղեկությունը փոխանցել Հայաստանի բանագնաց, խորհրդարանի փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը։
«Գնահատվել են տեխնիկական կարիքները, որոնք հնարավորություն կընձեռեն գործարկել Ախուրիկ/Աքյաքա երկաթուղու սահմանային անցակետը: Հանդիպումն անցել է դրական և կառուցողական մթնոլորտում»,- լրատվամիջոցի հետ զրույցում հաղորդել է Ռուբեն Ռուբինյանը։
Այս գաղտնիության շղարշը, թաքուն գործընթացները չեն զարմացնում թուրքագետ Տիրան Լոքմագյոզյանին։
«Մենք արդեն տեղեկացել էինք՝ Հայաստանի և Ադրբեջանի, Հայաստանի և Թուրքիայի միջև գաղտնի պրոցեսների մասին ևս,- 168․am-ի հետ զրույցում հիշեցրեց թուրքագետը՝ դիտարկմամբ,- Գաղտնիությունը գուցե այն պատճառով է, որ ժողովրդին դուր չեն գալու այդ պայմանավորվածությունները»։
Հստակեցմանը, թե այս անգամ նշվում է, որ տեխնիկական բնույթի հարցեր են քննարկվել, Տիրան Լոքմագյոզյանն արձագանքեց՝ «նաև»։
Ըստ նրա՝ բանագնաց Ռուբինյանը նշում է պայմանավորվածությունների ամենափոքր դրվագի մասին միայն։
«Ընդամենը փոքր տեխնիկական խնդրի համար իրար հետ չեն նստի բանակցությունների և գաղտնի չեն պահի։ Ըստ իս՝ այս գաղտնի հանդիպումները շարունակվելու են, և վերջում մեր առջև միանգամից դնելու են մի այնպիսի փաստաթուղթ, ինչպես նոյեմբերի 9-ի հայտարարությունն էր։ Դրանից առաջ Նիկոլ Փաշինյանն ասում էր, թե երբեք ժողովրդից թաքուն ոչ մի բան չի անի, բայց արեց հակառակը։
Իմիջիայլոց, վերջին շրջանում Թուրքիան հակված է ինչ-որ բան ստորագրելու, որովհետև հավաքական Արևմուտքի կողմից իր վրա ճնշում է գալիս՝ հասցնել գործն ավարտին։ Էրդողանի վրա կարող են ճնշում գործադրել, բայց Ալիևի վրա՝ չեն կարող․ դրա համար Էրդողանին են ճնշում, որ Էրդողանն էլ Ալիևին վրա ճնշումներ գործադրի։ Սակայն Ալիևն ուզում է առավելագույնը ստանալ։
Իսկ Թուրքիան հայկական կողմին մեկ անգամ չի ասել, որ՝ Ադրբեջանի պահանջները բավարարի, նոր արի մեզ մոտ․ այժմ Հայաստանը պետք է լուծի այդ հարցերը, Ադրբեջանը գոհ լինի, որ Հայաստանը թեքվի Թուրքիայի կողմը, և Թուրքիան էլ իր պահանջները դնի։ Նաև այս պատճառով է Թուրքիան շտապում»,- մանրամասնեց Տիրան Լոքմագյոզյանը։
Հաշվի առնելով սիրիական զարգացումներից հետո ավելի մեծ ազդեցություն ունեցող թուրքական գործոնը՝ արդյո՞ք Հայաստանն այլընտրանք ունի, քան արևմտյան ճնշումների տակ գնալ համաձայնությունների՝ հետաքրքրվեցինք թուրքագետից։
Ի պատասխան՝ նա վստահեցրեց․ «Այլընտրանք միշտ եղել է և այսօր էլ կա, բայց քանի դեռ չեն օգտագործում այդ այլընտրանքը, մեր դիրքերը գնալով թուլանում են։
Ինչո՞ւ պետք է Հայաստանը արևմտյան ճնշումների ներքո գնա Թուրքիայի մոտ, եթե կան արևելյան գործընկներները, որոնք, ի հեճուկս, ՀՀ կառավարության մինչ օրս կարողացան Սյունիքը պահել։
Իշխանությունը չի ուզում այլընտրանքը օգտագործել, քանի որ չեն աշխատում ՀՀ շահերի համար»։
Իսկ առհասարակ, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը թուրքագետը չի հավատում․ նա դարձյալ շեշտեց՝ Թուրքիան չի ցանկացել և ցանկանում։ Բայց հարաբերությունների հաստատումը հնարավոր է համարում միայն արդարության սկզբունքի ներքո՝ պատմության հետ առերեսման դեպքում։
«Թուրքիան 30 տարի է՝ ցույց է տալիս, որ չի ուզում մեզ հետ հարաբերություն ունենալ, և այսօր ևս։ Դուք վերջին տարիներին լսե՞լ եք, որ թուրք որևէ պաշտոնյա՝ սկսած Էրդողանից, ասի, թե ուզում է Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերություն ստեղծել,- ասաց Տիրան Լոքմագյոզյանը և հիշեցրեց,- Ժամանակին Թալեաթ փաշան ասել էր՝ մենք հայերին այնպիսի բաներ արեցինք, որ մեր երկու ժողովուրդների միջև այլևս բարեկամություն չի կարող լինել»։



