Նպատակահարմար չէ 3+3 ձևաչափը դարձնել Խաղաղության պայմանագրի կնքման հարթակ. Միրզոյան
Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ՔՊ-ական պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը ՔՊ-ական արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանին խնդրեց անդրադառնալ «3+3» հարթակին, հայկական կողմի մասնակցության արդյունքներին, ինչպես նաև՝ Թուրքիայի հետ կարգավորման գործընթացից ակնկալիքներին։ Այս համատեքստում պատգամավորը նաև հետաքրքրվեց ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հայտարարության մի դրվագի մասին՝ նկատելով․ «Կարծես թե հնչեց առաջարկ, որ այդ հարթակը դառնա նաև հարթակ խաղաղության պայմանագրի վերաբերյալ․ սա առաջա՞րկ էր, թե՞ ոչ, և ի՞նչ կարծիքի եք սրա մասին»։
Արգործնախարարն ի պատասխան՝ նախ հիշեցրեց, որ 3+3-ը տարածաշրջանային խորհրդատվական հարթակ է, ապա հավելեց․ «Մեկ անգամ չէ, որ մենք ասել ենք՝ կարևորում ենք հարևանների հետ հարաբերությունները, իրավիճակը մեր շուրջը և ձգտում ենք զարգացնել այն գործընկերների հետ հարաբերությունները, ում հետ ունենք հարաբերություններ, և կարգավորել այն հարևանների հետ հարաբերությունները, ում հետ չունենք այդ հարաբերություններն այժմ։
Մենք առաջին պահից էլ մասնակցել ենք 3+3 հարթակի աշխատանքներին, և կարծում եմ, որ կշարունակենք մասնակցել․ կրկին մենք կարևորում ենք տարածաշրջանում մեր հարևանների հետ մեր հարաբերությունները»։
Ինչ վերաբերում է հարցին, թե ինչպես կարող է այս հարթակը լինել կամ չլինել Հայաստան-Ադրբեջան բանակցությունների հարթակ, ապա Արարատ Միրզոյանն ընդգծեց, որ այդ առաջարկը դրված էլ չէ սեղանին, և եթե լինի էլ, նպատակահարմար չեն գտնի դրական արձագանքել, որովհետև Ադրբեջանի հետ ունեն բանակցությունների երկկողմ ձևաչափը։
«Այլ բան, որ, ինչպես տարբեր բազմակողմ միջոցառումների ընթացքում, այնպես էլ՝ 3+3-ում, տարբեր երկրների նախարարներ օգտագործում են միաժամանակ մի տեղում լինելու առիթը, և իրենց երկկողմ հանդիպումները և բանակցությունները ևս ունենում են։ Այս անգամ մենք էլ Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ բացառություն չէինք․ մենք ունեցանք բանակցությունների հերթական ռաունդը, կենտրոնացանք Խաղաղության պայմանագրի տեքստի վրա, փորձեցինք էլի դրական զարգացում ապահովել և մոտեցնել հնարավոր շուտափույթ պայմանագրի կնքումը»,- պարզաբանեց նա։
Այս համատեքստում անդրադառնալով Ադրբեջանից շարունակ հնչող հայտարարություններին, որոնք հայկական կողմին մեղադրում են խաղաղության գործընթացը ձգձգելու ու խաղաղություն չցանկանալու մեջ՝ արտաքին գերատեսչության ղեկավարը նշեց․
«Առաջին անգամ չէ, որ մենք ոչ կառուցողական հռետորաբանություն ենք նկատում պաշտոնական Բաքվից։ Սա որևէ կերպ մեզ չի շեղում մեր ռազմավարությունից՝ համբերատար, կառուցողական, ակտիվ կերպով աշխատել՝ օր առաջ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորումը, խաղաղության պայմանագրի ստորագրումն իրականություն դարձնելու համար։
Ի դեպ, շատ խորհրդանշական է, և այսօր ձեր քվեարկությունից հետո արդեն լիարժեքորեն կարող ենք ասել, որ մենք արդեն ունենք պատմության մեջ առաջին իրավական փաստաթուղթը՝ կնքված երկու երկրների միջև։ Այդ փաստաթուղթն արդեն հիմք է դնում, հստակ պատկերացում է տալիս երկու երկրների կողմից միմյանց տարածքային ամբողջականության ճանաչման մասին, սահմանների ու նաև՝ հետագա սահմանազատան մասին։ Այնպես որ՝ ես կարող եմ միայն վերահաստատել մեր դիրքորոշումը և կրկին կոչ անել մեր հարևաններին՝ ավելի կառուցողական ներգրավվել բանակցություններում»։
Թուրքիայի մասին հարցադրմանն ի պատասխան էլ՝ Արարատ Միրզոյանը վստահեցրեց, որ երկխոսությունը ևս դրական հունով է զարգանում․ առկա է շոշափելի առաջընթաց, այդ թվում՝ և՛ օդային տարածքից օգտվելու, և՛ այլ հարցերում։
«Կան վստահության ամրապնդման ուղղված որոշակի միջոցառումներ, որոնք պլանավորում ենք համատեղ անել։ Իհարկե, մենք ունենք պայմանավորվածություն, ըստ որի՝ սահմանը մասնակի գոնե պետք է բաց լիներ․ ցավոք, այժմ դա դեռ իրականություն չէ, բայց մենք կաշխատենք այդ ուղղությամբ»,- տեղեկացրեց նա։
Մանրամասները՝ տեսանյութում