Իրանի նոր ռազմավարությունն ԱՄՆ-ի հետ դիմակայությունում
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարած՝ Իրանի նկատմամբ բազմաթիվ կոշտ պատժամիջոցներ սահմանելու միջոցով ճնշման միջոցները Թեհրանի կողմից պատասխան արձագանք են առաջացրել։
Համաշխարհային ԶԼՄ-ները մեջբերում են Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեիի հայտարարությունը, որում նա կոչ է արել շտապ միջոցներ ձեռնարկել գնաճի և գործազրկության դեմ պայքարի, ներդրումների և արտադրության ավելացման, ինչպես նաև տնտեսական անկախության բարձրացման համար։
Իր հերթին՝ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հեռուստատեսային հարցազրույցում հայտարարել է, որ Իրանը բանակցություններ կվարի Միացյալ Նահանգների հետ, սակայն զգուշավոր է մնում Վաշինգտոնի նկատմամբ։ Նա ընդգծել է, որ Թեհրանը կկատարի իր պարտավորությունները, բայց միայն ստանձնած պարտավորությունների փոխադարձ հարգանքի պայմանով։ Այս մասին հայտնել է «Սինհուա» գործակալությունը։
Պետական լրատվամիջոցների տարածած հայտարարության մեջ կառավարությունը հայտարարել է, որ կենտրոնանալու է գնաճը զսպելու, աշխատատեղեր ստեղծելու, ներքին արտադրությանն աջակցելու և դոլարից կախվածությունն աստիճանաբար նվազեցնելու վրա։
Սակայն Թեհրանն ունի նաև իր «հաղթաթուղթը», որի մասին պաշտոնական ելույթներում չեն հիշատակում։ Մի շարք փորձագետների կարծիքով՝ Իրանը կարող է պատերազմն ուղղակիորեն տեղափոխել ամերիկյան հող՝ կիբերհարձակումների միջոցով, որոնք ուղղված են կրիտիկական ենթակառուցվածքներին, ինչպիսիք են ջրամատակարարումը, էլեկտրակայանները, խողովակաշարերը և արդյունաբերական համակարգերը։
Թեհրանը տարիներ շարունակ զարգացրել է իր կիբերհնարավորությունները, հատկապես Իրանի միջուկային ծրագրի վրա Stuxnet-ի հարձակումից հետո։ Իրանի հետ կապված խմբերն արդեն մեղադրվում էին ամերիկյան ջրային համակարգերի և ընկերությունների վրա հարձակումների մեջ, և վերլուծաբաններն ակնկալում են կիբերլրտեսության, սաբոտաժի և տեղեկատվական գործողությունների ավելի մեծ օգտագործում։
Մասնագետների կարծիքով՝ ամենամեծ վտանգը հարձակումների հաջորդական ալիքն է, այլ ոչ թե եզակի «կիբեր-Փերլ Հարբորը»։ Փոքր, բայց կրկնվող հարվածների միջոցով Իրանը կարող է անապահովության զգացում ստեղծել, հյուծել ամերիկյան հասարակությունը և մեծացնել ճնշումը՝ պատերազմը դադարեցնելու համար։ Իրանական նպատակաուղղված կիբերարշավը կարող է հարված հասցնել Միացյալ Նահանգների սրտին և հնարավոր է՝ հնարավորինս կործանարար լինի՝ ինչպես ազգային անվտանգության, այնպես էլ՝ առօրյա կյանքի համար։
Վերջին հաղորդագրություններն արդեն Իրանին կապում են հուլիսին տեղի ունեցած հաքերային հարձակումների հետ, որոնք շարքից հանել են Մեծ Բրիտանիայի էլեկտրակայանը և ԱՄՆ-ում մինչև 30 ջրամատակարարման համակարգեր։ Ֆրենկ Չիլուֆոն՝ ԱՄՆ ներքին անվտանգության նախարարության նախկին աշխատակից և այժմ Օբերնի համալսարանի (Ալաբամա) կիբերանվտանգության և կրիտիկական ենթակառուցվածքների պաշտպանության ինստիտուտի տնօրենը, Newsweek-ին տված հարցազրույցում ասել է. «Դա կարող է հանգեցնել մեր տնտեսության և կրիտիկական ենթակառուցվածքների խոցելիության որոնմանը, վնաս հասցնել ռազմի դաշտից հեռու և անորոշություն ստեղծել, թե երբ և որտեղ է հասցվելու հաջորդ հարվածը»։
Ամերիկացիների համար էլ ավելի անհանգստացնող սցենարը, Չիլուֆոյի խոսքով, կարող է ներառել Իրանի՝ անօդաչու թռչող սարքերի և հրթիռների միջոցով հարվածներ հասցնելու ֆիզիկական կարողությունների համադրումը կիբեր բաղադրիչի կիրառման հետ։ Հնարավոր է նաև արհեստական ինտելեկտի օգտագործումը՝ միաժամանակ ֆիզիկական և թվային թիրախների վրա ճնշում գործադրելու համար։
Շատ դեպքերում Իրանի հետ կապված ենթադրյալ կիբեր գործողությունները վերագրվում են միջնորդ խմբերին, այդ թվում՝ իրանական կիբեր բանակին, որն առաջին անգամ իր մասին հայտարարել է 2009 թվականին։ Այդ ժամանակից ի վեր հայտնվել են բազմաթիվ նմանատիպ խմբեր, այդ թվում՝ APT (Advanced Persistent Threat) 33 (Elfin Team), APT 34 (Helix Kitten), APT 42 (Mint Sandstorm) և MuddyWater։
Իրանի հետ կապված հաքերները մեղադրվում էին 2013-ին Նյու Յորքի ամբարտակի վրա տեղի ունեցած ավելի վաղ կիբերհարձակումների, իսկ տասը տարի անց՝ Փենսիլվանիայի տեղական ջրային ընկերության վրա իրականացված հարձակման մեջ։ Երկրորդ հարձակումն իրականացվել է մի խմբի կողմից, որն իրեն անվանում է CyberAv3ngers։ Սա մեկն է այն մի քանի թիմերից, որոնք հայտնվել են 2023 թվականի հոկտեմբերին Գազայում պատերազմի սկսվելուց հետո։
Մեկ այլ խումբ, որը հայտնի է որպես Handala Hack Team, ստանձնել է Մերձավոր Արևելքի գրեթե եռամյա ճգնաժամի ընթացքում մի շարք հարձակումների պատասխանատվությունը։ Դրանցից, թերևս, ամենանշանավորն ամերիկյան Stryker Corporation բժշկական ընկերության համակարգերի անջատումն էր այս տարվա մարտին՝ ԱՄՆ-ի, Իսրայելի և Իրանի միջև պատերազմի սկսվելուց անմիջապես հետո։
Բոլորովին վերջերս իրանական Tasnim կիսապաշտոնական լրատվական գործակալությունը հաղորդել է, այսպես կոչված, «կիբերաջակցության ճակատի» գործողության մասին՝ իսրայելական Novamill ընկերության ցանց ներթափանցելու համար, որը, պնդում են, զբաղվում է սպառազինության համակարգերի արտադրությամբ։
Ջորջթաունի համալսարանի դիվանագիտական ծառայության դպրոցի պրոֆեսոր Մայքլ Սուլմայերը, ով նախկինում զբաղեցնում էր կիբերքաղաքականության հարցերով նախարարի օգնականի և Պենտագոնի կիբերանվտանգության հարցերով գլխավոր խորհրդականի պաշտոնները, վերջերս Foreign Policy-ին տված հարցազրույցում նախազգուշացրել էր արհեստական ինտելեկտի միջոցով կիբերհարձակումների արագ զարգացող հնարավորություններին Միացյալ Նահանգների հարմարվելու դանդաղ տեմպերի մասին։ Նա նշել է, որ որոշ համակարգեր տարիներ են պահանջում, որպեսզի համարժեքորեն թարմացվեն ժամանակակից սպառնալիքների մակարդակին։
Կիբերտարածքում հարվածների իրականացումը ոչ միայն բացառապես ռազմական, այլև անկազմակերպ ազդեցություն ունի հակառակորդի վրա։ Ամերիկյան հասարակությունը, որը սովոր է ապրել որոշակի հարմարավետության պայմաններում, շատ շուտով կսկսի ցույց տալ իր դժգոհությունը։ «Արդյո՞ք մեզ պետք է Իրանի հետ այս պատերազմը», ամենայն հավանականությամբ, կհնչի արդեն ԱՄՆ Կոնգրեսի առաջիկա միջանկյալ ընտրություններում։ Անշուշտ, Վաշինգտոնից և Պենտագոնից «բազեներին» կանգնեցնելու նման միջոցը Թեհրանի կողմից դիտարկվում է առաջին հերթին։
Գեորգի Տոպալով
Թարգմանությունը՝ Ժաննա Ավետիսյանի

