«Իրանը փորձում է ճնշումներ գործադրել Հայաստանի վրա՝ փորձելով դժվարացնել, խճճել Երևանի և Բաքվի միջև «խաղաղության» երկխոսությունը». Շիրազ Խաչատրյան
Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Թուրքիայի տրանսպորտի նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն հայտարարել է՝ «միջանցքը» կամ երթուղին կանցնի Հայաստանի՞, թե՞ Իրանի տարածքով, կորոշի Ադրբեջանը:
«Մենք հաշվի ենք առնելու Ադրբեջանի դիրքորոշումը: Մյուս կողմից, կարելի է ասել, որ աշխատանքները նախագծի ուղղությամբ արագ առաջ են գնում: «Զանգեզուրի միջանցքը» ուղիղ կերպով Թուրքիան կապելու է Ադրբեջանի հետ և թյուրքական աշխարհի»,- նշել է նա:
Իր հերթին՝ գրեթե նույն ժամանակահատվածում Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը հայտարարել է, որ Ադրբեջանի համար «Զանգեզուրի միջանցքը» կարևոր է, քանի որ Ադրբեջանի հիմնական մասը կկապի Նախիջևանի հետ։
Ըստ նրա, միջանցքը Հայաստանին հնարավորություն կտա դուրս գալ տարածաշրջանային մեկուսացումից և մասնակցել տարածաշրջանային տնտեսական համագործակցությանը, ավելին, «Զանգեզուրի միջանցքը» կարող է դառնալ նաև Միջին միջանցքի այլընտրանքային ճանապարհ:
Այս համատեքստում նշենք, որ Թեհրանից հայտարարություններ էին եղել, որ Ռուսաստանը հակասական քաղաքականություն է որդեգրել Իրանի նկատմամբ՝ աջակցելով «Զանգեզուրի միջանցքի» ստեղծմանը։ Եվ այս ամենի ֆոնին վերջին մոտ մեկ շաբաթվա ընթացքում ՀՀ ԱԳ նախարարը հեռախոսազրույց է ունեցել Իրանի արտաքին գերատեսչության ղեկավարի հետ: Նման տեղեկություն տարածվել է նոյեմբերի 14-ին և նոյեմբերի 21-ին։
«Զանգեզուրի միջանցքին» առնչվող զարգացումների շուրջ 168.am-ը զրուցել է «Հենակետ» վերլուծական կենտրոնի փորձագետ Շիրազ Խաչատրյանի հետ՝ պարզելու՝ արդյո՞ք Միրզոյան-Արաղչի հեռախոսազրույցները նշված թեմայի պատճառով են, և կարո՞ղ ենք ասել, որ «Զանգեզուրի միջանցքի» նախագիծը, որը թուրքական է համարվում, փորձ է արվում գցել Ադրբեջանի «գրպանը»:
«Որքան էլ Թուրքիայի և Ադրբեջանի կողմից, այսպես ասած, «դրական» ազդակներ են հնչում՝ միջանցքի բացման առնչությամբ, սակայն, ըստ իս, և՛ Ադրբեջանը, և՛ Թուրքիան այս փուլում այդքան էլ չեն շտապում միջանցքի բացման հարցում, քանի որ նույնիսկ իրենց մոտ դեպի Նախիջևան տարվող կոմունիկացիաները դեռ նախագծային, որոշները՝ արդիականացման ու վերակառուցման փուլում են, իսկ երբ տարածաշրջանում միջազգային դերակատարների բարդ, հաճախ՝ հակասական շահերն ընդգծված բնույթ են կրում «Զանգեզուրի միջանցքին» առնչվող խնդրում, ապա շտապելը կարող է իր հետ բազմաթիվ ռիսկային ելքերի հանգեցնել թուրքական պետությունների համար:
Ինչպես բոլոր դերակատարների, այդ թվում՝ Թուրքիայի և Ադրբեջանի դեպքում, երկարատև ու բարդ հաշվարկ է դրված՝ միջանցքի վերահսկողությանը հասնել առանց որևէ այլ դերակատարի ներգրավվածության: Այդ իսկ պատճառով էլ և՛ Անկարան, և՛ Բաքուն փորձում են Երևանի հետ խոսել ուղիղ, փորձելով ամեն անգամ մի բան կորզել, իսկ երկարատև պլանում հասնել իրենց առջև դրված խնդրին: Պատահական չէ, որ Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն վերջերս հայտարարել էր, որ «Զանգեզուրի միջանցք»-ը կարող է գործարկվել 2028-2029թթ:
Այսինքն, իրենք լուռ աշխատում են իրենց նախագծերի առաջմղման մասով, նաև՝ ռեգիոնալ ու գեոպոլիտիկ զարգացումներից ելնելով, այլ կերպ ասած՝ գործում են՝ ըստ անհրաժեշտության: Ինչպես երևում է՝ թուրքերը չեն շտապում, հետևելով տարածաշրջանային զարգացումներին, հաճախ էլ աչք փակելով տրանսպորտային միջանցքների բացման վերաբերյալ այս կամ այն խաղացողների հետ ձեռք բերած կարևոր պայմանավորվածությունների տապալումների վրա, և սպասում նպաստավոր իրավիճակի ստեղծման:
Իսկ ինչ վերաբերում է ՀՀ-ի և Իրանի արտաքին գործերի նախարարների միջև տեղի ունեցող ակտիվ հեռախոսազանգերին, ապա վերը նշածս տրամաբանության մեջ Իրանը փորձում է ճնշումներ գործադրել Հայաստանի վրա՝ փորձելով դժվարացնել, խճճել Երևանի և Բաքվի միջև «խաղաղության» երկխոսությունը»,- մանրամասնեց փորձագետը: