Փաշինյանը գործակալական աշխատանք է կատարում. Արևմտյան Հայաստանից խոսելով՝ փորձում է ջնջել Ցեղասպանության թեման. Հայկ Դեմոյան
Հայաստանը ներկայացնող Նիկոլ Փաշինյանն իր հերթական հարցազրույցի ժամանակ հերթական անգամ ասաց մի բան, որն ադրբեջանական տեղեկատվական-քարոզչական դաշտում զբաղեցնում է թոփ թեմաների առաջին հորիզոնականները. խոսքն ադրբեջանական կեղծ, անիրական «Արևմտյան Ադրբեջան» ձևակերպման մասին է, որով Ալիևն ադրբեջանական է համարում Հայաստանի Հանրապետության տարածքը։
Տարօրինակ զուգադիպությամբ, Նիկոլ Փաշինյանը ևս «Արևմտյան Ադրբեջանն» Ալիևի պես իրատեսական և ռեալ համարեց, այնքան ռեալ, որ համեմատեց իրական Արևմտյան Հայաստանի հետ։
«Հիմա մենք նեղվում ենք և շատ ծանր ենք տանում, պրոբլեմ ենք համարում, որ ինչ-որ տեղ ինչ-որ մարդիկ օգտագործում են «Արևմտյան Ադրբեջան» տերմինը, չէ՞։ Բա մենք որ ասում ենք՝ Արևմտյան Հայաստան, չե՞նք մտածում, որ ինչ-որ մարդկանց դա գրգռում է։ Ոնց որ ասում են՝ «Արևմտյան Ադրբեջան», և դա մեզ գրգռում է, այդպես էլ, երբ ասում ենք՝ Արևմտյան Հայաստան, ուրիշներին է գրգռում»,- Հանրային հեռուստաընկերության եթերում ասաց Փաշինյանը։
168TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում Պատմական գիտությունների դոկտոր Հայկ Դեմոյանն ադրբեջանական թեզերին իր համաձայնությունը տվող և դրանք կրկնող Փաշինյանի քայլերը պայմանավորեց Փաշինյանի վրա դրված պարտավորությունների կատարմամբ։
«Գործակալական ցանցը և դրա պարագլուխն իրականացնում են իրենց տերերի կամ ուղղորդողների կողմից հրահանգված բառապաշարի շրջանառությունը։ Հայաստանի Հանրապետության դեմ իրականացվում է գործակալական աշխատանք՝ սկսած դեռ 2018 թվականից։ Գարեգին Նժեդեհի արձանի հանելը, նրան Երկրորդ համաշխարհային պատերազմում ֆաշիստ ներկայացնելը… ամեն ինչ սկսեց էստեղից, հետևապես, այն խոսույթը, որը Փաշինյանը դնում է շրջանառության մեջ, ինչպես նաև իր ընտանեկան կադրերի հրապարակումը, պատականություններ չեն»,- ասաց Դեմոյանը՝ նշելով՝ ցավալիորեն ՀՀ իշխանությունը կարողացել է հայ հասարակությանը հասցնել «բթացվածության այն աստիճանի», որ արդեն գործակալական ցանցը գործում է շատ բացահայտ և հասարակությանը հասցնում ուղերձներ, որ տեղյակ լինեն հաջորդ գործողություններին։
Պատմական գիտությունների դոկտորի համոզմամբ՝ այո՛, տխմարություն է Փաշինյանի կողմից կեղծ «Արևմտյան Ադրբեջան» և Արևմտյան Հայաստանի համեմատությունները, ինչն իրականում ունի այլ խորքային նպատակ։
«Պարզունակ գործակալական աշխատանք է կատարում, նա Արևմտյան Հայաստանից է խոսում, որովհետև դրանով մենք հավակնություն ունենք Թուրքիայի նկատմամբ։ Այդ համեմատությունով Փաշինյանը Ցեղասպանության լինելիությունն է կասկածի տակ դնեում, նա հայրենազրկման լինելությունն է ուզում ջնջել»,- նկատեց նա։
Հայկ Դեմոյանի խոսքով՝ ինքն ունի տեղեկություններ, որ Փաշինյանի իշխանությունը պատրաստվում է վերանորոգման պատրվակի տակ նախ փակել Ցեղասպանության թանգարանը, ապա չեզոքացնել Ցեղասպանության զոհերի հուշահամալիրը։
«Ըստ պետական արարողակարգի՝ Հայաստան այցելող ցանկացած պաշտոնական պատվիրակություն գնում է Ցեղասպանության հուշահամալիր։ Իմ տեղեկություններով, իշխանությունն ուզում է վերանորոգման անվան տակ փակել հուշահամալիրը, որպեսզի պատվիրակությունները հուշահամալիր չբարձրանան»,- ասաց Հայկ Դեմոյանը։
Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում։