Ժողովո՛ւրդ, Ղարաբաղն անկախ չէ, Հայաստան չէ, Ադրբեջան չէ, ի՞նչ է. Նիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանն այսօր ԱԺ-ում անդրադարձավ իր հայտնի՝ «Արցախը Հայաստան է, և վերջ» հայտարարությանը՝ ասելով.
«2016, 2017 կամ 2018 թվական, Ղարաբաղն ի՞նչ է, Ղարաբաղն անկախ պետությո՞ւն է, չէ, որովհետև անկախ պետությունն ունի իր ատրիբուտը, մինչև հիմա մեր բարեկամ ու ոչ բարեկամ երկրներն ասում են՝ «եթե այդպես էր՝ ճանաչեիք»։ Ընդ որում, որ մեզ վերագրվում է դավաճանական բան, դրանից առաջ ես եղել եմ պատգամավոր ու ընդդիմության կողմից մի քանի անգամ նախաձեռնություններ են եղել, որ ճանաչենք, մենք ասել ենք՝ չէ, Ղարաբաղն անկախ պետություն չէ, շատ լավ, Ղարաբաղն Ադրբեջա՞ն է, չէ, Ղարաբաղն Ադրբեջան չէ, որովհետև ով ասեր, որ Ղարաբաղն Ադրբեջան է, պարզ է, թե ինչ կլիներ։ Ղարաբաղը Հայաստա՞ն է, չէ, Ղարաբաղը Հայաստան չէ, լավ, ժողովուրդ, Ղարաբաղն անկախ չէ, Հայաստան չէ, Ադրբեջան չէ, ի՞նչ է»։
Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ որևէ մեկը կարող է հղի լինել 9 ամիս, 9 ամիս անց պետք է մի բան տեղի ունենա՝ կամ պետք է ծնվի երեխան, կամ՝ չծնվի՝ մեծ հավանականությամբ կրողի մահը պատճառելով, կամ պետք է ծնվի կեսարյան հատումով, կամ՝ բնական ճանապարով, կամ կենդանածին պետք է լինի, կամ՝ մեռելածին, կամ տղա պետք է լինի, կամ՝ աղջիկ։
«Ան, որ այս հղիությունը պետք է ևս 9 ամսով երկարացնենք՝ դա, կներեք, աբսուրդ մոտեցում է, ու, այնուամենայնիվ, շատ կարևոր է արձանագրել՝ այն, ինչ տեղի է ունեցել, ի՞նչ է, ինչքանով է ճիշտ»,- նշեց Փաշինյանը։
Նրա խոսքով՝ վերջին չորս տարում ինքն իրեն ամեն օր հարցեր է տվել ու պատասխանել, պատասխաններից մեկը, որը նա գտել է, այսօր ԱԺ-ում ներկայացրեց.
«Ի՞նչ է տեղի ունեցել 2019 թվականին ու ինչքանո՞վ է ճիշտ, կամ ինչքանո՞վ է ճիշտ կամ սխալ այն քաղաքականությունը, որը ես վարել եմ։ Ուզում եմ ասել իմ տպավորությունը՝ եթե մեր քաղաքականությունը գնահատում ենք Լեռնային Ղարաբաղի հարցը ևս 9 ամիս ձգելու տրամաբանությամբ, ապա մեր վարած քաղաքականությունը կարելի է համարել սխալ, եթե մոռանանք, որ խնդրի ձևակերպումն ի սկզբանե արդեն սխալ էր, եթե հարցը ձևակերպում ենք պետությունը պահելու շանս ստանալու առումով՝ պետք է ասեմ, որ այն քաղաքականությունը, որ վարել ենք ու վարում ենք, ոչ թե ճիշտ է կամ սխալ, այլ միակ հնարավոր տարբերակն էր ու տարբերակն է այսօր, որ մեզ պետություն ունենալու շանս է տալիս»։
Փաշինյանն այնուհետև հիշեցրել է, որ երկու տարի առաջ ասել է՝ եթե մեզ հաջողվի պահել մեր պետականությունը 1-2 տարի, դա կնշանակի, որ մենք առաջիկա 100-ամյակում պետություն ունենալու իրական հնարավորություն ենք ստեղծել:
«Ահա երկու տարի առաջ ես կանգնած եմ ՀՀ խորհրդարանի ամբիոնին որպես ՀՀ վարչապետ և պիտի այսպիսով արձանագրեմ, որ միջնաժամկետում մեր դարավոր և հիմնական խնդիրը լուծված է, բայց մեզ չի կարելի ոչ մի վայրկյան թուլացնել մեր զգոնությունը:
Ես համոզված եմ, որ հենց մենք ենք այն կառավարությունը, այն խորհրդարանը, հենց մենք ենք այն ժամանակը, որը հնարավորություն է ասելու՝ ահա մենք երաշխավորեցինք Հայաստանի պետականության գոյությունն առաջիկա 100-ամյակի ընթացքում»,- նշել է նա: