Ալիևից կախված Փաշինյանն այլընտրանք չունի, գնալու է զիջումների. դա է իշխանության մնալու երաշխիքը. Վահագն Մելիքյան

Թեև մեկ տարուց ավելի է՝ Նիկոլ Փաշինյանի առաջարկած «Խաղաղության խաչմերուկ» բրոշյուրը որևէ միջազգային լուրջ հարթակում քննարկման առարկա չի դառնում, միևնույն է՝ նա պնդում է՝ իր առաջարկած բրոշյուրը համաշխարհային մակարդակի լուծում է։

Այդ մասին Փաշինյանը հայտարարել էր այս շաբաթ «Խաղաղության խաչմերուկ. միավորելով անվտանգությունն ու ժողովրդավարությունը» համաժողովի ժամանակ՝ միաժամանակ շեշտելով՝ համաշխարհային մակարդակի այդ լուծմանը, բացի Իրանից, որևէ այլ երկիր համաձայն չէ։

«Իսկ Բաքուն ուզում է, որ ՀՀ-ի ճանապարհներն օգտագործելի լինեն իր համար, բայց միևնույն ժամանակ՝ ՀՀ-ն մնա շրջափակման մեջ»,- ասել է նա։

Ինչ վերաբերում է իր իսկ ստորագրած նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետին, ապա Փաշինյանը նշել է, որ թեև հաճախ փորձ է արվում տպավորություն ստեղծել, թե այդ հայտարարության 9-րդ կետն Ադրբեջանի շրջանների և Նախիջևանի կապի մասին է, սակայն դա այդպես չէ։

Կարդացեք նաև

«Դա այդպես չէ: Այդ կապն 9-րդ կետի ենթավերնագիր է: Իսկ 9-րդ կետը տարածաշրջանի բոլոր տնտեսական և տրանսպորտային կապուղիների ապաշրջափակման մասին է, և մեկը մյուսից անջատ քննարկելն ուղղակի անտրամաբանական է և անհնար»,- ասել է Փաշինյանը։

168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում «Դիվանագետների համահայկական խորհուրդ»-ի համահիմնադիր, Արտակարգ և լիազոր դեսպան Վահագն Մելիքյանը, խոսելով Փաշինյանի վարած քաղաքականության մասին, խորհուրդ տվեց այդ քաղաքականությունը դիտարկել միայն մեկ հարց լուծելու համատեքստում։

«Փաշինյանը գնալու է զիջումների. այլընտրանք չկա։ Զիջում ասելով՝ պետք է նկատի ունենանք, որ ամեն զիջումը փոխկապակցված է իշխանությանը մնալու երաշխիքի հետ։ Զիջումն իշխանության մնալու երաշխիքն է։ Ասել, թե նա չի հասկանում՝ ինչ է անում, մոլորություն է։ Պլանավորված և ճանապարհային քարտեզով ինքը շարժվում է առաջ։ Ինքը պայմանավորվում է միայն Ալիևի հետ, որովհետև Փաշինյանի իշխանությունը կախված է Ալիևից. թելադրողն Ալիևն է»,- ասաց Մելիքյանը։

Ինչ վերաբերում է Փաշինյանի առաջարկած «Խաղաղության խաչմերուկին», ապա, ըստ Մելիքյանի, այդ բրոշյուրի վրա աշխարհի տարբեր կենտրոններում ուղղակի ծիծաղում են։

«Փաշինյանը մեկ նպատակ ունի՝ մնալ իշխանության՝ տարածք հանձնելո՞ւ, թե՞ պետականության կորստի գնով, իր համար մեկ է։ Իր այդ առաջարկած խաչմերուկը ոչ մի բան է, չկա դրա տակ դրված որևէ հիմնավորված թվային վերլուծություն։ Եթե սա համաշխարհային մակարդակի առաջարկ լիներ, ապա համաշխարհային լուրջ խաղացողները և այն մայրաքաղաքները, որոնք այս տարածաշրջանում ունեն իրենց շահերը, կյանքի կկոչեին այդ «Խաղաղության խաչմերուկը»։ Այսինքն՝ սա նշանակում է, որ կուլիսայինը Սյունիքն է։ Շան գլուխը թաղված է այնտեղ, որ այս «Խաղաղության խաչմերուկի» հետևում աշխարհաքաղաքական բախում է. այստեղ բախվում են Արևմուտքն ու Ռուսաստանը, Իրանի գործոնն է մեծ, դրա համար որևէ մեկը դա չի ուզում վերցնել և կյանքի կոչել այն։ Հետևապես՝ իր այդ առաջարկածն ընդամենը ներքին սպառման խնդիր ունի»,- ընդգծեց Վահագն Մելիքյանը։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում։

Տեսանյութեր

Լրահոս