«Պատկերացնո՞ւմ եք` այլ երկրներում կանգնեն, ասեն` մենք հրաժարվում ենք, օրինակ, պատմական Իրանից, Ռուսաստանից, չե՛ք տեսնի նման բան. սա ուղղակի խայտառակություն է». Պատմաբան
Նիկոլ Փաշինյանը և իր իշխանության տարբեր ներկայացուցիչներ շարունակում են առաջ մղել «իրական Հայաստան» խոսույթը։ Երեկ ԱԺ-ում կրկին այս մասին խոսվեց, ինչին հակադարձեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը՝ ասելով, որ եթե ՔՊ-ն ասում է, որ Կառավարությունն իր բոլոր որոշումների հիմքում դնելու է «իրական» Հայաստանի քաղաքացու շահերը, ո՞վ է այդ քաղաքացին, նա ինչո՞վ է տարբերվելու պատմական Հայաստանի քաղաքացուց։
«Մենք հասկանում ենք, որ այս ձևակերպումը, որը հրապարակ բերվեց պառակտիչ իր բնույթով՝ «պատմական ու իրական» Հայաստան հակադրության մեջ, ձեր ղեկավարն է հրապարակ բերել։ Սակայն պետք չէ պապից պապական դառնալ։ ՀՀ սահմանադրությամբ ՀՀ-ն բոլոր քաղաքացիների շահերը պետք է պաշտպանի, բայց հիմա պարզվում է, որ կարող է նոր կատեգորիա առաջանալ՝ «իրական Հայաստանի» քաղաքացի։ Պարզ հարց է առաջանալու՝ ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու Կառավարության համար «իրական Հայաստանի» քաղաքացիներ, որոնք՝ ոչ»,- իր խոսքում ասաց Արմեն Ռուստամյանը՝ ՔՊ-ին կոչ անելով կանգ առնել։
Ի սկզբանե տարբեր պատմաբաններ, ակադեմիկոսներ Նիկոլ Փաշինյանին կոչ են արել հրաժարվել այդ խոսույթից, քանի որ այն կեղծ է և լավ տեղ չի տանելու՝ միայն ու միայն խարխլելու է պետության հիմքերը։
Պատմաբան և դասագրքերի հեղինակ Աշոտ Ղուկասյանի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանի ասպարեզ բերած այս խոսույթն ամբողջովին մտացածին է, որն ունի հստակ նպատակ։
«Նիկոլ Փաշինյանն իր այս քայլով փորձում է այնպես անել, որ հայ ազգը, Հայաստանը հրաժարվի իր պատմական տարածքներից, ուստի ասպարեզ է բերել «իրական» Հայաստանը։ Նիկոլ Փաշինյանն իր իշխանությունը պահելու համար է այդպես անում, պատրաստ է դրա համար Հայաստանն ամբողջովին զիջել Թուրքիային ու Ադրբեջանին, նրա քայլերն են դա ապացուցում։
Պատմական Հայաստանից հրաժարվելով` Նիկոլ Փաշինյանն իբրև ուզում է խաղաղության հասնել, որի դեպքում իր իշխանության մնալը երաշխավորված կլինի։
Սա ուղղակի խայտառակություն է, մարդկության պատմության մեջ նման բան գոյություն չունի, որևէ մեկը նման բան չի արել, թող պատմություն կարդան։ Պատկերացնո՞ւմ եք` այլ երկրներում կանգնեն, ասեն` մենք հրաժարվում ենք, օրինակ, պատմական Իրանից, Ռուսաստանից, չե՛ք տեսնի նման բան»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Աշոտ Ղուկասյանը։
Ըստ պատմաբանի, պատմական հայրենիքից հրաժարումը նշանակում է՝ հրաժարում պատմական հիշողությունից, ազգից ու առհասարակ սեփական ծնողներից։
«Խաղաղություն Ադրբեջանի հետ երբեք չի լինելու, Ադրբեջանն ամեն անգամ նոր պայմաններ է առաջ քաշում, էլ ի՞նչ անի, որ ՀՀ իշխանությունը հասկանա, որ խաղաղություն չի լինելու։ Թշնամին հստակ մեկ ցանկություն ունի՝ որքան հնարավոր է՝ Հայաստանից տարածքներ պոկի, խաղաղության գնացող երկիրն այդպե՞ս կաներ։ Օգտվելով այս իշխանությունների թուլությունից՝ Հայաստանը մասնատում են»,- հավելեց պատմաբանը։
Նա նաև ընդգծեց, որ, ցավոք, 2018 թվականից հետո հայ մտավորականության մեջ ևս կա պառակտում, մտավորականության մեջ կա մի հատված, որը լուռ ու մունջ տանում է Նիկոլ Փաշինյանի բոլոր ասածները։
«Մեր ամբողջ գիտությունը, մտավորականությունն այս ամենի շուրջ պետք է մեծ աղմուկ բարձրացնեին, լռությունը մեզ լավ տեղ չի տանելու։ Եթե այսպես շարունակվի, Նիկոլի բոլոր ասածները վաղը-մյուս օրը դառնալու է փաստաթուղթ թուրքի ձեռքին։ Ցավոք, այսօր գիտնականների մի փոքր հատվածն է ակտիվ»,- եզրափակեց Աշոտ Ղուկասյանը։