Երևանն ու Բաքուն անընդհատ փոխում են բանակցային մարտավարությունը, գործընթացը գնում է հերթական երկարաձգմանը․ Տարասով

Աշխարհաքաղաքական փոփոխությունների ներկայիս հերթական ալիքի մեջ Երևանն ու Բաքուն փոխում են բանակցային մարտավարությունը։ Մինչ Բաքուն ակնհայտ անտարբերություն է ցուցաբերում, այսպես կոչված, Խաղաղության համաձայնագիրը շուտափույթ ստորագրելու հեռանկարի նկատմամբ, զուգահեռաբար կենտրոնանալով օրեր անց Բաքվում մեկնարկելիք Կլիմայի COP29 գագաթնաժողովի վրա, Երևանը ցանկանում է շարունակել բանակցությունները համաձայնագրի չհամաձայնեցված կետերի ու ձևակերպումների շուրջ։ Երևանն այս օրակարգը սկսեց առաջ մղել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի՝ Փաշինյանին ուղարկված նամակից հետո, որում Բայդենն առաջարկում էր վերջնականացնել համաձայնագիրը մինչև տարեվերջ։

Այսօր էլ ՀՀ ԱԳ փոխնախարար Պարույր Հովհաննիսյանն «Ազատություն» ռադիոկայանին հայտնել է, որ հայկական կողմը խաղաղության պայմանագրի վերաբերյալ առաջարկներ է ուղարկել Բաքվին։ Նա չի  հստակեցրել, թե երբ և կոնկրետ ինչ առաջարկներ է ներկայացրել հայկական կողմը: Հովհաննիսյանը նշել է նաև, որ խաղաղության պայմանագրի 1-2 ձևակերպումը համաձայնեցնելու գործընթացը նույն փուլում է, սպասում են Բաքվի արձագանքին:

Անցած շաբաթ արտգործնախարար Արարատ Միրզոյանն էր հայտարարել, որ հայ-ադրբեջանական բանակցություններում կա 1-2 ձևակերպում, որոնց շուրջ աշխատանքը շարունակվում է՝ զգուշավոր լավատեսություն հայտնելով, որ մոտ ապագայում դրանք ևս կհամաձայնեցնեն, և պայմանագիրը պատրաստ կլինի ստորագրման։

168amի հետ զրույցում ռուս քաղաքական վերլուծաբան Ստանիսլավ Տարասովն ասաց, որ 2020 թվականի պատերազմից հետո կողմերն անընդհատ փոխել են՝ ինչպես իրենց բանակցային մարտավարությունը, այնպես էլ միջնորդներին՝ փորձելով ստանալ հավելյալ դիվիդենտներ այդպես։

Կարդացեք նաև

Ըստ նրա, նման դիվանագիտություն առավելապես վարել է Ադրբեջանը, իսկ Երևանն ընդհանուր առմամբ Արևմուտքի հովանու ներքո ցանկանում է ստորագրել համաձայնագիրը։

«Ներկայումս գործընթացը բարդացել է, պայմանավորված ներկայիս աշխարհաքաղաքական զարգացումներով, ինչպես նաև օգոստոսից Ռուսաստանի է՛լ ավելի ակտիվ ջանքերով՝ Անդրկովկասի ուղղությամբ։ Ինչպես տեսնում ենք, ՌԴ այդ ջանքերը համընկնում են ՌԴ աճող դերի ու ռազմաճակատում ՌԴ հաջողությունների հետ, ինչը, կարծում եմ, պատահական չէ։ Պատահական չէ նաև աշխարհաքաղաքական հարցերում Երևանի ու Բաքվի զգուշավորությունը, քանի որ, ինչպես բոլորս ենք նկատում, իրավիճակներն անընդհատ փոխվում են։ Որոշիչը, իհարկե, այն քաղաքականությունն է, որը վարում է հավաքական Արևմուտքն ու Ռուսաստանն իր ռեգիոնալ դաշնակիցների հետ։ Փոքր երկրների քաղաքականության տեսանկյունից այս զարգացումներն ունեն ուղղորդող նշանակություն»,- ասաց Տարասովը։

Նրա խոսքով, ոչ Երևանը, ո՛չ Բաքուն, ո՛չ Թբիլիսին չեն կարող գործել միայնակ ո՛չ ռեգիոնում, ո՛չ ավելի լայն կոնտեքստում, նրանք շատ մեծ չափով ազդվում են ավելի մեծ խաղացողների միջև ընթացող պրոցեսներից։

Տարասովի խոսքով, իրավիճակը ներկայումս ավելի անկայուն է թվում Արևմուտքի համար։

«Նախ ԱՄՆ-ում ընտրություններ են, գաղտնիք չեմ ասի, եթե նշեմ, որ այդ ընտրություններից է կախված ԱՄՆ արտաքին ապագա քաղաքականությունը, Թրամփի դեպքում մենք կունենանք այլ իրավիճակ, իսկ Հարիսի դեպքում՝ մեկ այլ։ Վրաստանում  ընտրությունների արդյունքներն անկանխատեսելի չէին Արևմուտքի և Ռուսաստանի համար, սակայն դրանք ՌԴ-ին ավելի վստահ գործելու հնարավորություն են տալիս, Մոլդովայում Սանդուն իբրև թե հաղթեց, նույնիսկ դա նրան հեշտ չտրվեց, ՌԴ-ն այդ արդյունքները կասկածի տակ է դրել։

Թուրքիան, Ադրբեջանը ցանկանում են միանալ ԲՐԻԿՍ-ին, ԲՐԻԿՍ-ը Կազանում կայացած գագաթնաժողովի ընթացքում աշխարհաքաղաքական նոր նշանակություն, որակ ցուցադրեց։ Սա չի կարող չանդրադառնալ Անդրկովկասում աշխարհաքաղաքական բալանսի վրա, ոչ շեշտակի, սակայն այն փոխվելու միտումներ է ցույց տալիս»,- բացատրեց վերլուծաբանը։

Նրա խոսքով, հենց այդ աշխարհաքաղաքական բալանսն է ձևավորում երկրների արտաքին քաղաքականության վեկտորները։

Ինչ վերաբերում է Երևան-Բաքու բանակցություններին, ապա, նրա խոսքով, անկախ նրանից, որ կողմերը փոխանակվում են առաջարկներով, վերջնական համաձայնություն դեռ չի լինի։

Նրա խոսքով, դեռ առաջիկա մի քանի ամիսների ընթացքում համաձայնագիր չի ստորագրվի։

«Ինձ համար անհասկանալի պատճառներով Ադրբեջանը բարձրացնում է հարց, որը թույլ չի տալիս համաձայնագիրը ստորագրել առաջիկայում։ Թե ինչպես կշարունակվեն բանակցությունները, կդժվարանամ ասել, քանի որ չի բացառվում նաև, որ այդ պահանջը դուրս գա, կամ Ադրբեջանը շարունակի պնդել, անկանխատեսելի է»,- նկատեց Տարասովը։

Տեսանյութեր

Լրահոս