Այս թատերական գործողության իմաստը ո՞րն է՝ Փաշինյանը թող նշանակի իր սրտի թեկնածուին. զանգի ձայնը լսել են, բայց չգիտեն` որտեղից է. Քաղտեխնոլոգ

Այսօր և վաղը Գյումրիում ընթանալու է Նիկոլ Փաշինյանի հայտնած՝ Գյումրու քաղաքապետի պաշտոնակատարի համար փրայմըրիզը։

Քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանի խոսքով՝ ՀՀ իշխանությունը լսել է այդ քաղաքական տեխնոլոգիայի՝ փրայմըրիզի մասին ու փորձում է կիրառել՝ առանց հասկանալու, որ տեխնոլոգիան պետք է կիրառես ճիշտ վայրում, ճիշտ պայմանների դեպքում, որպեսզի դրա արդյունքը լինի տրամաբանական։

«Լսել են այս տեխնոլոգիայի մասին, փորձում են կիրառել՝ չհասկանալով, որ տվյալ դեպքում չի աշխատելու։ Փրայմըրիզը դա ամերիկյան ընտրական քաղաքական տեխնոլոգիա է, որի էությունն այն է, որ մրցակցային պայմաններում նույն կուսակցության տարբեր ներկայացուցիչներ դնում են իրենց թեկնածությունը սեփական կուսակցության և աջակիցների մոտ և միմյանց դեմ կատաղի մրցակցելով՝ ստանում են ընտրողների աջակցությունն առաջադրվելու համար։ Այսինքն՝ առաջադրվում է ամենամրցունակը, իր դրական բոլոր հատկանիշներով, ով ընտրողների կողմից ազնիվ գործիչ է՝ սա լավագույններին է առաջ մղում»,- 168.am հետ զրույցում նշեց Արմեն Բադալյանը։

Ըստ նրա, Գյումրիում այս տեխնոլոգիան սխալ է կիրառվում, որովհետև ով հաղթի, նրան Նիկոլ Փաշինյանը նշանակելու է Գյումրու համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատար։ Մինչդեռ, ըստ տեխնոլոգիայի՝ հաղթող թեկնածուն չպետք է նշանակվի վերադասի կողմից, այլ ընտրողի կողմից պետք է առաջադրվի և մեծամասնականով գնա։ Իսկ Գյումրիում մեծամասնական ընտրություններ չեն, այնտեղ համամասնական ընտրություններ են։

Կարդացեք նաև

«Փրայմըրիզը ոչնչացնում է քաղաքական ուժ հասկացությունը, բայց Գյումրիում ընտրելու են կուսակցություն, ինչպես Երևանում ընտրեցին, հո Երևանում Տիգրան Ավինյանի՞ն չէին ընտրում, ՔՊ-ին էին ընտրում, որն առաջնորդում էր Տիգրան Ավինյանը։ Այսինքն՝ Գյումրիում էլ են ընտրելու կուսակցությանը, որը քաղաքում իրականացնելու է իր քաղաքականությունը։ Փրայմըրիզի հիմքում անհատն է, ոչ թե կուսակցությունը։ Բայց այս իշխանությունը որոշել է փրայմըրիզ անել, տեսնել, թե 7 թեկնածուներից ավելի շատ ունակն ով է, որպեսզի նրան Նիկոլ Փաշինյանը նշանակի համայնքի ժամանակավոր պաշտոնակատար»,- շեշտեց Արմեն Բադալյանը։

Նա նաև նկատեց՝ Գյումրիում այս գործընթացը տեղի է ունենում օրենքի խախտմամբ, քանի որ ընտրություններ անցկացնելու համար պետք է լինի համայնքապետ։ Սակայն համայնքապետ չկա, ու այժմ համայնքը մատնված է անտերության։

«Իշխանությունը փրայմըրիզով նպատակ ունի մի քանի մարդու առաջ քաշել, նրանցից մեկին կնշանակեն համայնքապետ, որն ընտրություններին ընդառաջ կփորձի առաջ տանել ՔՊ-ին։ Այս քաղաքական ուժը, որպես այդպիսին իրենից արդեն ոչինչ չի ներկայացնում, ուզում են ՔՊ-ն փոխարինել, այսպես կոչված՝ Գյումրու Ավինյանով։

Ավելին՝ փրայմըրիզ պետք է անցկացվեր ամբողջ Գյումրիում, իսկ հիմա այդպես չեն անում։ Ձևական բաներ են անում, բայց վերջում որոշելու է Նիկոլ Փաշինյանը, եթե այդպես է, այս թատերական գործողության իմաստը ո՞րն է՝ Նիկոլ Փաշինյանը թող նշանակի իր սրտի թեկնածուին։ Կարճ ասած՝ զանգի ձայնը լսել են, բայց չգիտեն՝ որտեղից է»,- եզրափակեց Արմեն Բադալյանը։

Հիշեցնենք, որ Գյումրիում Նիկոլ Փաշինյանի հայտարարած փրայմըրիզին մասնակցում են 7 թեկնածուներ՝ Շիրակի նախկին մարզպետի խորհրդական Լևոն Անանյանը, Գյումրու ՔՊ տարածքային կառույցի ղեկավար Կարեն Սարուխանյանը, ՔՊ-ական պատգամավոր Դավիթ Առուշանյանը, ավագանու ՔՊ-ական անդամ Շավարշ Արամյանը, Միասնական սոցիալական ծառայության Գյումրիի ստորաբաժանման պետ Սարիկ Մինասյանը, ՔՊ երիտթևի Շիրակի համակարգող Էմմա Բարսեղյանը, Նիկոլ Փաշինյանի կնոջ ազգական Վահագն Մկրտչյանը։

Տեսանյութեր

Լրահոս