Նռան գույնը (Աղդամի)՝ Հայաստանի ԱԺ-ում

Նոյեմբերի 12-ին ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը մերժել է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիներին ազատ արձակելու վերաբերյալ ընդդիմության հայտարարության նախագիծը, որով Հայաստանի խորհրդարանի անունից միջազգային հանրությանը կոչ էր արվում ճնշում գործադրել Բաքվի վրա՝  Ադրբեջանում պահվող բոլոր հայ ռազմագերիների ազատ արձակման համար։ Այս նախագիծը մերժելու իշխանության հիմնավորումն այն է, թե Հայաստանի կառավարությունն ամեն օր է զբաղվում հայ գերիներին վերադարձնելու հարցով, և դրա համար հայտարարության կարիք չկա։

Հավաստիացումը, թե Հայաստանի կառավարությունն ամեն օր զբաղվում է գերիների վերադարձի հարցով, մեղմ ասած, հավատ չի ներշնչում։ Ճիշտ հակառակը՝ դատելով հայ ռազմագերիների մի մասի վերաբերյալ այդ կառավարության ղեկավարի՝ հրապարակային, ու այդ նույն իշխանությանը սպասարկող քարոզչամիջոցների՝ ատելության խոսքից, իշխանությունը շահագրգռված չէ ռազմագերիներից առնվազն Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության վերադարձի հարցով՝ գուցե մտավախություն ունենալով, որ նրանք Հայաստանում կարող են վտանգ ներկայացնել իշխանության համար։

Բայց եթե անգամ հավատանք իշխանության վստահեցմանը, թե ամեն օր զբաղվում են գերիների վերադարձի հարցով, ապա խորհրդարանի հայտարարությունը դրան որևէ կերպ չէր խանգարելու։

Բանն այն է, որ հայտարարությունը չի վերաբերում Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացին, ու նաև դա է պատճառը, որ իշխանությունն իր մերժումը չհիմնավորեց «բանակցային գործընթացը տորպեդահարելու» մասին ծեծված ձևակերպմամբ։ Հայտարարությունն ընդամենը կոչ է անում միջազգային հանրությանը՝ ճնշում գործադրել Ադրբեջանի վրա այն նույն օրերին, երբ միջազգային հանրության բազմաթիվ ներկայացուցիչներ Բաքվում մասնակցում են Կլիմայական հարցերով ՄԱԿ-ի գագաթնաժողովին։

Կարդացեք նաև

Հասկանալի է, որ միջազգային հանրությունը՝ այս հարցով Ադրբեջանի նկատմամբ ճնշում գործադրելու համար, չի սպասում Հայաստանի ԱԺ-ի հայտարարությանը, բայց հասկանալի է նաև, որ որքան էլ հռչակագրային, այդ հայտարարությունը չէր կարող գոնե հեղինակության տիրույթի ազդեցություն չունենալ Բաքվում այս օրերին ընթացող միջոցառումներում։ Այսինքն՝ այն, եթե անգամ չնպաստեր, վստահաբար չէր խոչընդոտելու Հայաստանի կառավարության՝ «գերիներին ազատ արձակելու ջանքերին»։ Հայաստանը խորհրդարանական կառավարում ունեցող երկիր է, և միանգամայն նորմալ կլիներ, եթե ԱԺ-ն՝ որպես քաղաքական առաջնային մանդատ ունեցող մարմին, հայտարարության տեսքով արտահայտեր իր դիրքորոշումը, ինչը գործադիր իշխանության համար իմպերատիվ բնույթ չէր ունենալու։

Այսինքն՝ որևէ կերպ չէր վնասելու գործադիր իշխանության կողմից վարվող բանակցություններին, ավելին՝ մեծացնելու էր նրա մանևրելու հնարավորությունը՝ թույլ տալով բանակցություններում հղում կատարել քաղաքական ինստիտուտի դիրքորոշմանը և ավելի շահեկան դիրք գրավել։

Ստացվում է, որ ԱԺ-ի հայտարարությունը մերժելու որևէ քաղաքական հիմնավորում իշխանությունը չուներ, բայց մերժեց՝ հերթական անգամ խորացնելով հանրության բավական մեծ մասի մոտ գնալով հաստատուն դարձող այն կարծիքը, որ Հայաստանի իշխանության ընտրությունը՝ արտաքին քաղաքական կողմնորոշումների փոփոխության շրջապտույտում, ի վերջո, կանգ է առել ադրբեջանաթուրքական ուղղության վրա, կամ այլ խոսքով՝ Հայաստանն անցել է թուրք-ադրբեջանական անուղղակի վերահսկողությանը, ինչը ենթադրում է, որ բոլոր կարևոր որոշումներն այն կայացնում է միայն արտաքին պատրոնաժների հետ համաձայնեցնելուց հետո։

Այդ դեպքում ամեն ինչ առավել քան հասկանալի է դառնում Հայաստանը չէր կարող թեկուզ և խորհրդարանի մակարդակով ընդունել հայտարարություն, որը կստվերեր Ադրբեջանի համար դարի կարևորություն ունեցող միջոցառումը, ինչը, ի դեպ, հնարավոր է դարձել Հայաստանի համաձայնության շնորհիվ։

Իշխանության պաշտպաններն ու «առաջադեմ մտածողները» հայկական իշխանության՝ թուրք-ադրբեջանական վերահսկողությանը ենթարկվելու վարկածը համարում են դավադրության տեսություն, զրպարտանք, ցածրակարգ մոտեցում, և այլն։

Բայց երբ իշխանության գործողությունները հնարավոր չի լինում բացատրել քաղաքական գործիքակազմով, պետական շահերի պաշտպանության կանխավարկածով, մնում են դավադրության տեսությունները, որոնք նաև իրականությանը համապատասխանելու հավանականություն ունեն։

Առավել ևս, որ հայ ռազմագերիներին վերաբերող հայտարարության ընդունումը մերժվել է մի խորհրդարանում, որի ղեկավարը շաբաթներ առաջ Արցախի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիան արդարացնում էր՝ հայտարարելով, թե դրա համար Ադրբեջանն ուներ ՄԱԿ-ի չորս բանաձևեր։ Բառացիորեն նույն հայտարարությունը, բառացիորեն նույն՝ Ադրբեջանին արդարացնելու նպատակով, երեկ հնչեցրել է Իլհամ Ալիևը՝ COP29 գագաթնաժողովում ունեցած իր ելույթում։

Մնում է պարզել՝ հատկապես ի՞նչն է միավորում Ալիևին ու Փաշինյանի թիմակից Սիմոնյանին։ Գուցե՝ այդ թվում՝ Աղդամը որպես սեփական հայրենիք ճանաչելու զգացողությունը։

Հարություն Ավետիսյան

Տեսանյութեր

Լրահոս