Խայտառակություն. Երևան քաղաքի բյուջեից միլիարդներ ծախսելու նախագծերը թաքցնում են երևանցիներից
Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ անդրադարձել է նոյեմբերի 18-ին տեղի ունենալիք Երևանի ավագանու հերթական նիստի օրակարգին:
«Մեր քաղաքային իշխանությունը որոշել է, որ պետք է լինի օրակարգային 20 հարց: Եվ այս իշխանության ներկայացուցիչներն ու նրանց կցորդները, ովքեր նաև կնիք են դնում այս ամեն ինչի տակ, 20 հարցից 20-ը դրել են չզեկուցվող: Ուզում եմ հասկանալ՝ էլ ինչի՞ համար ենք մենք հավաքվելու:
Սա ՔՊ-ի տիպիկ ձեռագիրն է: Սա խայտառակություն է, և իրենք ուզում են այս ոճով քաղաքը կառավարել,- նշել է նա և մանրամասնել դրա պատճառը,- Նիստի օրակարգում իրենք վերջին պահին բերում և խցկում են ևս մի քանի վիճահարույց հարցեր, և դրանց արանքում կլինի մեկ-երկու զեկուցվող, բայց դա դնում են հրատապ, կարևորագույն հարցերի շրջանակում:
Այսինքն, ավագանին հնարավորություն չի ունենում այդ օրակարգին ծանոթանալ և կարծիք արտահայտել: Որպեսզի պատկերացնեք, թե ինչքան կարևորագույն հարցեր են քննարկվում, որոնք իրենք ասում են՝ չզեկուցվող, 1-2-ը ես ի ցույց կդնեմ ձեզ: Օրինակ, օրակարգի երկրորդ հարցը աուդիտորական ծառայություն ներգրավելու մասին է:
Այսինքն, այս որոշումով Երևան քաղաքի 2024 թվականի բյուջեի կատարման տարեկան հաշվետվության վերաբերյալ անկախ աուդիտ անցկացնելու նպատակով ներգրավում են աուդիտորական ընկերություն: Պետք է աուդիտ իրականացվի, որ մենք իրական պատկերը հասկանանք՝ արդյո՞ք քաղաքի բյուջեն արդյունավետ է ծախսվում:
Եվ այս քաղաքային իշխանությունը նույնիսկ այդ հարցն է չզեկուցվողների շարքում դնում:
Մյուս կարևորագույն հարցը բյուջեի վերախմբագրումն է, այսինքն՝ բյուջեի մեջ ծախսերը փոփոխվում են տարվա կտրվածքով:
Ինչ է տեղի ունենալու, օրինակ, «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ին 1 միլիարդ դրամ հատկացնելն է, և իրենք չեն ուզում սա զեկուցվող լինի, որ չհասկանանք՝ դրանից առաջ ինչքա՞ն էին պլանավորել, որ հիմա 1 միլիարդ դրամ էլ ավելացնում են»:
Մանրամասները՝ տեսանյութում