«Որպեսզի սոցիալական խնդիրները չվերածվեն կազմակերպված շարժման, պրոֆիլակտիկ ձևով ռուսամետ ընդդիմության ղեկավարությունը չեզոքացվում է». քաղտեխնոլոգ

Այսօր առավոտյան հայտնի դարձավ, որ Հակակոռուպցիոն դատարանը` նախագահությամբ դատավոր Ս. Դադոյանի, ամբողջությամբ բավարարել է քննիչի միջնորդությունը և Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը։ Երկրորդ նախագահը 2 ամսով կալանավորվել է։

Նիկոլ Փաշինյանն այսօր Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում կրկին սպառնաց՝ «թալանածը հատիկ առ հատիկ վերադարձնելու համար» բոլորի հետևից են գնալու։ Նա նաև իրավապահ համակարգին սպառնաց, որ «նախկինների հետ կապված դատավորները պետք է հեռացվեն»։

«Ինձ անուններ են պետք, անուններ չեղան՝ զանգվածային ազատումներ են լինելու համակարգից։ Մտնելու եմ շենք, ով դեմս դուրս եկավ՝ ազատելու եմ»,- սպառնաց Նիկոլ Փաշինյանը։

Քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանի գնահատմամբ, ՀՀ երկրորդ նախագահի նկատմամբ տեղի ունեցողը և, ընդհանրապես, ստեղծված իրավիճակը չպետք է համեմատել այն իրավիճակի հետ, որը կար 2018 թվականին ընդդիմադիրների շուրջ։

Կարդացեք նաև

«Հիմա բոլորովին այլ իրավիճակ է՝ Ռուսաստան-Հայաստան խնդիրներ կան, և բնական է, որ Ռուսաստանի իշխանությունները գոհ չեն Հայաստանի իշխանությունների կողմից վարվող քաղաքականությունից։ Երբ նայում ենք այս ձերբակալություններին, տեսնում ենք, որ կալանավորում են ռուսամետ ընդդիմության ղեկավարներին, ոչ թե արևմտամետներին կամ այլ ինչ-որ գործարարների, օլիգարխների:

Այնպես չէ, որ մյուս օլիգարխները իրենց ձեռք բերված գույքը օրենքի ամբողջ կետին համապատասխան են ձեռք բերել, բայց նրանց նկատմամբ  քրեական գործ չի հարուցվում, որովհետև նրանք չեն հանդիսանում ռուսամետ ընդդիմության ղեկավարներ, իսկ տվյալ գործիչները հանդիսանում են՝ անկախ նրանից՝ խոշոր գործարա՞ր են, թե՞ քաղաքական գործիչ։ Նշեմ, որ այս բոլոր գործընթացները «պրոֆիլակտիկ» բնույթ են կրում»,- 168.am հետ զրույցում ասաց Արմեն Բադալյանը։

Մեր զրուցակցի կարծիքով՝ տնտեսական սահմանափակումները, շատ հնարավոր է՝ աշնանը լուրջ սոցիալական խնդիրներ առաջացնեն, և որպեսզի այդ սոցիալական խնդիրները չինստիտուցիոնալիզացվեն, այսինքն՝ չվերածվեն կազմակերպված շարժման, դրա համար պրոֆիլակտիկ ձևով ռուսամետ ընդդիմության ղեկավարությունը չեզոքացվում է։

«Իհարկե, կան նաև այլ խոսակցություններ, բայց հիմնականում այս պահի դրությամբ այն է՝ հաշվի առնելով աշնանը սպասվելիք հնարավոր սոցիալական լարումները, որովհետև չենք կարող ասել, որ Ռուսաստանը տնտեսական իր սահմանափակումները սրանով կավարտի, հնարավոր է՝ ավելի խստացնի, ինչը կարող է ավելի լարել իրավիճակը հանրապետությունում։ Բայց որպեսզի արդյունք չտա, ՀՀ իշխանությունը պրոֆիլակտիկ գործողություններ է իրականացնում։ Տեղի ունեցողն իրավունքի հետ կապ չունի, սա զուտ քաղաքական գործընթացներ են, որոնք որ փաթեթավորված են իրավական կամ ձևավորված են իրավական շղարշով»,- հավելեց քաղտեխնոլոգը։

Արմեն Բադալյանը նաև շեշտեց՝ երկրի առջև ծառացած խնդիրները պետք է լուծեն երկրի իշխանությունները, մասնավորապես՝ այս փուլում արտահանման հետ կապված հարցերը, բայց հասկանալի է, որ նրանք չունեն մասնագիտական այդքան պոտենցիալ, հատկապես Էկոնոմիկայի նախարարությունը, որ կարողանան հասկանալ, թե ի՞նչ է պետք անել։

«Հասկանալի է, որ շուկան փակվել է ոչ միայն տնտեսական հարցերի պատճառով, որովհետև ֆիտոսանիտարական հսկողությունը ցույց է տալիս, որ ապրանքների որակն անհրաժեշտ չափանիշի վրա չէ, բայց դրա վրա, հասկանում ենք, առաջ աչք են փակել, հիմա էլ չեն փակում։ Բայց խնդիրը կայանում է նրանում, որ սրանք քաղաքական ենթատեքստ ունեն, միայն տնտեսական սահմանափակումներ չեն։ Քաղաքական սահմանափակումները նշանակում է, որ կարող է  քաղաքական ձևով բացվել, բայց քաղաքական ձևով չի բացվի, որովհետև Հայաստանի իշխանություններն արդեն հստակ նշել են՝ իրականացնում է այն քաղաքականությունը, որի համար իրենք 2018 թվականին բերվել են իշխանության՝ խզել կապերը Ռուսաստանի հետ, գնալ Արևմուտք»,- նշեց Արմեն Բադալյանը։

Նա նաև հիշեցրեց, որ փաստացի Հայաստանի իշխանությունն արդեն Եվրամիությանը դիմելու գործընթաց է սկսել, դրա մասին Նիկոլ Փաշինյանը  հայտարարեց ԱԺ ամբիոնից։ Արդեն դիմումը Եվամիությանն անդամակցելու մասին կա, ներկայացվել է։ Իհարկե, Հայաստանը Եվրամիության անդամ չի դառնալու, բայց Եվրամիության դիմում տալու և  կարգավիճակ ունենալու պարագայում Հայաստանը հնարավորություն է ունենում դե յուրե Հայաստանից ռուսական ռազմական ներկայությունը չեզոքացնելու համար։ Հետևաբար, տեղի ունեցող ամբողջ գործընթացը պետք է դիտարկել այս կոնտեքստում։

«ԵԱՏՄ երկրները որոշել են՝ Հայաստանի անդամակացության կասեցումը կառույցին, և հնարավոր է Հայաստանի հետ համակցությունը կասեցվի, իսկ սա նշանակում է բավականին լարված իրավիճակ, ոչ միայն շուկայի փակում, այլև գազի գնի վերանայում և այլն։ Սոցիալական լարումը մեծ է, որովհետև այստեղ այլ խնդիր էլ կա, իսկ եթե Ռուսաստանից վտարվի 100.000 հայ, այդ դեպքում ի՞նչ են անելու։

Այսինքն՝ բավականին խառը իրավիճակ է, իսկ Եվրամիությունը, կարող ենք ասել, որ այս պահի դրությամբ չի օգնում, որովհետև իշխանություններին պետք է առնվազն 1 միլիարդ եվրո՝ որպես օգնություն, ոչ թե որպես վարկ։ Եթե 1 միլիարդ վարկ տան, իշխանությունները կարող են ինչ-որ ձևով լուծել աշնանը սպասվող հնարավոր սոցիալական, նաև բանկային համակարգի հետ կապված խնդիրները, հակառակ դեպքում, թե ինչ զարգացում կլինի, ոչ ոք չի կարող գուշակել»,- ընդգծեց Արմեն Բադալյանը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31