God save Armenia
ԱՄՆ նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակն էական փոփոխություններ է մտցնելու համաշխարհային քաղաքականության, տաք և սառը հակամարտությունների շարունակության, գերտերությունների ազդեցության տիրույթների վերաբաժանման գործընթացներում։ Դրանք անխուսափելիորեն ազդելու են նաև մեր տարածաշրջանի, Հայաստանի անվտանգային միջավայրի, Արցախի հարցի և մեզ համար կենսականորեն կարևոր այլ խնդիրների վրա։
Հայաստանի, ինչպես և ողջամտությամբ առաջնորդվող ցանկացած պետության խնդիրն էր՝ համապատասխան ռազմավարություն, մարտավարություններ մշակել և՛ հանրապետական, և՛ դեմոկրատ թեկնածուների հնարավոր հաղթանակի դեպքում նրանց հետ աշխատելու համար։ Եվ դրանք պետք է կատարվեին ոչ թե պոստֆակտում, այլ շատ ամիսներ առաջ, հատկապես, որ ԱՄՆ նախագահի վերջին ընտրություններն աննախադեպ էին մրցակիցների միջև ձայների փոքր տարբերությամբ։
Բայց Հայաստանի իշխանությունը, լայն առումով՝ նաև ողջ քաղաքական համակարգը, Թրամփ-Հարիս ընտրապայքարին վերաբերում էր հայկական քաղաքական իրականության ամենամեծ արատի՝ պարզունակության սկզբունքով։ Ինչպես գրեթե բոլոր հարցերում, իշխանական ու քաղաքական համակարգն այս ընտրություններում առաջնորդվում էր երկբևեռ, բայց միագիծ չափումներով, ինչի արդյունքում պայմանական արևմտամետները տենչում էին Հարիսի հաղթանակը, ռուսամետները՝ արդեն իսկ ցնծում են Թրամփի հաղթանակի առիթով։ Երկու կողմերում էլ հիմնավորումները սարսափելիորեն մակերեսային են՝ Հարիսի երկրպագուները հիշեցնում էին, որ 44-օրյա պատերազմը տեղի է ունեցել Թրամփի նախագահության օրոք, և նա չի կասեցրել Ադրբեջանի ագրեսիան, Թրամփի հայ աջակիցները հիշեցնում էին, որ Արցախն էթնիկ զտման ու հայաթափման է ենթարկվել Բայդեն-Հարիս վարչակազմի ժամանակահատվածում, նույն խմբերը մեկը մյուսին մեջբերում էին նաև Թրամփի ու Հարիսի հայկական համայնքներին հղված ուղերձները՝ Արցախի մասին հիշատակումներով։
ԱՄՆ-ի նախագահական ընտրությունների վերաբերյալ հայկական քաղաքական դաշտի դիսկուրսը մեծ հաշվով սկսվում ու ավարտվում էր այս տրիվիալ դատողություններով։
Ողբերգությունն այն է, սակայն, որ, ի տարբերություն քաղաքական ուժերի, իշխանությունը պարտավոր էր այս կենսականորեն կարևոր հարցում առաջնորդվել ոչ թե քաղաքական նախասիրություններով, այլ ամենասառը հաշվարկներով՝ հավասարաչափ աշխատելով երկու կողմերի հետ։ Բայց Հայաստանի իշխանությունը՝ որպես վերը նշված երկբևեռ իրականության կողմերից մեկը, ըստ էության ողջ խաղադրույքը կատարել էր Հարիսի հաղթանակի վրա, և ըստ ամերիկյան քաղաքական անցուդարձին տեղյակ բազմաթիվ աղբյուրների՝ անգամ արարողակարգային շփումներ չէր պահպանում Հանրապետականների, Թրամփի շտաբի հետ։
Թրամփի հաղթանակն այսպիսով էականորեն բարդացնելու է ԱՄՆ-ի նոր վարչակազմի հետ Հայաստանի աշխատանքը, ինչն առաջին հերթին բացասական ազդեցություն կարող է ունենալ Ադրբեջանի հետ հարաբերությունների, անվտանգային ռիսկերի առումով։
Թրամփի հաղթանակով ոգևորված հայաստանյան շրջանակները հույս ունեն, թե ԱՄՆ-ում դեմոկրատների պարտությունը հանգեցնելու է նաև Հայաստանի գործող իշխանությանը ցուցաբերվող քաղաքական աջակցության վերացմանը։ Կրկին միագիծ այդ դատողությունների հեղինակներից շատերն իրենց կանխատեսումը հիմնավորում են մեկ այլ ենթադրությամբ, թե Թրամփի նախագահությունը պետք է համարել Ռուսաստանի հաղթանակը։ Բայց եթե դա ճիշտ է, ապա առնվազն կարելի է չբացառել, որ հենց որպես Ռուսաստանի հետ հարաբերությունների ջերմացում, Թրամփի վարչակազմը կարող է շարունակել աջակցել Հայաստանի իշխանություններին, որոնց, ըստ նույն միագիծ տեսակետների, աջակցում է նաև Ռուսաստանը։
Իրականությունն այն է, որ համաշխարհային քաղաքականությունը դուրս է երկբևեռ, պարզունակ չափումներից և բաղկացած է տասնյակ, հարյուրավոր փոխկապակցված շերտերից, հետևաբար՝ դրա ազդեցությունն էլ տեղի է ունենում միայն բազմագործոն փոխազդեցության մեխանիզմներով, որոնցից հայկական քաղաքական ու իշխանական համակարգն անհուսորեն հեռու է։ Արդյունքում՝ միակ խելամիտ արձագանքը, որ այս պահին կարող է հնչել հայկական քաղաքական իրականությունից ամերիկյան ոճի տեղայնացմամբ՝ «Աստված պահպանի Հայաստանը» արտահայտությունն է, որը ոչ թե քաղաքականության, այլ հավատի տիրույթից է։
Հարություն Ավետիսյան