COP29-ին Ալիևը մեղադրել է Հայաստանին, պաշտպանել նավթն ու գազը շահագործելու իրավունքը

Այսօր Բաքվում COP29-ի ղեկավարների գագաթնաժողովի բացման արարողության ժամանակ ելույթ է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն՝ իր խոսքում չշրջանցելով նաև Հայաստանն ու Ղարաբաղը։

Իշխանությունը հորից ժառանգած ու ավելի քան 20 տարի անփոփոխ իշխանության ղեկին գտնվող Ալիևը խոսել է միջազգային իրավունքից ու ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերից, որոնք, իր խոսքով, «թղթի վրա էին մնացել 30 տարի», բայց իրենք իրականացրին այդ բանաձևերը։

Ադրբեջանի նախագահն այս անգամ ևս օգտագործել է միջազգային գագաթնաժողովի հարթակը Հայաստանին դարձյալ 30 տարվա «օկուպացիայի» մեջ մեղադրելու համար ու շեշտել «իրենց հաղթանակը» Ղարաբաղյան երկրորդ պատերազմում։

Ալիևը նաև ՄԱԿ-ի կլիմայի փոփոխությունների գագաթնաժողովին պաշտպանել է հանածո վառելանյութերը, այսինքն՝ նավթն ու գազը շահագործելու իրավունքը՝ դրանք «Աստծո պարգև» անվանելով։

«Դա «Աստծո պարգևն» է։ Յուրաքանչյուր բնական ռեսուրս՝ լինի դա նավթ, գազ, քամի, արև, ոսկի, արծաթ, թե պղինձ, այդ ամենը բնական ռեսուրսներ են։ Եվ երկրները չպետք է մեղադրվեն դրանք ունենալու համար և չպետք է մեղադրվեն այդ ռեսուրսները շուկա հանելու համար, որովհետև դրանք անհրաժեշտ են ժողովրդին», – շեշտել է նա:

Ալիևը նաև հիշեցրել է, որ իրենց ունեցած նավթն ու գազը պետք են նաև Եվրոպային՝ աշխարհաքաղաքական վիճակի փոփոխության պատճառով, և որ հենց Եվրահանձնաժողովի առաջարկով են իրենք կնքել էներգետիկայի ոլորտում ռազմավարական գործընկերության հռչակագիրը։

Ադրբեջանի նախագահը մեղադրել է արևմտյան որոշ երկրների, բնապահպան և հասարակական կազմակերպությունների COP29-ը Բաքվում անցկացնելը խափանելու փորձերի համար, քանի որ մինչ այս հնչում էին կոչեր՝ չգնալ մարդու իրավունքները ոտնահարող, բնապահպանական բազմաթիվ խախտումներով նավթ արդյունահանող Ադրբեջան։ Ալիևը մեղադրել է երկակի ստանդարտների համար՝ չտալով ոչ արևմտյան երկրների, ոչ էլ կազմակերպությունների անունները։

Տեսանյութեր

Լրահոս