Դուք ՔՊ-ի սպրուտն եք՝  ծովահրեշը, պարոն Ռուբինյան, Ալեն Սիմոնյանն ու Արարատ Միրզոյանը ձեր դեմ փոքրիկ ձկներ են. Մեսրոպ Մանուկյանը բացահայտումներ է անում

«Դուք ՔՊ-ի ծովահրեշն եք, սա քաղաքական գնահատական է»,- այս մասին այսօր ԱԺ  ամբիոնից  որպես պատգամավոր՝ իր առաջին ելույթում ասաց ընդդիմադիր «Հայաստան» դաշինքի պատգամավոր Մեսրոպ Մանուկյանը՝ դիմելով ԱԺ նախագահի պաշտոնի միակ թեկնածու Ռուբեն Ռուբինյանին։

Ներկայացնում ենք Մեսրոպ Մանուկյանի ելույթն ամբողջությամբ.

«Ձեզ հետաքրքիր է, թե ո՞վ է Մեսրոպ Մանուկյանը, ու չգիտեմ ինչու, հիշեցիք իմ կենսագրության մի դրվագ։ Մեսրոպ Մանուկյանը երբեք իր կենսագրության ոչ մի տողից չի հրաժարվել, չի ուրացել, ի տարբերություն ձերոնց շարքերը համալրած Մանվել Գրիգորյանի օգնականների ու սանիկների, ովքեր նրա համար մի օր մեռնում էին, մյուս օրը գալիս էին հացով դիմավորելու ձեզ։

Տեսեք, սիրելի քաղաքացիներ, ես ուզում եմ հասկանալ, թե հիմնարար սկզբունքների փոփոխություն լինո՞ւմ  է ՔՊ-ականների մոտ, թե՞ շարունակական բնույթ է սա կրում։ Որովհետև Ազգային ժողովի նախագահի պաշտոնը զբաղեցրած քպ-ական մարդկանց մոտ ինչ փոփոխություններ տեղի ունեցան, մի փոքր անդրադարձ եմ ուզում կատարել, որ հասկանամ, պարո՛ն Ռուբինյան, Դուք ո՞ր կետից եք սկսում և ո՞ւր եք հասնելու։ Արարատ Միրզոյանը ժամանակին խոսում էր սեփական ֆինանսական դժվարությունների մասին, ապառիկով հեռուստացույց տալը մերժելու մասին, իսկ այսօր մի քանի միլիոն դրամանոց «Բրունելո Կուչինելի» բրենդի անթև բաճկոնով է ման գալիս: Երևանում՝ բնակարան Կարմիր խաչի մոտ, պարիսպներով սեփական դղյակ է ձեռք բերում, դա՝ իր հայտարարագրից։

Կարդացեք նաև

Գիտե՞ք, ես խնդիր չեմ տեսնում, որ Հայաստանի Հանրապետության բարձրաստիճան պաշտոնյան, նաև դուք, պարոն Ռուբինյան, ներկայանալի լինեք, դուք պետություն եք ներկայացնում, սակայն հարց է առաջանում, թե ինչպես են այդ փոփոխությունները տեղի ունենում։ Նման հարցեր առաջանում են նաև Ալեն Սիմոնյանի դեպքում. հրապարակային քննարկումների առարկա են դարձել նրա գույքային գործարքները։ Մի օր չալարեմ, երկար երկու-երեք հատ կինո կնկարեմ իր մասին, իր անվանն ավելացվողների ու մնացած խուճուճ գործարքների մասին։ Չեմ կարողանում զերծ մնալ այն տպավորությունից, որ այսօր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության բարձրագույն պաշտոնյաների դեպքում անընդհատ կրկնվում է նույն պատմությունը։

Բայց շատ հեռու չգնամ, պարոն Ռուբինյան, մի քանի պատմությամբ եմ ուզում սկսել։ Պարոն Ռուբինյանն ասաց, որ 2021 թվականի վերջից եղել է Թուրքիայի հետ բանակցող խմբի անդամ, մինչդեռ բոլորս գիտենք, որ 2022 թվականին «Հայբիզնեսբանկը» ձեռք է բերվում շվեյցարական ընկերության կողմից, ու 25 տոկոսի փայատեր է դառնում պետությունը։ Մամուլում պտտվում է, որ դա Կոնստանտին Սոկոլովի հետ կապ ունի այսօր Սոկոլովը մտել է մեր հայկական կյանք, հայկական իրականություն։ Հետաքրքիր փաստ ասեմ. Ռուբեն Ռուբինյանի եղբայրն այսօր ««AMIO» բանկի վարչության նախագահի առաջին տեղակալն է, բիզնեսի զարգացման գլխավոր տնօրեն, վարչության անդամ։ Այստեղ հետաքրքիր բան կա, շահերի բախում արդյոք չկա՞, որ Կենտրոնական բանկն առևտրային բանկում փայատեր է։ Այսինքն՝ Կենտրոնական բանկը ո՞նց է գնում ստուգելու այս ընկերությունը։

Բայց շարունակեմ, որովհետև ասելիքս շատ է։ Ի միջի այլոց, 2022 թվականն ուսումնասիրելիս նաև անմասն չմնաց մեր նախորդ գյուղի հերոսը՝ Տիգրան Ավինյանը: Վերջինս, պարզվում է՝ մի հատ 11 միլիոն, մի հատ էլ 13 միլիոն դրամ է ստացել «Հայբիզնեսբանկից»։ Կուսումնասիրեմ ավելի մանրամասն։

2023 թվականին, պարոն Ռուբինյան, «MTS Հայաստանը» դիմում է, որ ձեռք բերի ինչ-որ օֆշորում գրանցված ավտոյի դալալ, կներեք ձևակերպմանս համար, որովհետև այդ մարդը՝ անուն -ազգանունն էլ ասեմ՝ Մանոլիս Թարխանիդիս (Manolis Tarchanidis), 50-ամյա կիպրոսցի մեկը, որը զբաղվում էր ավտոյի առուվաճառքով, բայց Հայաստանում ուզում էր ձեռք բերել բջջային օպերատոր ընկերություն։ Մերժում են, տեսնում են՝ անվտանգային խնդիրներ կան։

Պարոն Ռուբինյան, բայց այնուհետև, երբ որ 2024 թվականին արդեն լինում է Կիպրոսում գրանցված «Fedilco Group Limited» ընկերությունը, որի շահառուն նույնպես Կոնստանտին Սոկոլովն է, ձեռք է բերում, ու հետաքրքիր մի բան ասեմ՝ գործարքից հետո ձեր եղբայր Լևոն Ռուբինյանը, նույն Լևոն Ռուբինյանը, նշանակվում է «Viva Armenia»-ի կառավարման անդամ։ Այսօր կայքէջում հրապարակված է։ Մի քիչ դա էլ չեմ կարող հասկանալ՝ առևտրային բանկում այդ բարձր պաշտոնը և «Viva Armenia»-ում այդ բարձր պաշտոնը։

Հաջորդը. մենք տեսնում ենք, որ «AMIO» բանկի սեփականությունը «Հրազդան ցեմենտի» գործարանն ա, ժողովո՛ւրդ: Այսինքն՝ պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպություն, պետությունը ուղիղ պիտի կառավարեր։ Բա մի հատ գոմի դուռ էլ տանեիք այնտեղ դնեիք, կառավարեիք, չփակվեր, այսօր սնանկացման է գնացել, ու էդտեղ պետության մասնակցություն կա, որովհետև «AMIO» բանկին է էլի պատկանում, որտեղ կա նույն Լևոն Ռուբինյանը։

Շարունակեմ։

Հաջորդ հետաքրքիր գործարքը, որ լինում է, ժողովուրդ ջան, ձեռք է բերում «Ռոստելեկոմը», «Viva Armenia»-ն է ձեռք բերում։ Անվտանգային խնդիրներ կա՞, թե՞ չկա, ժողովուրդ ջան: Այսինքն՝ երկու լուրջ օպերատոր է ձեռք բերում, ու այդ նույն «Viva»-ի կառավարման կազմում Լևոն Ռուբինյան է։  Ժողովուրդ, սա նորմա՞լ է։

Շարունակությունը. բոլորիս շատ լավ հայտնի է դարձել, որ Սոկոլովը նշանակվել է TRIPP-ի հիմնադրամի նախագահ։ Ժողովուրդ, նույն մարդն է մեր արդեն չորրորդ ոլորտում։

Հաջորդը, հանքարդյունաբերություն. թարմ ինֆորմացիա կա, որ բաժնեմաս է ձեռք բերել մեր հանքարդյունաբերության գիգանտների մեջ։

Ու այստեղ գալիս է մի հատ առողջ տրամաբանության հարց։ Նշեցինք չորս կարևորագույն ոլորտ, ժողովուրդ՝ ֆինանսներ, ենթակառուցվածք, հանքարդյունաբերություն, կապ։ Ցանկացած պետության համար սա ռազմավարական, անվտանգային նշանակություն ունեցող ոլորտներ են։ Ոլորտներ, որոնք Հայաստանի պարագայում չափազանց կարևոր է Թուրքիայի համար, շատ կարևոր է Թուրքիայի համար։

Եվ այստեղ հարց է առաջանում՝ ինչպե՞ս է ստացվում, որ մի կողմից՝ TRIPP-ի պրոյեկտի ղեկավար Սոկոլովը (այն դեպքում, երբ Թուրքիան այս նախագծերի ամենամեծ շահառուն է), և մյուս կողմից՝ Թուրքիայի հետ Հայաստանի գլխավոր բանակցող Ռուբեն Ռուբինյանի եղբայրը ներգրավված են այս բոլոր գործընթացների մեջ։

Ժողովուրդ, տարօրինակ բաներ կա՞, թե՞ չկա այս ամենի մեջ։

Ես իմ ուսումնասիրությունը շարունակելու եմ, պարոն Ռուբինյան։ Այն գործունեությունը, որը Երևանի ավագանիում տարել եմ՝ ինչպես է քաղաքի բյուջեն մսխվում, այստեղ՝ ԱԺ-ում էլ եմ անելու։ Իմ ժեստիկուլյացիային անդրադարձաք, անկեղծ, ես ոչ մեկին վիրավորելու խնդիր չունեմ։ Ոչ մեկին։ Եթե ես որևէ մեկին վիրավորելու խնդիր ունեմ, ուղիղ դեմքին եմ ասում, ես դրա խնդիրը չունեմ։

Դուք ուշ միացաք ձեր գործընկերներին. երեք տարի է՝ Մանվել Գրիգորյանի հետ կապված քաղաքապետարանում այնքան ասեցի, մինչև հասկացան, թե ով կար-չկար իրա կողքը, տարել, լցրել են քաղաքապետարանում ու լիքը ուրիշ տեղեր, որ կարող եմ ասել։

Բայց մի հատ ուրիշ բան եմ ուզում հասկանալ, պարոն Ռուբինյան. այս մեծ խնդիրներից խոսացի, բայց փոքր հովանավորչություններ եմ տեսնում ձեր կողմից։ Օրինակ՝ ձեր աներոջը բերել-նշանակել են, Հակոբ Հաջի-Հակոբյանին՝ 2022 թվականին, նշանակել են Ազգային ժողովում արարողակարգի պետ։ Առաջին հայացքից՝ նորմալ երևույթ է, ժողովուրդ, ի՞նչ կա, մեր բարեկամներն էլ կարող են աշխատել։ Բայց արի ու տես՝ այդ մարդը դատապարտված է եղել, ըստ էության, հիմնականում կաշառք վերցնելու համար Թուրքիայում բնակվող ՀՀ քաղաքացիներից, որպեսզի նրանք ստանան վերադարձի վկայական։ Հղումը բաց ինֆորմացիաներին է, կարող եմ տրամադրել ձեզ։ Օրինակ՝ Ստամբուլ քաղաքում ծննդաբերած, Հայաստան վերադառնալու ցանկություն ունեցող ՀՀ քաղաքացի, անուն-ազգանունը չեմ ասի, բաց ինֆորմացիա է, կարող եք խնդրել, բերեմ, տամ։

Պարոն Ռուբինյան, անկեղծ եմ ասում, օրինակ՝ փորձում էի հասկանալ՝ Ալեն Սիմոնյանն ու Արարատ Միրզոյանը ո՞ր կետից սկսեցին, ո՞ւր գնացին, հասան։ Հիմա ձեր կետը դաժե չեմ էլ կարողանում ցույց տալ, ու տպավորություն է, որ Ալեն Սիմոնյանն ու Արարատ Միրզոյանը ձեր դեմ փոքրիկ ձկներ են։ Դուք ՔՊ-ի սպրուտն եք։ Իմ մոտ այդ տպավորությունն է՝ ծովահրեշն եք, պարոն Ռուբինյան: Պարոն Ռուբինյան, սա անձնական գնահատական չէ ձեր մասին, սա քաղաքական գնահատական է։ Պարոն Ռուբինյան, եթե վիրավորվում եք, ներողություն եմ խնդրում, բայց սա քաղաքական գնահատական է, այլ ոչ թե անձնական։ Անձնական ձեր հետ ոչ մի խնդիր չունեմ, այլ՝ ընդհակառակը։

Օրինակ՝ ճանապարհին գալիս էի, քաղաքացիներ կան, Վիլեն Գաբրիելյանի մասին էին բաներ խոսում։ Ասել եմ՝ չէ, չի կարելի։ Հետո կանդրադառնամ իր ընտրության ժամանակ, եթե հերթը կհասնի:

Բայց ի՞նչ եմ ուզում ասել, սիրելի հայրենակիցներ։ Ավելի կարևոր է նախորդ թվարկածս խնդիրները։

Պարոն Ռուբինյան, մի տեսակ տարօրինակ չի՞, որ մեր երկրում հեռահաղորդակցության, տրանսպորտի ոլորտները, TRIPP-ը, ֆինանսները, ենթակառուցվածքները, հանքարդյունաբերությունը ու կապը՝ «Vivacell»-ի, «Ռոստելեկոմի» ամբողջ բազան, չգիտենք՝ ում է գնում, հասնում։ «Հետք»-ի հրապարակումները նայեք, մյուսները նայեք…  Եվ այստեղ, իմ կարծիքով, տարօրինակ կամ պատահական համընկնումներ ուղղակի չկան, ուղղակի չկան, պարոն Ռուբինյան։

Եվ մի անգամ էլ ձեզ կրկնեմ՝ Մեսրոպ Մանուկյանը կյանքում իր կենսագրության ոչ մի տողից չի հրաժարվել, և իր կյանքի փոփոխությունը եղել է, երբ որ ինքը ծնվել է՝ ВОДХОЗ-ի սուի պետի տղա է եղել, իր կյանքը փոխվել է, երբ որ դպրոցը մեդալով է ավարտել, երբ որ ինստիտուտը գերազանց է ավարտել, երբ որ գիտական աստիճան է ունեցել, երբ որ համալսարանում դասախոս է եղել, երբ որ Ազգային ժողովի նախագահի ռեֆերենտ է եղել… Ու այդպես կշարունակեմ։ Վերջում ավելացնեմ, ինչպես հայտնի ֆիլմում է ասվում, հիշեցնեմ՝ փոքր-ինչ ձևափոխելով՝ «Աշուղ Ֆաթուլա, լավ չես կարդացել»»։

 

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում։

 

 

 

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31