Ազդեցության գոտիների փոփոխության համար պայքարն արտահայտվում է նաև ներքաղաքական դաշտում․ Ստեփան Դանիելյան

Վաշինգտոնը սկսել է Հայաստանում արևմտամետ կուսակցությունների քաղաքական «առաջմղումը»՝ օգնելու նրանց խորհրդարան անցնել 2026 թվականի ընտրությունների ժամանակ․ ՌԴ արտաքին հետախուզության ծառայության մամուլի բյուրոյի այս հաղորդագրությունը հայաստանյան տարբեր շրջանակներ դիտարկում են ՌԴ-ից հնչող նմանատիպ այլ հայտարարությունների համատեքստում և որակում իբրև դիվանագիտական հայտարարություն։

Քաղաքագետ, վերլուծաբան Ստեփան Դանիելյանը հիշեցրեց, որ առնվազն վերջին երկու-երեք տարում նման հայտարարություններ շատ են հնչել ռուսական կողմի տարբեր պաշտոնյաների կողմից։

«Երբ այժմ ՌԴ ԱՀ կողմից է նման հայտարարություն հնչում, արդեն երանգը փոքր-ինչ փոխում է»,- նկատեց նա։

Իսկ առհասարակ, ըստ քաղաքագետի, երկրում առկա ներքաղաքական իրավիճակը տարածաշրջանում վաղուց մեկնարկած ազդեցության գոտիների փոփոխության համար պայքարի դրվագ է։

Կարդացեք նաև

«Ազդեցության գոտիների համար պայքարը վաղուց է սկսվել՝ հատկապես 2008 թվականից՝ Վրաստանում, 2013-2014 թվականներից՝ Ուկրաինայում, Մոլդովայում, և սա շարունակվում է՝ արդեն պատերազմի բնույթ կրելով Ուկրաինայում

Եվ քանի որ այսօր աշխարհում անկեղծության ժամանակաշրջանն է, այժմ այդ ամենն ուղղակիորեն է արվում․ մենք պետք է հիշենք ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հայտարարությունները Հայաստանում, Վրաստանում, Ադրբեջանում, ԱՄՆ Պետդեպի քարտուղարի տեղակալի հայտարարությունը, թե քանի որ ՌԴ-ն զբաղված է Ուկրաինայում, ժամանակն է, որպեսզի Հարավային Կովկասը դուրս բերվի ՌԴ ազդեցության գոտուց։

Իսկ ազդեցության գոտիների փոփոխության համար պայքարն արտահայտվում է նաև ներքաղաքական դաշտում․ պրոարևմտյան, պրոռուսական կամ անկախ քաղաքական միավորներին այս կամ այն կողմն աջակցում է կամ խոչընդոտում»,- մանրամասնեց Ստեփան Դանիելյանը՝ հիշեցնելով Մոլդովայում, Վրաստանում, Ուկրաինայում այդ պայքարի ներքաղաքական դրսևորումներն ընտրությունների միջոցով։

Ըստ նրա՝ նույն պրոցեսը, ճնշումները նաև Հայաստանում և Ադրբեջանում են, և հետևաբար՝ պետք չէ զարմանալ, որ նաև արդեն Հայաստանում են քաղաքական ուժերը նման տրամաբանության մեջ փորձում դասավորվել՝ հաճախ առաջնորդվելով ոչ թե ազգային ու պետական շահերով, այլ այս կամ այն կողմից լինելու հանգամանքն են փորձում օգտագործել ընտրություններում։

«Մինչև 2026 թվականը, եթե ընտրությունները 2026թ․ լինեն, նման երևույթների և նման արձագանք-հայտարարությունների ավելի շատ ենք հանդիպելու»,- նկատեց վերլուծաբանը։

Դիտարկմանը, թե արդյո՞ք այս ռուսական կողմի հայտարարությունը նաև նշանակում է, որ ՀՀ-ում սպասվող ընտրություններում ՌԴ-ն աջակցելու է գործող իշխանությանն ու նրա սատելիտներին այլընտրանք ուժի, նա պատասխանեց։

«Եթե մինչև 2026 թվականը ռուս-ուկրաինական կամ ռուս-ամերիկյան պատերազմը, որն ընթանում է Ուկրաինայում, ավարտվի, ապա, բնականաբար, ՌԴ ձեռքերը կբացվեն և առավել կակտիվանա, մասնավորապես, նախկին ԽՍՀՄ երկրների տարածքում։

Նաև մեծ փոփոխություններ են սպասվում Եվրոպայում, տեսնում ենք՝ այնտեղ աջ ուժերն են գնալով ուժեղանում․ նույն Ռումինիայի ընտրությունները լուրջ ազդակ են։ Եվ հնարավոր է՝ իրավիճակի լուրջ փոփոխություններ տեղի ունենան,- նախ արձանագրեց մեր զրուցակիցը, ապա բուն հարցադրման առնչությամբ հավելեց,- Այո, եթե տարբեր երկրները, ըստ իրենց շահերի, միջամտում են այլ երկրների ներքաղաքական ընտրություններին, ապա նաև այն երկրները, որոնք մինչև դա չէին միջամտում, բնականաբար, նրանք ևս կմիջամտեն»։

Հստակեցմանը՝ ինչպիսի՞ զարգացումներ սպասել, եթե ռուս-ուկրաինական հակամարտությունը չավարտվի մինչև 2026 թվականը, արդյո՞ք այդ դեպքում Արևմուտքի ազդեցությունն առավել կմեծանա տարածաշրջանում, Ստեփան Դանիելյանն արձագանքեց․

«Նույն Արևմուտքում բազմաթիվ պրոբլեմներ կան, ոչ ոք չգիտի՝ Թրամփն ինչ քաղաքականություն է վարելու, Եվրոպայում ինչ նոր ուժեր են առաջ գալու, ինչ տնտեսական վիճակ է լինելու, որովհետև մենք ապրում ենք աշխարհում, որտեղ ամեն օր այնպիսի փոփոխություններ են լինում, որոնք առաջ անհավանական էին թվում։

Դժվար է պատկերացնել, որ պատերազմը չի կանգնի մինչև 2026 թվականը։ Այժմ մեծ արագությամբ են որակական փոփոխություններ լինում․ արդեն ամենալուրջ քաղաքական գործիչներն ու ուղեղային կենտրոնների փորձագետները գուցե նույնիսկ օրերի հարց են տեսնում միջուկային պատերազմի կանխատեսումը, և նման պայմաններում կարծելը, թե ուկրաինական պատերազմը երկար կտևի, անհավանական է։

Ինձ թվում է՝ մոտակա ամիսների ընթացքում ինչ-որ արդյունքներ կլինեն․ արդյունքը կարող է լինել աշխարհի համար ողբերգական և կամ՝ ինչ-որ պայմանավորվածությունների տեսքով»։

Ավելի վաղ ԱՀԾ-ն հայտարարել էր, որ ԱՄՆ Պետդեպարտամենտի հետ առնչություն ունեցող կազմակերպություններին հանձնարարվել է ընդլայնել Հայաստանի առանցքային պետական ​​մարմինների աշխատակիցների վերապատրաստման ծրագրերը և ապահովել օտարերկրյա խորհրդատուների ակտիվ մասնակցությունը, որոնք կկարգավորեն Հայաստանի կառավարության աշխատանքը՝ ելնելով Արևմուտքի շահերից։

Տեսանյութեր

Լրահոս