Ադրբեջանը գազ չունի Հայաստանին վաճառելու համար. դա լինելու է թուրքմենական գազ, բայց… Արա Մարջանյան
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը՝ էներգետիկայի հարցերով ՄԱԿ-ի ազգային փորձագետ Արա Մարջանյանը, Ադրբեջանից գազ գնել ցանկացողներին, քարոզողներին խորհուրդ տվեց հիշել Վրաստանի հետ տեղի ունեցածը և հետևություններ անել:
«1990-ականների վերջից աշխարհաքաղաքական քլինթոնյան մեծ գործարքի շրջանակներում վերին աստիճանի ակտուալ էր Վրաստանի պոկումը Ռուսաստանից ու նրանց բերումը թուրք-ադրբեջանական դաշտ։ Այդ ծրագիրն իրագործելու համար անհրաժեշտ էր Վրաստանն ապահովել գազով, և Ադրբեջանը սկսեց գազ մատակարարել Վրաստանին։ Բայց դա ի՞նչ գազ էր։ Ադրբեջանն այդքան գազ չունի, իր իսկական գազը նա բարձր գներով 100%-ով վաճառել է Եվրոպային։ Վրաստանին մատակարարվողը ոչ թե բնական գազ էր, այլ հարակից գազ։ Արդյունքում՝ ընկավ ադրբեջանական Ազերի-Չերագ-Գյունեշլի նավթագազային հանքավայրերի արդյունահանման մակարդակը։ Բաքու-Թբիլիսի-Ջեյհան ծրագրի ֆինանսական ձախողումը պայմանավորված էր նրանով, որ աշխարհաքաղաքական որոշում կար՝ Վրաստանը կտրել Ռուսաստանից ու նրան մատակարարել ադրբեջանական գազ։
Նույնն է իրավիճակն այսօր Հայաստանի մասով։ Հայաստանին Ադրբեջանը գազ չի կարող մատակարարել, որովհետև ինքը գազ չունի։ Հավանաբար խոսքը թուրքմենական գազի մասին է լինելու։ Հետևաբար՝ Ադրբեջանից գազ ստանալու գինը ոչ միայն Ռուսաստանի, այլև Իրանի հետ հարաբերությունների խզումն է լինելու։ Արդյո՞ք ադրբեջանական գազն արժե այնքան, որ Հայաստանը խզի իր հարաբերություններն իր երկու ռազմավարական դաշնակիցների՝ Իրանի և Ռուսաստանի հետ։ Կարծում եմ՝ չարժե՛։ Պետք է մտածել Իրանի հետ նոր գազային պայմանագիր կնքելու մասին ու Իրանից ներկրել 1-1.5 միլիարդ խորանարդ մետր գազ, արտահանել մոտ 3 միլիարդ կվտժ էլեկտրաէներգիա։ Դա Հայաստանի համար շատ ավելի հեռանկարային կարող է լինել»,- ասաց նա:
Արա Մարջանյանը նկատեց՝ Հայաստանը տասնամյակներ շարունակ վարում էր հավասարակշռված արտաքին քաղաքականություն՝ «և՛-և՛»-ի քաղաքականություն։ Ժամանակն է վերադառնալ դրան, ինչպես հիմա անում է Վրաստանը։
«Իրանական գազի կալորիականությունը որակական առումով մի փոքր տարբերվում է ռուսական գազից, բայց դա մեծ խնդիր չէ։ Այո, Իրանի հյուսիսային շրջանները գազի խնդիր ունեն, սակայն Հայաստանին տրամադրվող գազի ծավալներն այնքան չեն, որ խնդիրներ առաջացնեն Իրանի ներքին կյանքի համար։ Կրկնում եմ՝ ինչ էլ կատարվի աշխարհում, Հայաստանի համար առաջնահերթություն է Որոտանի կասկադի, ատոմակայանի՝ նոր ատոմային բլոկի, Մեղրիի ու Ռուշտոբի ՀԷԿ-երի, իրանական էներգաբլոկի կառուցումը»,- ասաց փորձագետը:
Մանրամասները՝ տեսանյութում: