Վրացական ընտրություններն ու տարածաշրջանային հեռանկարները, ի՞նչ սպասել Հայաստանում. պարզաբանում է Վիգեն Հակոբյանը

Վրաստանում հոկտեմբերի 26-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին ընդառաջ՝ Թբիլիսիում «Վրաստանն ընտրում է Եվրամիությունը» կարգախոսով բազմահազարանոց հանրահավաք անցկացվեց։

Ի թիվս այլ ուղերձների՝ վրացահայ ակտիվիստ Գիորգի Թումասյանը, օրինակ, ուղիղ տեքստով հայտարարեց, որ հարևան Հայաստանի եվրոպական ապագան կախված է Վրաստանի առաջիկա խորհրդարանական ընտրություններից։ Ի դեպ, այս թեզը վերջին շրջանում բավականին ակտուալ է արևմտամետ հանրային ու քաղաքական շրջանակներում։

Թե ինչպե՞ս կազդեն վրացական ընտրությունները Հայաստանի արտաքին ու ներքին քաղաքական օրակարգերի վրա՝ 168am-ը հետաքրքրվել է քաղտեխնոլոգ, վերլուծաբան Վիգեն Հակոբյանից։

Մեր հարցադրումներին ի պատասխան՝ քաղտեխնոլոգը նախ նկատեց, որ այս ընտրությունները բավականին լուրջ ազդեցություն կարող են թողնել Հայաստանում իրավիճակի վրա՝ հաշվի առնելով տարածաշրջանում արտաքին քաղաքական ազդեցությունների կոնֆիգուրացիայի փոփոխությունը։

Կարդացեք նաև

«Եթե նախկինում համարվում էր, որ տարածաշրջանում Ռուսաստանի միակ ռազմավարական դաշնակիցը, ինչպես հենց ռուսներն էին ժամանակին ասում՝ «ֆորպոստը», Հայաստանն է, ապա մանավանդ 2018 թվականից սկսած՝ մենք նկատում ենք, որ որոշակի կոնֆիգուրացիայի փոփոխություն է տեղի ունենում․ ՌԴ-ն փորձում է առավել դիվերսիֆիկացնել իր հարաբերությունները Հարավային Կովկասի երկրների հետ, ընդ որում, շատ դեպքերում օգտագործելով հենց այդ երկրների որոշ ղեկավարների վարած քաղաքականությունը՝ ինչպես Սահակաշվիլու, այնպես էլ՝ այժմ Փաշինյանի պարագայում,- պարզաբանեց Վիգեն Հակոբյանը՝ մանրամասնելով,-

Այսինքն՝ այնպիսի տպավորություն է, որ ՌԴ-ն «պոդդավկի» (զիջախաղ) է խաղում. Սահակաշվիլին էր ժամանակին ՌԴ-ին հնարավորություն տալիս տարածաշրջանում ավելի կոշտ գործելու համար, իսկ 2018 թվականից հետո, փաստորեն, Նիկոլ Փաշինյանն է իր վարած քաղաքականությամբ ու հայտարարություններով հնարավորություն տվել ՌԴ-ին՝ արդարացնելու իր քաղաքական կուրսի դիվերսիֆիկացումը մեր տարածաշրջանում»։

Վերլուծաբանն այս համատեքստում խոսեց նաև տարածաշրջանում առկա իրավիճակի մասին՝ հիշեցնելով, որ այժմ Ռուսաստանը բավականին բալանսավորված հարաբերություններ ունի Ադրբեջանի հետ՝ նկատի ունենալով նաև 2022 թվականից հետո ռազմավարական դաշնակցային պայմանագրի կնքումը, ինչպես նաև այն, որ փոխադարձ շահերի հարթությունը շոշափող հարաբերություններ է փորձում պահել Վրաստանի հետ։

«Վրաստանը ևս վարում է պրագմատիկ ու դիվերսիֆիկացված քաղաքականություն․ այն, ինչը Հայաստանը վարում էր մինչև 2018 թվականը, այն, ինչը մեծ տանջանքով Հայաստանին հաջողվեց մարսեցնել թե՛ Արևմուտքին, թե՛ Ռուսաստանին։

Եթե Վրաստանում իշխանությունը պահպանի այսօրվա քաղաքական ուժը՝ «Վրացական երազանքը», ապա այդ պարագայում, ըստ էության, Հարավային Կովկասում Ռուսաստանը ստանում է նաև իր նկատմամբ անհամեմատ լոյալ Վրաստան։ Այսինքն՝ և՛ Ադրբեջանը, և՛ Վրաստանը Ռուսաստանի համար դառնում են կանխատեսելի և բավականին հեռանկար ունեցող գործընկերներ։

Հայաստանն այս իրավիճակում ինչ-որ կերպ մեկուսացվում է իր, այսպես կոչված, իբր աևմտյան վեկտորի քաղաքականությամբ։ Սա, կարծում եմ, կարող է երկու տարբերակ ենթադրել․ Վրաստանի և Ադրբեջանի հետ հարաբերությունները կարգավորելուց հետո Ռուսաստանը կարող է փորձել Հայաստանում իր ազդեցությունը վերականգնել, այդ թվում՝ ՀՀ ներքին քաղաքական զարգացումների վրա իր ազդեցությունն ուժեղացնելով, ուշադրություն դարձնելով տարաբնույթ ընդդիմադիր շարժումների վրա, մյուս տարբերակը՝ ՌԴ-ում կարող են մտածել, որ Հայաստանի օրվա իշխանությունն այլ ելք չի ունենալու, քան նորից կտրուկ շրջադարձ անել դեպի Ռուաստան»,- նշեց Վիգեն Հակոբյանը։

Ըստ նրա՝ Հայաստանն այժմ այնպիսի իրավիճակում է, երբ արտաքին ազդակները շատ ավելի մեծ նշանակություն ունեն Հայաստանում ներքին քաղաքական զարգացումների վրա, քան բուն ներքին քաղաքական տենդենցները։

Մեր հստակեցմանը՝ այսինքն՝ ընդդիմությունը և՞ս սպասում է արտաքին ազդակների, գուցեև արտաքին աջակցությա՞ն՝ քաղտեխնոլոգն արձագանքեց․ «Կարծում եմ՝ ընդդիմությունը շատ լավ հասկանում է այսօրվա տարածաշրջանային հեռանկարների կարևորությունը։ Այդ նույն հաշվարկներն ընդդիմությունն էլ է անում և հասկանում է՝ կարող է այնպիսի կոնֆիգուրացիա ստեղծվել Հարավային Կովկասում, որի պայմաններում այսօրվա իշխանությունների վարած քաղաքականությունը դիսոնանսի մեջ կմտնի Հարավային Կովկասում տեղի ունեցող զարգացումների հետ»։

Տեսանյութեր

Լրահոս