«Գործ ունենք բռնապետ դավաճանի հետ, որը բոլորին բրախում է. նույնիսկ Աղազարյանին». Հովհաննես Իշխանյան
Վավերագրական ֆիլմերի ռեժիսոր Հովհաննես Իշխանյանն այն կարծիքին է, որ Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները մի բանի մասին են վկայում՝ «գործ ունենք բռնապետ դավաճանի հետ»:
168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում նա նշեց, որ թեև իրականության մեջ բռնապետները սովորաբար դավաճան չեն լինում:
«Գործադիրի ղեկավարը պատգամավորին ստիպում է մանդատը վայր դնել, ԲԴԽ նախագահին հեռացնում է, նա էլ գոհունակություն է հայտնում, և այո, մենք գործ ունենք բռնապետության հետ: Բայց սա մի բռնապետություն է, որի խորքում ընկած է որոշակի մտածողություն: Իրենց ներսում գավառական փիլիսոփայություն կա՝ աղքատությունը մարդկանց ուղեղներում է, հիշո՞ւմ եք՝ գյուղացի Մեխակը երբ ասաց, որ լավ պայմաններում չեն ապրում, ասաց՝ առողջ տղամարդը առողջ տղամարդուց բան կխնդրի՞: Սա մի փունջն է, երբ «աղքատությունը մարդկանց ուղեղում է» ասելով՝ բացառում է պետության պարտականությունը մարդկանց կյանքը բարելավելուն: Մյուս փունջն իրենց ստախոսությունն է, երբ ասում են՝ հացն է կարևոր, այստեղ հաց՝ այստեղ կաց, բայց իրականում հացից զրկում են»,-ասաց նա՝ ընդգծելով, որ մարդկանց հացից զրկելը հստակ արտահայտվեց գործադուլ անող վարորդներին աշխատանքից հեռացնելով:
Քաղհասարակությանը նա առաջարկում է կոչել GONGO (Governmental Organization), որոնք, ըստ նրա՝ ծառայում են գործող իշխանություններին. «Տեսա մեր GONGO-ների հայտարարությունը, որոնք մեր բարեկամ Վրաստանին էին աջակցություն հայտնել, բայց մեր բարեկամ Վրաստանի՝ իրենց շահերը սպասարկողներին: Վրաստանն ուզում է զսպել, որ աղետ չլինի, ինչպես Հայաստանում և Ուկրաինայում, կամ Սիրիայում և Լիբիայում եղավ: Բնականաբար, այնտեղի արևմտյան արմատացած ուժերը, որոնց մեծ մասն իմ ընկերներն են, որովհետև ես Թբիլիսիում ամերիկյան ծրագրով եմ սովորել, բայց դիլեմայի մեջ ես՝ մի տեղ անձնական հարաբերություններն են, մյուս տեղում հասկանում ես՝ ինչ է կատարվելու մեծամասշտաբ համայնքի հետ: Մեր GONGO-ների հայտարարության տակ հրապարակային գրեցի, որ հրաշալի է, որ պաշտպանում եք վրացի ժողովրդին, և վստահ եմ, որ հիմա կդատապարտեք գործադիրի ղեկավարի կողմից ճնշելով պատգամավորին հեռացնելը, երգահան Տիգրան Ավետիսյանի՝ ստեղծագործական ազատությունը ոտնահարող սպառնալիքները»:
Հովհաննես Իշխանյանը նշեց, որ եթե Նիկոլ Փաշինյանը հանկարծ ՀՀ շահերից ելնելով՝ որոշի ավելի սերտ հարաբերություններ ունենալ դաշնակից ՌԴ-ի հետ, այդ հասարակական կազմակերպությունները նոր կսկսեն քննադատել իշխանություններին. «Նրանք GONGO են այս պայմաններում: Այսպիսով ձևախեղվում են արևմտյան արժեքները, ուղղակի հարցն այն է, որ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Արևմուտքն ինտերվենցիաներ կարողանում էր անել մարդու իրավունքների անվան տակ: Ամերիկան ունի Գուանտանամոյի բանտը, որտեղ մարդիկ առանց դատի նստում են, ԱՄՆ բազմաթիվ նահանգներում մահապատիժ կա, մինչդեռ երբ ՀՀ-ն մտավ ԵԽ, պահանջներից մեկը մահապատժի վերացումն էր, որը արեց Հայաստանը: Մարդու իրավունքների ինտերվենցիան աշխատում է, որովհետև ՀԿ-ներ ես ստեղծում, փող ես տալիս և դառնում ազդեցության գոտի: Դա խելացի մոտեցում է, բայց մարդու իրավունքները պաշտպանո՞ւմ է՝ ոչ»:
Նա ընդգծեց՝ իշխանությունները տարբեր մեթոդներով փորձում են լռեցնել ազատ խոսքը, վախի մթնոլորտ տարածել. «Բնական է, որ այդպես պետք է լիներ, որովհետև եթե դավաճանություն ես արել, քո իշխանություն ունենալը պարադոքսի մեջ է ընկնում ժողովրդի ցանկությունների հետ: Դու պետք է գնալով այդ ցանկություններն այնքան սեղմես, որ իրենք դուրս չգան և քեզ չշպրտեն իշխանությունից, և դա բռնապետությունն է»:
Անդրադառնալով Փաշինյանի «ազգ-նահատակ» ձևակերպմանը՝ նա հետևյալն ասաց. «Մենք դարձանք ազգ-նահատակ իրենց գալուց հետո, իսկ դրանից առաջ ազգ-բանակ էինք, որը, բացի մեր անվտանգությունից, նաև Արցախի անվտանգությունն էր պաշտպանում, մարդիկ այնտեղ ապրում էին խաղաղ, ապահով: Երբ սրանք եկան և վերացրին ազգ-բանակն ու հայրենիքի հետ կապված մնացած կոնցեպտները, մենք դարձանք ազգ-նահատակ: Մենք 90-ականներին Արցախի պատերազմ էինք հաղթել, ինչը մեզ տալիս էր հնարավորություն պահանջելու քվազի գերտերություն Թուրքիայից՝ արդարության վերականգնում: Դու պետք է ազգ-խրոխտ լինես, որպեսզի կարողանաս պահանջել, որ Թուրքիան ճանաչի քո Ցեղասպանությունը: Հիմա ազգ-նահատակ ես, դրա համար զրկվել ես քո արդարության վերականգնումից»:
Հովհաննես Իշխանյանն ուշադրություն հրավիրեց Վրաստանի ընտրություններից հետո այնտեղի ընդդիմության գործելակերպի վրա.
«Վրաստանի ընդդիմությունն ամեն ընտրատեղամասում 3 հոգի ուներ, որոնք կարող էին վերահսկել այդ պրոցեսը, և այդքանից հետո ասում են՝ կեղծված է, և չմեղադրեցին ժողովրդին: Արևմտյան միտքը չի մեղադրում ժողովրդին, ասում է՝ դու ես մեղավոր, իշխանություն, կեղծել ես, և հետընտրական պրոցես է սկսում: Դա մարտավարություն է: Իսկ մեզ մոտ ընտրեցին հետընտրական պրոցեսների չգնալու, այլ ժողովրդին մեղադրելու ճանապարհը, որն արդյունավետ չէ, որովհետև ժողովրդին մեղադրելով՝ կորցնում ես ժողովրդին: Վրաստանը, Լևոն Տեր-Պետրոսյանը, Մայդանը տակտիկա էին՝ հետընտրական պրոցեսի համար, չէ՞ որ 2008-ին Լևոն Տեր-Պետրոսյանն ասաց՝ ես ընտրված նախագահն եմ, չասաց՝ ժողովուրդը մեղավոր է, ինձ չի ընտրել:
Արևմուտքի համար հստակ է՝ ընտրություններին պարտվում ես, ասում ես՝ կեղծ են ընտրությունները, մի քանի հնարավոր դեպքեր ես ցույց տալիս, որոնք ապացուցողական կարող են լինել հասարակության համար, ու արդեն դրանից հետո սկսում ես զարգացնել: Միանշանակ այնտեղ գտնվելու է սրիկա մի ոստիկան, որը քացով խփելու է անպաշտպան ցուցարարին, ինչը Վրաստանում է կատարվում, և դա է ամենաարագը շրջանառվում: Հունիսի 12-ին Հայաստանում ԱՄՆ-ը և ԵՄ-ն դատապարտեցին ցուցարարներին և ողջունեցին ոստիկաններին, իսկ Վրաստանում ԱԺ-ի վրա հրավառ նյութերով կրակում են, դատապարտում են ոստիկանությանը և քաջալերում ցուցարարներին: Այսինքն՝ լրիվ թիմային աշխատանք է»:
Ըստ նրա՝ Հայաստանի իշխանություններին բնորոշ է «բրախիզմը».
«Երևի բոլորն արդեն գիտեն, որ ահաբեկիչների հարձակումից հետո Սիրիայի Հալեպ քաղաքում գտնվող ՀՀ ամբողջ հյուպատոսությունը գնացել էր, այսինքն՝ նախօրոք գիտեին, որ հարձակում է լինելու, թողել գնացել էին՝ համայնքին թողնելով անորոշության մեջ: Սիրիայում ամենաթեժ ժամանակներում՝ 2010-ականներին, մեր հյուպատոսությունը նման բան չի արել: Հիմա, սա ցույց է տալիս, որ այս պայմաններում Հայաստանում գործ ունենք ոչ թե քաղաքական փիլիսոփայությունների հետ, այլ կա երկու վեկտոր. մեկը բրախիստներն են, որ նեղ պահին մարդկանց բրախում են, օրինակ՝ Նիկոլ Փաշինյանը բրախել է ինձ, ձեզ, արցախցիներին, էն օրը վարորդներին բրախեցին, Հովիկ Աղազարյանին բրախեցին, ու մյուսն էլ հավատարիմների տեսակն է, որը նեղ պահին մինչև վերջ կանգնում է, մինչև իր համայնքի հարցը չլուծվի: Արցախի դեպքում շրջափակման մեջ բրախեց, իսկ այնտեղի գործիչները, անուններով ասենք՝ Դավիթ Իշխանյան, Դավիթ Մանուկյան, Դավիթ Բաբայան, Լևոն Մնացականյան, Բակո Սահակյան, Արկադի Ղուկասյան, Ռուբեն Վարդանյան, իրենք մինչև վերջ մնացին, իսկ սրանք բրախում են»:
Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում