«Կանգնե՛ք, էսպես շարունակել չի՛ կարելի». Արմեն Ռուստամյանը՝ ՔՊ-ին
«Ես մի հարցի կանդրադառնամ, որովհետև այդ հարցը պերճախոս վկայությունն է այն բանի, թե ինչ է անում այս կառավարությունը և ինչ է մեզ սպասվում դրա կատարման արդյունքում»,- Բյուջե-2025 նախագծի քննարկման ժամանակ ԱԺ ամբիոնից հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը։
Մատնանշելով Ֆինանսների նախարարի ելույթը՝ պատգամավորն ասաց, որ նա իր ելույթում մի հայտարարություն արեց, որին պետք է անպայման անդրադառնալ։
«Նա ասաց հետևյալը՝ Կառավարությունն իր բոլոր որոշումների հիմքում դնելու է «իրական» Հայաստանի քաղաքացու շահերը։ Մենք հասկանում ենք, որ այս ձևակերպումը, որը հրապարակ բերվեց պառակտիչ իր բնույթով՝ «պատմական ու իրական» Հայաստան հակադրության մեջ, ձեր ղեկավարն է հրապարակ բերել։ Սակայն պետք չէ պապից պապական դառնալ։ ՀՀ սահմանադրությամբ ՀՀ-ն բոլոր քաղաքացիների շահերը պետք է պաշտպանի, բայց հիմա պարզվում է, որ կարող է նոր կատեգորիա առաջանալ՝ «իրական Հայաստանի» քաղաքացի։ Պարզ հարց է առաջանալու՝ ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու Կառավարության համար «իրական Հայաստանի» քաղաքացիներ, որոնք՝ ոչ»,- նշեց պատգամավորը։
Արմեն Ռուստամյանի խոսքով՝ այս ամենը շատ խորը հետևությունների տեղիք է տալիս, թե ինչպես է դա տարանջատվելու, ավելին՝ եթե ՀՀ «իրական» քաղաքացին ու ՀՀ բոլոր քաղաքացիները նույնն են, ինչո՞ւ է առաջ բերվել «իրական» բառը։ Եթե նույնը չեն, ապա քաղաքացիներն ինչպե՞ս կարող են հայտնվել «իրական» Հայաստանի քաղաքացու կարգավիճակում, որպեսզի օգտվեն Կառավարության ծրագրերից։
«Եթե այս գաղափարն այսպես շարունակվի, ապա մոտավորապես հասկանում եմ, թե դա ինչպես կարող է տեղի ունենալ։ Ձեր հայտարարություններից հասկանում եմ, որ, օրինակ, այն քաղաքացիները, որոնք իրենց տանը կունենան Արարատ լեռան նկարը, պրոբլեմ են ունենալու, որովհետև Արարատ լեռն արագ պետք է փոխարինվի Արագած լեռով։
Եթե, օրինակ, արտասանեն «Ես իմ անուշ Հայաստանի» բանաստեղծությունը և հասնեն այն տողին, որ՝ «Աշխարհ անցիր, Արարատի նման ճերմակ գագաթ չկա, որպես անհաս փառքի ճամփա, ես իմ Մասիս սարն եմ սիրում», ո՞նց թե քո Մասիս սարը, ո՞վ ասեց, որ այս Մասիս սարը քոնն է։ Իսկ եթե շատ ես ուզում քո սերն արտահայտել Մասիսի նկատմամբ, ասա, որ ես «թուրքերի Մասիս» սարն եմ սիրում, կլինի շատ ճիշտ ու որևէ խնդիր չի առաջացնի հարևանների հետ»,- շեշտեց նա։
Ընդդիմադիր պատգամավորը նաև ասաց՝ եթե, օրինակ, մեկը համարձակվի ասել՝ Ղազանչեցոցը, Ամարասը, Դադիվանքը հայկական եկեղեցիներ են և ստեղծվել են այն ժամանակ, երբ Ադրբեջանն անգամ չկար, ապա լուրջ պրոբլեմ է լինելու Ադրբեջանի հետ, և «իրական» Հայաստանի համար առաջացնելու է սպառնալիքներ։
«Եթե, օրինակ, մեկը գնա Հռոմ ու Կոլիզեյի մոտ հնագույն քարտեզներ կան, այդ քարտեզների ֆոնին հանկարծ նկարվի ու այդ նկարը պահի իր տանը։ Կստացվի, որ մենք պրոբլեմներ ենք ստեղծում մեր հարևանների հետ, որովհետև այդ քարտեզների վրա մեծ տառերով գրված է «Արմենիա», բայց որքան էլ փնտրենք՝ «Ազերբայջան» չենք գտնի, Թուրքիա էլ չենք գտնի։ Թող ՀՀ քաղաքացիները Կառավարությանը հարց տան, որ իրենք ՀՀ քաղաքացի են և ի՞նչ է պետք անեն, որպեսզի օգտվեն նրա ծրագրերից, որոշումներից, որովհետև դրանք պետք է բխեն միայն «իրական» Հայաստանի քաղաքացիների շահերից։
Իսկապես սա այսքան զավեշտալի չէր լինի, եթե մենք չհասնեինք այն օրվան, որ այս մտացածին գաղափարները՝ մեկ բուռ ազգին պառակտող, ուր կարող են հասցնել։ Կանգնե՛ք, էսպես շարունակել չի կարելի»,- եզրափակեց Արմեն Ռուստամյանը։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում