Աբխազիայի խորհրդարանը չվավերացրեց Ռուսաստանի հետ աղմկահարույց պայմանագիրը
Այսօր Աբխազիայի խորհրդարանի արտահերթ նիստում պատգամավորները դեմ են քվեարկել ռուսաստանցի իրավաբանական անձանց ներդրումային գործունեության մասին աբխազառուսական ամկահարույց համաձայնագրի վավերացմանը։ Այս մասին հաղորդում են ռուսական ԶԼՄ-ները։
Համաձայնագրի վավերացմանը դեմ է քվեարկել նիստին ներկա 24 պատգամավորներից 22-ը, երկուսը ձեռնպահ են մնացել։
Ավելի վաղ մի շարք ընդդիմադիր կազմակերպություններ խորհրդարանից պահանջել էին արտահերթ նիստ անցկացնել և դեմ քվեարկել համաձայնագրի վավերացմանը։
Ըստ խորհրդարանի խոսնակ Լաշա Աշուբային ուղղված դիմումի՝ համաձայնագրի վավերացումը մերժելը «կնվազեցնի հասարակական-քաղաքական առճակատման աստիճանը և կապահովի, որ առաջիկա ընտրական գործընթացն ընթանա հանգիստ մթնոլորտում»։
Վերոնշյալ համաձայնագիրը հոկտեմբերի 30-ին Մոսկվայում ստորագրել էին Ռուսաստանի Դաշնության տնտեսական զարգացման նախարար Մաքսիմ Ռեշետնիկովը և Աբխազիայի էկոնոմիկայի նախարար Քրիստինա Օզգանը։ Աբխազիայի իշխանություններն ընդգծել են, որ համաձայնագիրն ուղղված է հանրապետության տնտեսության մեջ ռուսական ներդրումների ներգրավմանը։
Մոսկվայի հետ կնքված վիճահարույց պայմանագրի համաձայն՝ ռուսական ընկերություններին հարկային մի շարք արտոնություններ պետք է տրամադրվեին Աբխազիայի տարածքում, ինչպես նաև պետք է տրվեր անշարժ գույք ձեռք բերելու հնարավորություն։ Պայմանագրի դեմ նոյեմբերի 15-ին սկիզբ առած բողոքի ակցիաների հետևանքով Աբխազիայի նախագահ Ասլան Բժանիան հրաժարական էր ներկայացրել։