Human Rights Watch-ը պատերազմական հանցագործություն է որակել Արևմտյան ափում Իսրայելի գործողությունները
Իսրայելի կողմից Արևմտյան ափի փախստականների երեք ճամբարներից 2025 թվականի սկզբին տասնյակ հազարավոր պաղեստինցիների բռնի տեղահանումը հավասարազոր է պատերազմական հանցագործությանը և մարդկության դեմ ուղղված հանցագործությանը։ Այս մասին ասվում է իրավապաշտպան Human Rights Watch կազմակերպության՝ նոյեմբերի 20-ին հրապարակած զեկույցում։
Human Rights Watch-ի 105 էջանոց զեկույցում նշվում է, որ 2025 թվականի հունվարին ու փետրվարին Ջենին, Թուլքարմ ու Նուր Շամս ճամբարներից 32 հազար մարդ է բռնի տեղահանվել իսրայելական «Երկաթե պատ գործողության» շրջանակում։ Տեղահանվածներին արգելվել է հետ վերադառնալ, հարյուրավոր տներ ոչնչացվել են։
«Մինչ համաշխարհային ուշադրությունը կենտրոնացած էր Գազայում, Իսրայելի ուժերը իրականացրել են պատերազմական հանցագործություններ, մարդկության դեմ հանցագործություններ ու էթնիկ զտում Արևմտյան ափում, ինչը պետք է հետաքննության առարկա դառնա ու արժանանա պատժի»,- նշել է Human Rights Watch-ի ավագ հետազոտող Նադիա Հարդմանը։
Human Rights Watch-ը հարցազրույց արել երեք ճամբարներից տեղահանված 31 պաղեստինցի փախստականների հետ, վերլուծել է արբանյակային պատկերները և Իսրայելի զինվորականների կողմից կատարված ոչնչացման հրամանները, որոնք հաստատում են լայնածավալ ավերածությունները:
Հետազոտողները նաև վերլուծել և ստուգել են Իսրայելի ռազմական գործողությունների տեսանյութերն ու լուսանկարները:
Կազմակերպությունը նշել է, որ Ժնևի կոնվենցիաները արգելում են քաղաքացիական անձանց տեղահանումը օկուպացված տարածքից, բացառությամբ դեպքերի, երբ պետք է տեղահանումը լինի ժամանակավորապես՝ ռազմական պատճառներից կամ բնակչության անվտանգության նկատառումներից ելնելով։ Տեղահանված քաղաքացիական անձինք իրավունք ունեն պաշտպանության, կացարանի և վերադառնալու, հենց ռազմական գործողությունները դադարեն։ Մինչդեռ տեղահանված պաղեստինցիներին չի թույլատրվել վերադառնալ իրենց բնակավայրեր։
«Իսրայելի բարձրաստիճան պաշտոնյաները, այդ թվում՝ վարչապետ Բենիամին Նեթանյահուն և պաշտպանության նախարար Իսրայել Կացը, պետք է հետաքննվեն փախստականների ճամբարներում իրականացված գործողությունների համար և համապատասխան քրեական հետապնդման ենթարկվեն պատերազմական հանցագործությունների և մարդկության դեմ ուղղված հանցագործությունների համար։ Կառավարությունները պետք է սահմանեն թիրախային պատժամիջոցներ և ձեռնարկեն այլ անհապաղ գործողություններ՝ Իսրայելի իշխանությունների նկատմամբ ճնշում գործադրելու համար՝ դադարեցնելու նրանց բռնաճնշողական քաղաքականությունը»,- ասվում է Human Rights Watch-ի հայտարարության մեջ։

